Զոհված ազատամարտիկների մայրերը դժգոհում են
Երեկ կառավարությունը 1000-ական դրամով ավելացրեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ հաշմանդամներին տրվող տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները։ Եթե նախկինում դրանք կազմում էին 2000 եւ 2500 դրամ, ապա այսուհետեւ կկազմեն 3000 եւ 3500 դրամ։ Այս մասին կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Նա նաեւ անդրադարձավ զինծառայողների, զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող դրամական օգնության գումարներին, որոնց վերաբերյալ նմանապես կառավարությունը համապատասխան որոշում էր ընդունել։ Համաձայն այդ որոշման, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է 1000 դրամ, բայց ամբողջ գումարըՙ ոչ ավելի, քան 4000 դրամ։
Երեկ կառավարության շենքի մուտքի առջեւ հավաքվել էին զոհված ազատամարտիկների մայրերը։ Նրանք բողոքում էին, որ էլեկտրաէներգիայի հին պարտքերի գումարն է իրենցից պահանջվում։ Մինչդեռ համաձայն կառավարության եւ էլցանցերի նոր սեփականատերերի կնքած պայմանագրի, ինչպես տեղեկացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, այդ գումարը նրանցից չպետք է պահանջվեր։ Դրա պատճառը, ըստ նախարարի, այն էր, որ հիշյալ անձանց ցուցակները ճշգրտված չեն։ Այդ հարցի վերջնական կարգավորման համար երեկ վարչապետը հանձնարարական է տվել, եւ Վարդան Խաչատրյանի կարծիքով, հարցը լուծված կարելի է համարել։
Սակայն զրուցելով բողոքավորների հետ, պարզեցինք, որ նրանց դժգոհությունն ավելի ընդհանրական է։ Իրենց որդիներին հայրենիքի պաշտպանությանը զոհ տված այդ մարդիկ պահանջում են, որ կառավարությունը միջոցներ գտնի իրենց արժանավայել կենսամակարդակի ապահովման համար։ Եվ սա այն դեպքն է, երբ նրանց իրավացիության մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իշխանությունները պարտավոր են այս խնդրի լուծման համար միջոցներ գտնել։
Ա. Մ.