«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2003-10-18 | #191, 2003-10-21 | #192, 2003-10-22


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄՙ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2003 թ. ուսումնական տարվանից Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 ռուսական միջնակարգ դպրոցի 5-11-րդ դասարանցիները սովորում են հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաները։

Այս փաստն ուրախալի բացառություն է թբիլիսահայ դպրոցական կյանքումՙ հաշվի առնելով, որ նոր սերունդը հայերենի նկատմամբ անտարբեր է, իսկ ծնողները նախապատվություն են տալիս երեխաներին ուղարկել ռուսական, նաեւՙ վրացական դպրոցներ։

Թբիլիսիում հայ բնակչության թիվը, չնայած արտագաղթին եւ ազգափոխությանը (հայության վրացականացմանը), անցնում է 100 հազարից, իսկ քաղաքում մնացել է հայկական երեք դպրոց (1950-ական թթ. 30-ից ավելի էր), որտեղ ամեն տարի դժվարությամբ են առաջին դասարաններ հավաքվում։

Քաղաքի հայահոծ Հավլաբար թաղամասում գտնվող թիվ 98-րդ ռուսական դպրոցը, որը միայն վերջերս է կրում Սայաթ-Նովայի անունը, ունի 430 աշակերտ, որից մոտ 400-ըՙ հայեր, մյուսներըՙ վրացիներ, օսեր, եզդիներ, հրեաներ եւ ասորիներ։

Դպրոցի տնօրեն Միխայիլ Թադեւոսովն ասում է, որ սա առաջին դեպքն է, երբ ռուսական դպրոցում, որտեղ հայերից բացի սովորում են այլազգիներ, դասավանդվում է հայոց լեզու եւ հայ գրականություն։

«Մինչ Հայաստանից դասագրքեր ստանալը, ինչի համար դիմել ենք համապատասխան մարմիններին, Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը դպրոցին նվիրել է 60 այբբենարան, ինչի համար շնորհակալ ենք», ասում է Թադեւոսովը։

Տնօրենն ասում է, որ դպրոցում ձեւավորվել են երգի ու պարի խմբեր, ինչը կարեւոր է հայ երեխային հարազատ ժողովրդի մշակույթին ծանոթացնելու, հայ պահելու համար։

Թիվ 98 դպրոցը գտնվում է վրացական Սբ. Երրորդություն կառուցվող հսկա եկեղեցական համալիրի տարածքում, հետեւաբարՙ պետք է քանդվի։ Դպրոցի տնօրեն Թադեւոսովն ասում է, որ նախագահ Էդ. Շեւարդնաձեն խոստացել է չքանդել դպրոցը, քանի դեռ քաղաքի այլ վայրում նոր դպրոց չի կառուցվել։

«Եթե չլիներ դպրոցի Սայաթ-Նովա անունը, ապա արդեն քանդված կլիներ», ասում է Թադեւոսովը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4