«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2003-10-14 | #187, 2003-10-15 | #188, 2003-10-16


ՀԱՃԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՄԵՆԻԱ Ի ՄԻՐ» ՀԱՆԴԵՍԻ ԷՋԵՐՈՒՄ

«Արմենիա ի միր» հանդեսը լույս է տեսնում Մոսկվայում ոչ այնքան կանոնավոր հաճախականությամբ։ Հրատարակման նման պարբերականությունը կախված է հայտնի պատճառներից։ «Ազգ» օրաթերթը վերջերս ստացավ հանդեսի 8-րդ համարը, որի էջերի մեծ մասը, անշուշտ հովանավորչական ակնկալություններով նվիրված է այսօրվա հայ խոշոր գործարարներին։ Ընթերցողների լայն շրջանակների հետաքրքրությունն, անշուշտ, կշարժեն այսօրվա հայ մի քանի մեծահարուստների անձնական, ընտանեկան սովորույթների որոշ մանրամասներ։ Սոցիալապես անբավարար մեր հասարակության ֆոնին, սակայն, տարբեր վերաբերմունքի կարժանանան հիշյալ մանրամասները։

Խաչատուր Սուքիասյանը եւ իր ընտանիքը. հայ գործարարի մտորումներն անկախության տարիների, տնտեսության եւ բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սփյուռքի մասին որոշակի իրատեսական են։ Հաշվի առնելով Հայաստանի ինտելեկտուալ ներուժըՙ գործարարը գտնում է, որ այսօր մեր երկիրը բոլոր նախադրյալներն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար։ Արտերկրյա հայության եւ արտագաղթի մասին մտահոգություններով հանդերձ, նա հետաքրքրական մոտեցումներ է ցուցաբերում այս հարցերին։ Հայերը, ըստ նրա, հիմնականում զարգացած երկրներ են գնում, եւ օտար մշակույթների, բարքերի հետ շփումները նոր արժեքներ, նոր մշակույթ կձեւավորեն ու ավելի համընթաց կդարձնեն հայերի ինտեգրացիան համաշխարհային զարգացումներում։

Իր ընտանիքը Խ. Սուքիասյանը համարում է ավանդական։ Հայրը, երեք եղբայրները եւ ինքն ապրում են համատեղ 5 հարկանի կառույցում։ Այսօրվա իրենց հաջողությունների համար պարտական են հորըՙ Ալբերտ Սուքիասյանին։

«Նրանք ուժեղ են, հարուստ եւ հանրահայտ։ Սակայն այդ հարստությունը եւ հաջողությունը, որոնց մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել, երկնքից չի ընկել։ Ընտանիքի հորՙ Ալբերտ Սուքիասյանի կարգախոսն է. «Աշխատանքից ավելի լավ ես ոչինչ չգիտեմ»։

Հայ գործարարների շարքը լրացնում են Երեւանի գարեջրի գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, որը ներկայացված է որպես հայ ամենաինտելիգենտ բիզնեսմեն, եւ ամենահամակրելի բիզնեսմեն-զույգըՙ Հարություն եւ Կարինե Փամբուկյանները։ Ընտանեկան լուսանկարների հարեւանությամբ Կարինե Փամբուկյանը բնութագրված է այսպես. «Անհնար է ուշադրության չարժանացնել արծաթափայլ «Աուդիի» ղեկին նստած հմայիչ շիկահերին։ Երեւանյան փողոցներում այնքան էլ շատ չեն շիկահերները եւ «Աուդի TT»-ները։ Երկու երեխաների երջանիկ մայրը Երեւանի ամենաէլեգանտ ռեստորաններից մեկի տնօրենուհին է»։

Հանդիպումների շարքը լրացնում է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանի եւ իր կնոջՙ Ելենա Սմբատյանի մասին հրապարակումը։ Հայաստանի գործարար աշխարհը հարստացնում է Երեւանի կոնյակի գործարանը, որի տնօրեն Պիեռ Լարեչի հետ ընդարձակ հարցազրույց է տպագրված հանդեսում։ Մինչ այդ կատարված է պատմական անդրադարձ. «Գինեգործության հանճար ռուսական ոգելից մտքի հսկաներից մեկինՙ Նիկոլայ Շուստովին եւ նրաՙ 1899 թ. 50 հազար ռուբլով Երեւանի կոնյակի գործարանի գնման փաստին, բիզնեսի սկզբնավորմանը եւ բարգավաճմանը»։

Հանդեսի «հոգեւոր-մշակութային» հատվածում ընթերցողին ուշագրավ հանդիպում է սպասում իտալացի գրող, թարգմանիչ եւ գրականագետ Ջովանի Գուայտայի հետ։ «Մարդու կյանքը։ Երկրի եւ երկնքի հանդիպումը» գիրքն ամփոփում է իտալացի հեղինակի հարցազրույցները երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի հետ։ Եվրոպական երկրորդ էկումենիկ համաժողովի ժամանակ հայոց եկեղեցու հովվապետն իտալացի հրապարակագրին հետաքրքրել է հատկապես նրանով, որ, չնայած իր հնամենի պատմությանը, սակավաքանակության պատճառով հայոց եկեղեցին եվրոպացիների ընկալմամբ գավառական եւ անկարեւորելի է համարվել։ Սակայն ի զարմանս ներկաներիՙ հայոց հովվապետի ելույթն ամենատպավորիչն է եղել։ Հարցազրույցը հայ ժողովրդի պատմության, նրա հոգեւոր-մշակութային կյանքի, Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ բազմաբնույթ հարցեր է շոշափում։

Մշակութային կյանքին վերաբերող հանդեսի երկու հանդիպումները եւս ընթերցողի համար հետաքրքրական կարող են լինելՙ հարցազրույց կանադացի հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանի եւ կնոջՙ Արսինե Խանջյանի հետ։

Ծանոթությունների սրահում հաճելի անակնկալ է սպասում հանրահայտ «Strangers in the night» երգի հեղինակիՙ Ավո Ուվեզյանի հետ։ Այդ հետաքրքրական հրապարակմանը կանդրադառնանք առանձին։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4