Հայաստանի բանկերից մեկի մոսկովյան մասնաճյուղում վաճառում են նաեւ հայկական երաժշտության ձայնասկավառակներ, ժապավեններ։ Մի տխուր օր իմ այն հարցին, թե ինչ նոր բան կա, վաճառող կինը միացրեց մի երգ, որն ինձ, մեղա քեզ, շան կլանչոց հիշեցրեց. ավելի այլանդակ ռաբիս չէի լսել։ Եվ ինչպե՞ս է Հայաստանն արտահանում իր այդ երաժշտական խեղկատակությունը։ Ես հասկանում եմ, որ ստեղծվել է շուկաՙ բիզնես, ու վաճառվում է այն ամենը, ինչ եկամուտ է բերում, եւ արգելել որեւէ բան գործնականում հնարավոր չէ ու թերեւս անիմաստ է։ Բայց ոչինչ չանել այդ տխրահռչակ «ժանրի» բարգավաճման դեմ, երեւի նույնքան ճիշտ չէ։ Երբ գալիս եմ Երեւան, ուշադիր լսում եմ նորագույն «ակադեմիական» երգերը եւ, անկեղծ ասած, տարակուսում եմ։ Նույնիսկ այնպիսի ժողովրդական դարձած երգիչների, ինչպիսիք են, ասենք, Արամ Ասատրյանը կամ Թաթան, ռաբիսն ականջ է սղոցում։ Ինչ ռիթմեր ասես չես լսիՙ արաբական, ադրբեջանական, թուրքական, հունական, վրացական... Հատկապես ցածրակարգ գործիքավորման մեջ։ Վերջին շրջանում էլ խիստ արդիականացվել է ուդը, որից պարզապես, ներողություն արտահայտությանս, թուրքի հոտ է գալիս։ Պարզ է, որ խոսքը չի վերաբերում գործիքին։
Ռաբիսի առաջը կարելի է առնել միայն բարձրարվեստ երգերի միջոցով։ Բայց ջահել շատ երգիչների երգերը զուրկ են ներշնչանքից, դրանք ավելի շատ տեխնիկական հորինվածքներ են. սիրում են նրանք, տանջվում, տառապում, թոշնում ու թառամում, բայց չեն հուզում ունկնդրին, որովհետեւ «կոմպյուտերային» են, չեն բխում հոգուց, զգացմունքից, երեւակայությունից։ «Ջիգյար մը» չկա, կասեր գրողը։ Նոր Բաբաջանյաններ չկա՞ն Հայաստանում։ Գուցե այս պատճառո՞վ են նաիրյան երկրում զոռով հայացնում «անզուգական» Ֆիլիպ Կիրկորովին։ Թվում էր, սահմանների բացումը մեր ժողովրդին դուրս կհանի տեղայնացման շրջանակներից։ Բայց, ավա՜ղ, ռաբիսի բուռն զարթոնքը մասնավորապես դրա օգտին չի խոսում։ Ես հաճախ եմ հիշում հանգուցյալ կաթողիկոս Գարեգին Ա-ի ելույթը Մոսկվայի հայ համայնքի առջեւ։ Եթե հայերս դուրս չգանք գավառամտության մակարդակից, զգուշացնում էր նա, ապա մենք կընկնենք հույների օրը. ինչո՞վ են ժամանակակից հույները հիշեցնում իրենց հանճարեղ նախնիներին...
Ռաբիսը գավառամտության նշան է։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա