Այս նշանաբանով հանրահավաք էր հրավիրել «Արդարություն» դաշինքը
Երեկ տեւական ընդմիջումից հետո «Արդարություն» դաշինքը հանրահավաք էր հրավիրել, որն սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշացումով։ Մինչ կսկսվեին ելույթները, հանրահավաքը վարողը հանդիսավորապես հայտարարեց «ազգիս առաջնորդ» Ստեփան Դեմիրճյանի հարթակ բարձրանալու մասին։ Իսկ առաջինը ցուցարարներին դիմեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը։ Նրա ելույթի հիմնական միտքն էր, որ ներկա իշխանություններն սպառնում են երկրի ազգային շահերին եւ պետք է հեռանան։ «Պետք է ազատվել ապօրինի վարչախմբից», հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, ասելով, որ դրա համար երկու ճանապարհ կաՙ հանրաքվե եւ համաժողովրդական անհնազանդություն-ապստամբություն։ Այս ճանապարհներն, ըստ Բազեյանի, միմյանց լրացնում են։ Նա հայտնեց, որ «Արդարությունը» խորհրդարանին է ներկայացնելու «Հանրահավաքի մասին» օրենքում փոփոխությունները, որի ժամանակ կհրավիրեն ներկաներին շրջափակելու խորհրդարանի շենքը։
Արամ Գասպարի Սարգսյանն առավելապես կենտրոնացավ հացի, մյուս ապրանքների եւ ծառայությունների թանկացման խնդրի վրա։ Նրա տեղեկություններով, արդեն իսկ այսօր այդ գները թանկացել են եւ չի կարելի թույլատրել, որ հունվարի 1-ից լինեն նոր թանկացումներ։ Նա եւս կարծիք հայտնեց, որ այս իշխանությունները պետք է հեռանան, ասելով, որ «ինչ եղավ 1996-ին կեղծիք կատարած Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, նույնը լինելու է Ռոբերտ Քոչարյանի հետ»։
«Արդարություն» դաշինքի հայտարարությունը թանկացումների կապակցությամբ կարդաց ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ թանկացումները ծանր հետեւանք կունենան ժողովրդի համար եւ որ դրանք հիմնավորված չեն ու բխում են կասկածելի հանգամանքներից։ Ելույթ ունեցողն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան աջակցող քաղաքական ուժերը նախընտրական շրջանում ոչինչ չեն ասել այդ թանկացումների մասին։
Ելույթներն, իհարկե, այսքանով չսահմանափակվեցին։ Արշակ Սադոյանի, Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի ելույթների ժամանակ անձրեւ էր սկսվել, եւ հանրահավաքից մարդիկ սկսեցին հեռանալ։ Իսկ այդ ընթացքում, որոշ ուշացումով, թիկնապահների ուղեկցությամբ ժամանեց ոչ հեռու անցյալի նախագահացուներից մեկըՙ Արամ Կարապետյանը։
Ա. Մ.