Այս օրենսգրքով իշխանավորներն անխոցելի են դառնում իրենց պաշտոնի «թամբերի» վրա
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Իբրեւ քրեական հանցատեսակներ զրպարտանքի ու վիրավորանքի հայտնությունը ՀՀ քրեական նոր օրենսգրքում տարակարծությունների ու տագնապի ալիք բարձրացրեց հատկապես լրագրողների շրջանում։ Որքանով է արդարացված գրչի մարդուն «նախազգուշացնելը» բանտի ճաղերով, երբ մեր երկիրը նոր-նոր փորձում է հեգել ժողովրդավարության այբուբենի առաջին տառերը, երբ լրագրողի նույնիսկ ամբարտավանության արտահայտությունները մեկ անգամ չէ, որ պատժվել են բիրտ ուժի միջամտությամբ։ «Ազգ»-ի զրուցակիցն է Հայաստանի փաստաբանների միության անդամ Ռոբերտ Գրիգորյանը։
- Նախ սկսենք սահմանումից։ Որքանո՞վ են լիարժեք զրպարտության ու վիրավորանքի սահմանումները, հնարավո՞ր է դրանք առնել բանաձեւի մեջ։
¬ Քրեական օրենսգրքի համաձայն զրպարտությունը ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող արտահայտություններն ու գործողությունները կամ ակնհայտ սուտ տեղեկություններն են։ Սահմանումը, ինչպես տեսնում եք, շատ անորոշ է, եւ որեւէ տեղեկություն կամ հաղորդում կարող է այդպիսին համարվել կամ չհամարվել։ Այսինքն, այնպիսի չափորոշիչներ, որոնց միջոցով կարողանանք որոշել, թե այս արտահայտությունը զրպարտություն է, թե ոչ, օրենսդիրն ուղղակի չի թվարկում։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կոնկրետ դրսեւորումը պիտի հաշվի առնվի, բայց նույնիսկ այս հանգամանքն էլ բավարար չէ, որովհետեւ յուրաքանչյուր անձ անհատականություն է, որ իր սեփական մեկնակետն ու վերաբերմունքն ունի մարդկանց եւ հասարակական տարբեր երեւույթների նկատմամբ։
Մեկի համար «ապուշ» բառը կարող է իբրեւ վիրավորանք հնչել, մյուսը հնարավոր է, որ դրան հումորով վերաբերվի, մտածելով, որ գրողն ինքն է ապուշ։ Մեկը տվյալ արտահայտությունից կվիրավորվի, մյուսըՙ ոչ։ Եւ անպայման պետք է տուժողի գնահատականը պարզ լինի, թե որքանով է այն համապատասխանում տվյալ հոդվածի պահանջներին։ Օրենսգրքի այդ հոդվածներում օրենսդիրը շատ բան թողել է կիրառողների խղճին ու ինտելեկտին։
- Օրենքի առաջ բոլորը հավասար են, մինչդեռ շարքային քաղաքացիների համար, ում վիրավորանք է հասցրել դարձյալ շարքային քաղաքացին, նախատեսվում է բոլորովին այլ պատժատեսակ։ Եվ նույն ծավալով, նույն հանգամանքներում, նույն դրսեւորումներով վիրավորանքի հանդեպ, եթե ցուցաբերվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ, օրենսգիրքը բոլորովին այլ վերաբերմունք է արտահայտում։
- Ես անընդունելի եմ համարում այն իրողությունը, որ վիրավորանքի ու զրպարտության վերաբերյալ հոդվածները տեղադրվել են տարբեր գլուխների տակ։ Հասարակության հավասար անդամներին այսպիսի «շերտավորման» ենթարկելը, նույն հանցանքը տարբեր մոտեցումներով վտանգավորության տարբեր աստիճաններով որակելը, հակասում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային, որին Հայաստանը միացել է։ Եվ բացի այդ, լրագրողը քննադատում է պաշտոնատար անձին ոչ թե նկատի առնելով նրա անձը, այլ նրա զբաղեցրած պաշտոնը։ Հետեւաբար, վիրավորանքի կրողը ոչ թե անձն է, այլ նրա զբաղեցրած պաշտոնը։ Նրա գործունեւթյունը եւ ոչ թե անձն է քննադատվում։ Մենք խառնում ենք այստեղ վիրավորանքի օբյեկտը։
Ընդ որում, ավելի հեռուն են գնացել. պաշտոններն էլ են առանձին շերտերի բաժանելՙ դատախազին, դատավորին, քննիչին հասցրած վիրավորանքը մի հոդվածի տակ է (թիվ 344), եւ իշխանության ներկայացուցչի դեմ զրպարտությունըՙ այլ (թիվ 318)։
- Օրենքը գրողները չգիտեի՞ն այդ մասին, չե՞ն հասկանում, որ նման տարանջատումն անթույլատրելի է։
- Շատ լավ էլ գիտեին, շատ լավ էլ հասկանում են։ Օրենքի վրա աշխատածների մի մասն այն կարծիքին է, որ քննիչը, դատախազը կամ դատավորը որպես վիրավորանքի կամ զրպարտության սուբյեկտ, առարկա են։ Այդ առարկան նրանց գործունեւթյունն է, եւ վիրավորանքը կամ զրպարտությունը նրանց գործունեության հետ է կապված։ Հետեւաբար, անհրաժեշտ են համարել առանձին դեպքեր առանձնացնել եւ առանձին պատիժ սահմանել։ Բայց վիրավորանքը կրողը այդ գործունեությունը չէ, այլ անձը, որը սովորական մարդ է, քաղաքացի։ Հետեւաբար, տվյալ դեպքում առարկան մարդու հետ նույնացնելը ճիշտ չէ։ Գործունեությունն այլ է, այդ գործունեւթյունն իրականացնող սուբյեկտըՙ այլ։
- Եթե պաշտոնն է քննադատվում կամ դրա տակ հասկացվող գործունեությունը, ապա որն է լրագրողի մեղքը։ Շատ-շատերի մտավախությունը կապվում է չարաշահումների, օրենքը լրագրողի հետ հաշիվներ մաքրելու միջոց դարձնելու հավանականության հետ։
- Բացառապես լրագրողի հոդվածը դեռեւս բավարար հիմք չէ զրպարտություն համարելու, միանշանակ այդպիսի գնահատական տալու համար։ Այն դեռ պետք է ստուգվի դատական ատյանի կողմից, թե որքանով է համապատասխանում իրականությանը։ Ես միանգամայն համաձայն եմ այն տեսակետներին, որ լրագրողին չպետք է քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետեւ նա ընդամենը օգտագործում է իր ստացած տեղեկությունը (որն, անշուշտ, պետք է ստուգված լինի), եւ ոչ թե նստում, մտածում է, որ այս պաշտոնյայի դեմ ես անպայման պետք է վատ հոդված գրի, որովհետեւ նրա նկատմամբ վատ է տրամադրված։ Մամուլի օրենքն էլ այս առումով որոշակի պատասխանատվություն ու պարտավորություններ է ներկայացնում լրագրողին (թե ինչ նախապայմաններ բավարարելուց հետո պիտի լույս ընծայի հոդվածը), այնպես որ լրագրողի նկատմամբ կիրառել քրեական օրենսգրքի այս հոդվածները, նույնն է, թե ընդդիմանալ խոսքի ազատությանը։ Եթե հոդվածը լույս է տեսել խախտելով մամուլի մասին օրենքի պահանջները, ապա լրագրողը պետք է պատասխանատվություն կրի այդ նույն օրենքով, ոչ թե քրեական պատժի ենթարկվի։ Կամա թե ակամա թացն ու չորը խառնելու լայն հնարավորություններ են առաջանում։
- Այդ հոդվածները կարելի՞ է հասկանալ որպես անուղղակի գրաքննության քողարկված արտահայտություն։ Չե՞ք կարծում, որ օրենքի կիրառման հենց առաջին օրինակները վախի մթնոլորտ կստեղծենՙ ամլացնելով լրագրությունը։
- Սա խոսքի ազատության սահմանափակում է, ոչ թե գրաքննություն։ Որովհետեւ զգուշացնում ենՙ դուք ամեն բան իրավունք չունեք ասելու, որովհետեւ եթե իշխանավորիս դուր չեկավ ասածդ, ես դա կարող եմ վիրավորանք համարել։ Եթե ունեն զրպարտության ու վիրավորանքի մասին հոդվածներով զենքը, որով մարդուն կարող են ստիպել ձեռ քաշել հոդված գրելուց կամ առանձին արտահայտությունների կամայական մեկնաբանումներ տալ, ապա իսկապես այդպիսի միջավայր կստեղծվի։ Որեւէ մեկին ուղղված «անտաշ» որակումը, օրինակ, վիրավորանք համարել, եւ դրա համար մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել, առնվազն դաժանություն է։ Անտաշ նշանակում է ընդամենըՙ չհղկված։ Եվ մենք կունենանք դատվածների հսկայական մի բանակ։ Համոզված եմ, որ այդ դեպքում բոլոր թերթերը կսկսեն կմկմալ, թերասել։ Բայց եթե ամեն տեղեկություն տալիս լրագրողը անընդհատ պիտի վախենա ու կասկածի, թե գրածը կարող է այլ կերպ ընկալվել, նրա գրածն էլ բանի պետք չի լինի, եւ թերթն էլ պահանջարկ չի ունենա։
- Դուք ի՞նչ լուծում եք տեսնում։
- Իհարկե, զրպարտության ու վիրավորանքի համար ընդհանրապես պատիժ չնախատեսելը նույնպես ճիշտ չի լինի։ Խնդիրն այն է, որ իբրեւ պատժատեսակ կարելի է կիրառել բարոյական փոխհատուցումը։ Բայց մենք բարոյական վնասի չափորոշիչներ, թե ինչպես, ինչ սկզբունքով պետք է հաշվարկել, չունենք։ Դրսի աշխարհում այս կարգը լայնորեն կիրառվում էՙհամապատասխան օրենքով, որոշակի չափանիշների ու հանգամանքների համակցությամբ որոշակի գումար ու արժեք է հաշվարկվում եւ հաստատվում բարոյական վնասի չափը։ Երբ մենք ընդունենք նման նորմ եւ ճշտենք կատարման մեխանիզմները, այդ ժամանակ հանգիստ կարող ենք նաեւ այդ հոդվածների սանկցիաները փոխարինել դրանով։ Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի խնդիրը լուծել քաղաքացիական, ոչ թե քրեական հարաբերությունների շրջանակներում։ Այսինքնՙ վիրավորվե՞լ ես, դիմում ես դատարան եւ պահանջում բարոյական վնասի գումարի չափը, որը 1-2 տարի ուղղիչ աշխատանքից պակաս պատիժ չէ։
Մ. Նալբանդյանն ասում է. «Մենք ազատակամ նվիրեցինք մեզ աղքատների իրավունքների պաշտպանությանը եւ ոչ հարուստների, որովհետեւ նոքա իրենց արծաթե «թումբերու» տակ միշտ անխոցելի են»։ Հիմա ստացվում է, որ մեր իշխանավորներն անխոցելի են դառնում իրենց պաշտոնի «թամբերի» վրա։
Էլ ո՞վ կհամարձակվի դատավորին ասել, թե ակնհայտ անարդար դատավճիռ է կայացրել, իսկ այդպիսի դատավարություններ մենք անընդհատ ունենք։