Ֆրանսիայի Լիոն քաղաքի հայաշատ արվարձան Դեսինում լույս է տեսել Էդվարդ Մարտիրոսյանի «Հայ մարզիկներ. մեկդարյա հաղթահանդես» գիրքը, որը կարելի է համարել հանրագիտարանային արժեք ունեցող փոքրիկ հրաշալիք։
Գրքի 140 էջերը պատմում են Հայաստանի եւ սփյուռքի հարյուրավոր մարզիկների կարիերայի մասին։ Բազմաթիվ գունավոր լուսանկարներով պատկերազարդված գիրքը տեղեկատվական արժեքավոր աղբյուր է ոչ միայն ֆրանսահայ համայնքի, այլեւ առհասարակ բոլոր հայ մարզասերների համար։ Կարելի է ասել, որ նման գրքի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում։
Առաջաբանի հեղինակը հանրահայտ ֆուտբոլիստ, մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆն է։ Գրքում բազմապիսի տվյալներ կան տարբեր մրցումներում չեմպիոն դարձած եւ բարձր արդյունքների հասած ծագումով հայ մարզիկների վերաբերյալ։ Խոսվում է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, ազգային եւ միջազգային զանազան մրցումների մասին։ Ընթերցողին են ներկայացվում վերջին մեկ դարի ընթացքում ամեն կարգի մրցումներում հայ մարզիկների ձեռք բերած նվաճումները։ Էդվարդ Մարտիրոսյանի գիրքը հայկական մարզաշխարհում հեղինակի կատարած բազմամյա որոնումների եւ մեղվաջան աշխատանքի արգասիքն է։
Պ. Ք.