Ավելանում են հարցականները
Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ինքնազգացողությունը հոկտեմբերի 15-ին վատացել է։ Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ժամանակ նման «կարեւոր» հայտարարություն արեց Նաիրի Հունանյանը։ Ամբաստանյալն ավելացրեց նաեւ, որ վատ զգալուց հետո քնել է դեղերի օգնությամբ, որեւէ բան չի կարողացել գրել։
Չգրելու հանգամանքը Հունանյանը կարեւորեց, քանի որ լրացուցիչ վկաներ հրավիրելու եւ նյութեր հրապարակելու մասին միջնորդություններ պիտի աներ։ Ուստի խնդրեց նիստը հետաձգել մինչեւ երկուշաբթի։
Հունանյանի պաշտպան Սամվել Մարտիրոսյանը միացավ պաշտպանյալին։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանն էլ Հունանյանի վատառողջության առումով նշեց, թե նա ձեւացնում է։ Սրան ի պատասխան Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ դեռեւս անցյալ շաբաթ ի վիճակի չի եղել մասնակցելու դատավարությանը, բայց մի կերպ մասնակցել է։ Իսկ դերասանություն Հունանյանը չի արելՙ ի տարբերություն ուրիշների։
Սամվել Ուզունյանը նշեց, որ եթե մեկուսարանի բժիշկներն ամբաստանյալին ուղարկել են, ապա գտել են, որ նա ի վիճակի է մասնակցելու դատաքննությանը։ Այս կապակցությամբ էլ Հունանյանը հակադրվող ասելիք ուներ։ Ամբաստանյալը նշեց, որ տարբերություն կա դատաքննության ժամանակ նստելու եւ մասնակցելու միջեւ։ Ընդ որում, ինքը միշտ եղել է ակտիվ, ինչպես եւ ակտիվ է դատավարության ներկա փուլը։ Դատավոր Սամվել Ուզունյանն ասաց, մի՞թե Հունանյանին թվում է միայն ինքն է աշխատում։ Ուստի Ուզունյանն առաջարկեց հետեւել, թե ինչպես են աշխատում դատավարության մյուս մասնակիցները։
Ինչեւէ, նիստը չհետաձգվեց։ Այնուհետեւ Հունանյանի պաշտպան Սամվել Մարտիրոսյանը, հայտնելով իր պաշտպանյալի ցանկությունը, միջնորդեց գործի բազմակողմանի քննության համար անջատված մասով նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել եւ հրապարակել 2003 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Նաիրի Հունանյանի տված ցուցմունքները։
Նախագահող Սամվել Ուզունյանը պատասխանեց, որ դատարանն իրավունք չունի ընթացող նախաքննությունից ցուցմունքներ պահանջելու, իսկ եթե այդ ցուցմունքները լսելու կարիք կա, ապա Հունանյանը դահլիճում նստած է։
Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը նախ պահանջեց արձանագրել իր առարկությունները դատավոր Սամվել Ուզունյանի, ըստ Յունոշեւի, անօրինական գործողությունների դեմ։ Յունոշեւի կարծիքով, Հունանյանը միջնորդություն արեց, որն օրենքով պիտի դրվեր քննարկման։ Սամվել Ուզունյանը պարզաբանեց, որ միջնորդություն չի եղել, Հունանյանը ներկայացրել է իր խնդրանքը դատարանին։
Դրանից հետո տուժողի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը միջնորդություն ներկայացրեց ներկայացուցիչներ Արամազդ Զաքարյանի եւ Սուրեն Սուրենյանցի դատարան վերադառնալու մասին։ Այս կապակցությամբ դատավոր Ուզունյանը նշեց, որ իր առաջնային խնդիրը դատարանում կարգ ու կանոն հաստատելն է, մինչդեռ Արամազդ Զաքարյանը եւ Սուրեն Սուրենյանցը խանգարում էին դատական նիստը։
Միջնորդությունը դրվեց քննարկման։ Հետաքրքրական էր, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, հանդես գալով դատարանից հեռացված ներկայացուցիչների օգտին, նշեց, որ, իր հիշելով, Արամազդ Զաքարյանը անհարգալից է խոսել ոչ թե դատարանի, այլ պետության հասցեին։ Ի դեպ, այս խոսքերի առնչությամբ Հունանյանը համոզմունք հայտնեց, որ ոչ ոք իր հիշողությանը չի կասկածումՙ ավելացնելով, թե «ես էլի բաներ կհիշեմ»։ Ինչեւէ, Հունանյանը չառարկեց ներկայացուցիչների դատարան վերադառնալու կապակցությամբ։ Այնուհետեւ փորձեց անցնել այլ թեմաների։
Դատավոր Սամվել Ուզունյանի համբերությունը հատեց. «Այնքան տիպիկ է այս գործը, որ իշխանափոխության հոտը դատարանում էլ է գալիս»։ Ասաց ու մերժեց միջնորդությունըՙ պարզաբանելով, որ Արամազդ Զաքարյանի եւ Սուրեն Սուրենյանցի ասածներն անձնական վիրավորանք չեն դատավորի հասցեին։ Նրանք խանգարել են դատական նիստը, ուստի եւ որպես անձինք զրկվել են դատական նիստին մասնակցելու իրավունքից։ Ըստ Սամվել Ուզունյանի, հիշյալ անձանց դատական նիստից հեռացնելով չեն սահմանափակվել տուժողների իրավունքները, քանի որ նրանք կարող են ունենալ այլ ներկայացուցիչներ, ովքեր կպահպանեն դատական նիստի կանոններն ու էթիկան։
Միջնորդությունը մերժելուց հետո Նաիրի Հունանյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա նախ անդրադարձավ մեղադրող Գագիկ Ավետիսյանի խոսքերին, թե Հունանյանը վերջին ժամանակներս «շուռ է եկել 180 աստիճանով»։ Հունանյանը «բացատրեց», որ թերեւս դատավարության մեծ ընդմիջումից հետո մեղադրող կողմին միացած Կորյուն Փիլոյանն ինքն էլ չգիտի, որ «մեղադրողներին միացել է դեռեւս հունիսինՙ Նաիրի Հունանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ»։
Այնուհետեւ դատավորը փորձեց անցնել ըստ դատաքննության հաջորդ քայլին, սակայն ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ առարկություններ ունի դատարանում հրապարակված նյութերի մասով։ Գրիգորյանի հիշատակած տվյալներից թերեւս հետաքրքրական էր այն, որ, ըստ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանյանը նոյեմբերի 13-ին (ենթադրվում է 2002 թ.- Ա. Հ.) ինքնասպանության փորձ է կատարել։ Բեջանյանը դրանից առաջ թողել է գրություն։
Հետաքրքրական է, որ, ինչպես նշեց Սամվել Ուզունյանը, գործի նյութերում այդ գրությունը չկա, ուստի եւ հնարավոր չէր հրապարակել։ Հնարավոր չէր, սակայն պարզվեց, որ Բեջանյանը գրության մեջ նախ նշել է, թե ժամանակին ինքը չի իմացելՙ ովքեր էին իրեն ստիպում տալ Վանոյի անունը։ Այնուհետեւ Բեջանյանը գրել է, որ Հայաստանում դիկտատուրա է եւ այն անփոփոխելի է։ Բեջանյանի խոսքերով, ամեն անգամ իրեն վախեցրել են Մանվելով եւ Սեյրանով, սպառնացել, որ իր աչքի առաջ կվնասեն ընտանիքին։ Դրա համար էլ Բեջանյանը նախ ընտրել է ինքնասպան լինելու ճանապարհը։
Թե այս գրության մեջ ասվածները հատկապես ինչին եւ ում են վերաբերումՙ պարզ չեղավ։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ