«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2003-10-23 | #194, 2003-10-24 | #195, 2003-10-25


ՄԱԿ-Ի ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔՈՎ

Ողջ աշխարհը երեկ նշում էր ՄԱԿ-ի ծննդյան օրը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել եւ ուժի մեջ է մտել 1945 թ. հոկտեմբերի 24-ին։ Հենց այդ օրն էլ նշվում է իբրեւ ՄԱԿ-ի օր։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւս միջոցառումների շարք էր նախատեսել, որոնք շարունակվեցին առավոտից մինչեւ ուշ երեկո։

Հայաստանի ազգային գրադարանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը կազմակերպել էր ՄԱԿ-ի հրատարակությունների ցուցահանդես։ Հայաստանում ՄԱԿ-ի երկրորդ ավանդապահ գրադարանն ազգային գրադարանն է, ուր իբրեւ սպասարկման առանձին բաժին գործում է ՄԱԿ-ի գրականության ֆոնդըՙ 6000 միավոր գրքերով, պարբերականներով, վիճակագրական նյութերով եւ հայերեն, ռուսերեն, անգլերեն տեղեկատուներով։ Առաջիկայում հայաստանյան գրասենյակը մտադիր է ավանդապահ գրադարանն օգտագործել քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ կազմակերպելու համար։

ՄԱԿ-ի ծննդյան օրը 2 խաղահրապարակներ բացվեցին Դավիթաշեն թաղամասում, ուր 2001 թ. հայաստանյան գրասենյակը այգի էր գցելՙ իր ծննդյան 10-ամյակի առթիվ։ Այգին բարեկարգվել էր Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի միջոցով։ Հաջորդ տարի ՊՀԾ-ն 100 տնկիներ տրամադրեց այգուն։ Հիմա, 3 տարի անց, ծառ ու կանաչով փոքրիկ օազիս է դարձել այգին։ Խաղահրապարակների բացումը հանդիսության վերածվեց։ Ներկա էին համայնքի իշխանության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, փախստականների գծով գերագույն հանձնակատար Լլոյդ Բեյքին, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Տկաչուկը, ՊՀԾ ներկայացուցիչը։ Իսկ այգու բոլոր անկյուններում ու ատրակցիոնների վրա երեխաների խմբեր էին։ Գույնզգույն օդապարիկների մի հսկա զանգված թռավ երկինքՙ «ՄԱԿ-ի ծննդյան օրը. Խաղաղություն աշխարհին» մակագրությամբ։

Օրվա երկրորդ կեսին ՄԱԿ-ի նիստերի դահլիճում կայացավ On lineՙ ինտերնետային մրցույթի մրցանակաբաշխությունՙ ՄԱԿ-ի եւ մարդու իրավունքների վերաբերյալ։ Առանց տարիքային սահմանափակման սկզբունքով անցկացված մրցույթին մասնակցել է 161 մարդ, հիմնականում դպրոցականներ ու ուսանողներ։ Մրցույթի ծրագրավորումը, առավելագույն արդարացիություն ապահովելու հանձնառությամբ, կատարել է «խարտիա վեբ» լաբորատորիան։ Մրցույթի 10 հաղթողները դրամական պարգեւներ ու խրախուսական նվերներ ստացան։ Նրանք առավել արագ ու ճիշտ էին պատասխանել 29 հարցադրումների։ Առաջին 3 մրցանակները հաջորդաբար նվաճեցին Սեւակ Լալայանը (տնտեսագետ), Լուիզա Կոկոշյանը (միջազգայնագետ), Գոհար Գրիգորյանը (մենեջմենթի մասնագետ)։ Հաղթողներից ամենափոքրը 10-րդ դասարանցի Լիլիթ Գրիգորյանն էր։

Պատասխանելով լրագրողների հարցերինՙ ՄԱԿ-ի այսօրվա եւ գալիք ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Վալերի Տկաչուկը նշեց, որ թեեւ ՄԱԿ-ի կյանքում այսօր ծանր ժամանակահատված է կապված Իրաքի դեպքերի եւ ահաբեկչության աճի հետ ողջ աշխարհում, ՄԱԿ-ն իր պատմության ընթացքում այդպիսի պահեր էլի է ապրել, եւ այս ճգնաժամն էլ կհաղթահարի։ Դրա վկայությունը Մադրիդում 52 երկրների մասնակցությամբ կոնֆերանսն է, որի նպատակը Իրաքի վերականգնման համար միջոցների հայթայթումն է։

ՄԱԿ-ի տարեդարձին նվիրված միջոցառումների պսակը դարձավ պետական կամերային նվագախմբի համերգը Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4