Հայաստանում երբեւէ ուշադրություն դարձրե՞լ են այն խրթին հանգամանքի վրա, որ երկրի երեք բարձրագույն ղեկավարներից միայն մեկն ունի... հայկական անուն։ Հազիվ թե, որովհետեւ ամեն ինչ օրինաչափ է եւ լիուլի արտացոլում է օտարամոլ անվանախեղկատակության ընդհանուր իրավիճակը հանրապետությունում։ Թերեւս մխիթարական է, որ հիշյալ պարագայում ընտրված են բնավ էլ ոչ վատթարագույն օտար անունները։ Պատկերացրեք հանկարծ իշխանության գլուխ գան Համլետները, Վալոդները, Նապոլեոնները, էլ չեմ ասումՙ Դեզդեմոնաները։ Թեեւ չի էլ կարելի բացառել այդ տխուր հեռանկարը։ Իսկ ինչո՞ւ չի կարելի, ասենք, կաթողիկոսի աջի ներքո վերանվանակոչվել նախագահ, վարչապետ ու խոսնակ կնքվելու օրը։ Ի վերջո, ամբողջ մի ազգային հանրություն են ներկայացնում այդ անձինք։ Թե՞ սեփական անունները շարունակում են մնալ ցածրահարգ։ Հավատո՞ւմ եք, օրինակ, որ հարեւան պետությունում նախագահ ընտրվի... Մակբեթ Ալիեւը։ Հիշում եմ, անվանի հայ մտավորականներից մեկը մի անգամ արդարացման կարգով հայտարարեց, թե հայ իրականության մեջ օտար անունների շռայլությունը հետեւանք է այն բանի, որ, իբր, հայերս հիանալի գիտենք համաշխարհային մշակույթը։ Ի սե՜ր Աստծո, կարելի է չկասկածել, որ արժանահիշատակ Շիրազի մատնանշած տեղական Ռոսինանտների գերակշիռ մեծամասնությունը գաղափար անգամ չունի, թե ինչ կենդանուց է ակունք առել իրենց անունը։
Բնականաբար ես չեմ պնդում, թե Ռոբերտ Սեդրակովիչը պարտավոր է դառնալ, ասենք, Ռազմիկ Սեդրակովիչ կամ էլ Արթուր Վահանովիչըՙ Արտակ Վահանովիչ։ Բայց համաձայնեք, որ իմ առաջարկած տարբերակները շատ ավելի գեղեցիկ են, անչափ բարեհունչ ու խորապես հարազատ անունընկալման մեր ավանդական (ոչ ներկայիս) հոգեբանությանը։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա