«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2003-10-22 | #193, 2003-10-23 | #194, 2003-10-24


«ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄԻՍԸ 6 ԿԻՆ ՄԵՌՆՈՒՄ Է ԱՄՈՒՍՆՈՒ ԿԱՄ ՍԻՐԵԿԱՆԻ ԾԵԾԻՑ»

Եվրոպական չափանիշներին համապատասխա՞ն

«Ապաստարանում ինձ նմանները շատ էին. միայնակ կանայք իրենց երեխայի հետ, նույնիսկՙ երեխաների.... Ամեն մեկն իր պատմությունն ուներ... Կանանց մշտապես եւ դաժանորեն ծեծում էին իրենց ամուսինները, որի համար էլ նրանց անվանում էին «ծեծված կանայք»։ Ծեծելը սովորություն էր դարձել ամուսինների համար... շատ անգամՙ առանց որեւէ պատճառի... Բռնությունն ու ամենաթողությունը նախ եւ առաջ պետք էր փնտրել ծեծի սիրահարների հոգեկանի մեջ, սակայն ո՞վ պետք է դրանով զբաղվեր։ Կանայք հանդուրժում էին, հանդուրժում էին հիմնականում վախիցՙ լքվելու, մենակ մնալու վախից։ Շատերն էլ ամաչում էին հարեւաններից, աշխատակիցներից... Եվ այս ամենը կատարվում է այսօր, Եվրոպայի սրտում», Անահիտ Թոփչյանի «Տղամարդն ընդամենը մարդ է» նոր մոնոդրամայից է այս հատվածըՙ գրված Փարիզում։

Եվրոպական հասարակության մեջ տեղի ունեցող մերժելի դեպքերը նրբանկատ դերասանուհուն դրդել են խորամուխ լինել դրանց մեջ, հուզվել ու զայրանալ մարդկային էությանն ի բնե խորթ երեւույթների համար։ Քաղաքակիրթ Եվրոպան, որի չափանիշներն այսօր ընդօրինակելի են համարվում երրորդ աշխարհի երկրների համար, իրականում տառապում է հասարակությանը խորթ նույն խնդիրներով, որոնց մասին հաճախ գերադասում է լռել։

«Վերջին 5 տարիներին միայն ֆրանսիական լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայն խոսել կանանց ծեծելու սովորույթի մասին, որը, պարզվում է, ավանդական է եղել եվրոպական մի շարք երկրների ընտանեկան կենցաղումՙ Անգլիա, Բելգիա, Գերմանիա, Շվեդիա եւ այլն։ Դրա մասին գրվում էր զգուշավոր, սակայն ազդեցությունը չափազանց ճնշող էր։ Իսկ այս տարվա հուլիսին Վիլնյուսում տեղի ունեցավ մի սոսկալի դեպք, որն ուղղակի ցնցեց հասարակությանը։ Հանրահայտ դերասան ժան Լուի Տրենտինյանի չքնաղ դուստրըՙ 40¬ամյա դերասանուհի Մարի Տրենտինյանը մահացավ սիրեկանի դաժան ծեծից։ Մամուլում մեծ աղմուկ բարձրացավ այդ զազրելի երեւույթի դեմ, որակվեց որպես սիրո հողի վրա կատարված «ռոմանտիկ ողբերգություն», որի պատճառը համարվեց անասնական կրքերին տուրք տալով մթագնած բանականությամբ գործելը։ Սիրո համար ստեղծված կինը, որը չորս զավակների մայր էր, «սիրող» տղամարդու գազանությունների զոհը դարձավ։ Այս դեպքից հետո հասարակությունը կարծես միանգամից սթափվեց։ Մամուլն ու հեռուստատեսությունը հեղեղվեցին այդ երեւույթը դատապարտող բազում նյութերով ու զրույցներով։ Ի պատիվ Ֆրանսիայի պետք է ասել, որ լրատվամիջոցները անողոք պայքար են սկսել այս զարհուրելի երեւույթի դեմ», ասում է տկն Թոփչյանը։

Հայաստանցիներիս համար, անշուշտ, շշմեցուցիչ է իմանալ, որ ժամանակակից եվրոպացի կինը դաժանորեն ծեծվում է ամուսնուց կամ սիրեկանից։ Թվում էր, թե այդ երեւույթը բնորոշ է հատկապես արեւելյան բարքերին ու սովորույթներին կամ դրանց երկարատեւ ազդեցությունը կրած ժողովուրդներին, ինչպես հայերիս պարագայում։ Եվրոպական մամուլին հետեւելով հայ դերասանուհին նկատել է, որ «ծեծված կանանց» սկսել են ավելի մեծ ուշադրության արժանացնել, քանի որ այդ երեւույթը վկայում է հասարակության բարոյական չափանիշների խաթարման մասին։

«Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, Եվրոպայում ամիսը 6 կին մեռնում է ամուսնու կամ սիրեկանի վայրագ հարվածներից, անգութ ծեծից... Տասից մեկ ընտանիք ապրում է բռնության պայմաններում։ Միայն 1997 թվականից է Ֆրանսիայում սկսել գործել օրենք, որի համաձայն ամուսնական բռնությունը հանցանք է համարվում։

Եվրոպական մեկ այլ երկրումՙ Բելգիայում 1977 թվականից գործում է բռնության կանխարգելման կենտրոն, որտեղ բժիշկ¬հոգեբանները ամենայն հոգածությամբ զննում են բռնարարքների ենթարկվածներին։ Պարզվել է, որ հիմնականում ծեծվում են թույլ, անվստահ, որոշակի բարդույթներով տառապող կանայք, որ գիտեն կենցաղային չնչին հարցերից ողբերգություն սարքել։ Նրանցից շատերն ունեցել են դժվարին մանկություն, ապրել են նյութական ու հոգեկան ծանր պայմաններում։ Իսկ նրանց անգթորեն ծեծող ամուսինները կամ սիրեկանները տառապում են սեռական, նաեւ նյութական անբավարարվածությամբ։

Եթե կան ծեծվող կանայք, բնականաբար, կլինեն նաեւ ծեծվող տղամարդիկ, չէ՞ որ կանայք հաճախ դիմում են հակադարձ քայլերի, կամ էլ ուղղակի նախահարձակ լինում։ Կանխարգելման կենտրոնի նպատակը տղամարդու եւ կնոջ միջեւ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու միջոցով հասարակության առողջացմանը նպաստելն է», պատմում է տկն Թոփչյանը։

Հիմա Եվրոպայից դառնանք Հայաստան, որտեղ էթնոսոցիոլոգներին ու լրագրողներին մտահոգող խնդիրը ոչ թե սիրո հողի վրա կանանց դաժանորեն ծեծելն է, այլ ծեծված կանանց համար մեկամսյա ապաստարաններ ստեղծելու միջոցով հայ ավանդական ընտանիքի հիմքերը փլուզելու վտանգը։ ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հայաստանյան 6 հասարակական կազմակերպություններ այս տարի ստեղծեցին ապաստարաններ, հաշվի չառնելով կանխարգելման կենտրոններ ստեղծելու մասնագետների առաջարկը։ Վերջիններիս պնդմամբ, խնդրի նման լուծումը խորթ է հայ ընտանիքի ավանդույթներին, քանի որ մեկ ամիս ապաստարանում անցկացրած կնոջը հայ տղամարդը դժվար թե տուն ընդունի։

Ընտանեկան բռնության երեւույթն, ինչ խոսք, առկա է նաեւ մեզանում։ Բարեբախտաբար, ոչ մեծ ծավալներով, թեպետ դրանից պայքարելու անհրաժեշտությունը բնավ չի նվազում։ Պարզապես կանխարգելման ձեւերը պետք է մշակվենՙ ելնելով տվյալ ժողովրդի էթնիկ հոգեբանությունից, ավանդական ապրելաձեւից։

Հայ իրականության մեջ այսօր կանանց ու երեխաների բռնության հարցերով զբաղվում են տասնյակ հասարակական կազմակերպություններ, ծեծվող կանանց համար գործում են թեժ հեռախոսագիծ ու մեկամսյա ապաստարաններ Երեւանում, Գյումրիում, Գեղարքունիքում....

Դրանք աշխատում են եվրոպական կամ այլ երկրներում ընդունված մոդելներով, բնավ հաշվի չառնելով, որ եթե ֆրանսիական կամ անգլիական ավանդական ընտանիքում ծեծը եղել է ընդունված սովորույթ, ապա դեռեւս 9-15-րդ դարերի միջնադարյան Հայաստանում միանգամայն այլ պատկեր էր։ Համոզվելու համար հիշենք հայոց մայրաքաղաք Անիում 11-րդ դարում առաջացած դեմոկրատական շարժումը, որի պայմաններում առաջ էր եկել քաղաքային ինքնավարություն։ Իսկ ամենագլխավորը, որն ընդգծելու մտադրություն ունենք, կյանքը կանանց սոցիալապես հավասարեցրել էր տղամարդկանց, նրանք ունեին տղամարդկանց հավասար բոլոր իրավունքները։ Մխիթար Գոշի «Դատաստանագրքով» կանանց ծեծելու համար պատիժ էր նախատեսված։ Եվ դա միջնադարյան Հայաստանում էր։ Իհարկե, հետագաՙ հատկապես 18¬19-րդ դարերում հայոց ավանդական սովորույթները խեղաթյուրելու եկան արեւելյան հոռի բարքերը, որոնց ազդեցությամբ որոշակիորեն փոխվեց կնոջ հանդեպ եղած ավանդական վերաբերմունքը։

Իսկ այսօր, 21¬րդ դարի սկզբին, համրաքայլ ինտեգրվում ենք եվրոպական կառույցներին, պարտավորություններ ստանձնում, օրենքներ ընդունում, դրանց մեջ նոր¬նոր ամրագրելով կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Իսկ շատ շուտով ստիպված կլինենք ընդունել նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքները, մոտ ապագայում էլ կգրանցենք միասեռականների առաջին ամուսնությունը...

Ինտեգրվում ենք բարեկեցիկ Եվրոպային, որը տառապում է գրեթե նույն խնդիրներով, ինչ մենք, միայն մեկ տարբերությամբՙ հայ իրականության մեջ բռնությունների դրդապատճառների հիմքում ընկած են գերազանցապես սոցիալ¬հոգեբանական ծանր պայմանները։ Այս մասին են վկայում կատարված բոլոր հետազոտությունները։ Ուրեմն, մեզ ամենից առաջ եվրոպական բարեկեցություն է պետք...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4