«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2003-10-16 | #189, 2003-10-17 | #190, 2003-10-18


ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ՞ ԿԱՐՈՂ ՆՈՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության դատաքննությունը։ Դատավարությունն ընդմիջվել էր ամբաստանյալ Արմեն Սարգսյանի նոր պաշտպան Ամալյա Ավագյանի միջնորդությամբ, որով պաշտպանը դատարանից ժամանակ էր խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Ընդ որում, Արմեն Սարգսյանն Ամալյա Ավագյանի համար ժամանակ ստանալու համար հրաժարվել էր իր պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի ծառայությունից։

Երեկվա նիստում Արմեն Սարգսյանը դիմեց դատարանինՙ պաշտպան Ռոբերտ Գրիգորյանին վերականգնելու համար, որպեսզի Գրիգորյանը նորից ներգրավվի դատաքննության գործընթացում։

Մեղադրող կողմը, վկայակոչելով քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածը, առարկեց Ռոբերտ Գրիգորյանին ներգրավելու դեմ։ Ըստ մեղադրողներիՙ 69-րդ հոդվածի մեկնաբանության, պաշտպանը չի կարող դուրս գալ վարույթից, ապա նորից վերադառնալ։ Ի դեպ, մեղադրողները որեւէ առարկություն չունեին Ռոբերտ Գրիգորյանի անձի դեմ։ Ինչեւէ, դատավոր Սարո Արամյանն այլեւս որեւէ կարծիք չլսեց։

Ամբաստանյալ Արմեն Սարգսյանը ներկայացրեց նոր միջնորդությունՙ պաշտպաններ Ռոբերտ Գրիգորյանին եւ Հովիկ Արսենյանին ներգրավելու մասին։ Հովիկ Արսենյանին ներգրավելու կապակցությամբ դատավոր Սարո Արամյանը նշեց, որ փաստաբանների միջազգային միությունից ստացվել է գրություն միության աշխատակազմի ղեկավարի եւ ոչ թե նախագահ Տիգրան Տեր-Եսայանի անունով։ Թեեւ, ըստ գրության, Հովիկ Արսենյանի փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիրը նորմալ է, Սարո Արամյանը գտնում է, որ գրությունը պիտի ուղարկեր նախագահը։

Դատարանում անիմաստ վիճաբանություն ծագեց, որից թերեւս դժգոհ Սարո Արամյանն ընդմիջեց դատական նիստը մինչեւ երկուշաբթի։

Որպեսզի պարզաբանենք քր. դատ. օր.-ի 69-րդ հոդվածի բովանդակությունը, դիմեցինք փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին։ 69-րդ հոդվածը չի վերաբերում նման դեպքերին, այլ վերաբերում է պետպաշտպանության կարգով պարտադիր պաշտպանության փաստաբաններին, որոնցից պաշտպանյալը հրաժարվել է։ 69-րդ հոդվածը չի վերաբերում այն պաշտպաններին, որոնք պայմանագրային հիմունքներով են մասնակցում դատավարությանը, ուստի եւ կարող են վերականգնվել։

Այն հարցին, թե որքանով է տեղին վկայակոչված 69-րդ հոդվածը, Ռոբերտ Գրիգորյանը միանշանակ պատասխանեց, որ դա պաշտպանության իրավունքի խախտում է։ «Յուրաքանչյուր պաշտպանյալ ինքն է որոշում պաշտպանության մարտավարությունը եւ իր պաշտպանին ընտրում է ինքը։ Տվյալ դեպքում Արմեն Սարգսյանն արտահայտել է իր կարծիքըՙ առաջարկելով ներգրավել ինձ», ասաց Ռոբերտ Գրիգորյանը։ Նա նշեց նաեւ, որ իրավունք անգամ չկար Արմեն Սարգսյանի ասածը քննարկման դնելու, եթե Ռոբերտ Գրիգորյանի անձը կամ փաստաբանական գործունեությունը որեւէ առարկության տեղիք չեն տալիս։ Նման բան չի եղել։

«Մեղադրողների առարկությունը հիմնավոր չէ։ Այն պետք է մերժվի, այլապես կստացվի, որ կոպիտ կերպով ոտնահարվում է իմ պաշտպանյալի պաշտպանության իրավունքը», պարզաբանեց Ռոբերտ Գրիգորյանը։ Ըստ պրն Գրիգորյանի, քր. դատ. օր.-ի 72-րդ հոդվածը սահմանում է պաշտպանից հրաժարվելու կարգը, նաեւ նախատեսում է պաշտպանական ֆունկցիան վերսկսելու նրա իրավունքը։ Դա չի նշանակում, որ ամբաստանյալը չի կարող պաշտպան հրավիրել։ Ամեն դեպքում, փաստաբանի կարծիքով, 72-րդ հոդվածում ձեւակերպումն այնպես է տրված, որ չի բացառվում նույն փաստաբանի վերականգնումը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4