«Նորք-Մարաշը»ՙ սրտաբուժության արդիական մեթոդներ ներդնող
Արդեն մեկ տասնամյակ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կիրառվում են սրտաբանության ներսրտային ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպես նորածինների նախասրտի միջնապատի պատռման գործողությունը, թոքային զարկերակի փականի շտկումը (բալոնային դիլատարացիա)։
Երկու տարի առաջ բժշկուհի Արմինե Զարաելյանը Հունաստանում վերապատրաստվելուց հետո իր ուսուցիչ հույն բժիշկ Տամոպոուլոս Վասիլիոսի հետ «Նորք-Մարաշ» կենտրոնում 4 երեխայի կատարել է բաց զարկերակային ծորանի փակում։
Սրտի մի շարք բնածին արատների վիրաբուժական շտկման (ներսրտային անատոմիկական շտկում) դեպքում ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ ոչ նորմալ երեւույթներՙ հետագայում լրացուցիչ բուժում պահանջող։ Մինչեւ վերջերս նման բուժումը ՆՄԲԿ-ում կատարվում էր կրկնակի վիրահատությամբ։ Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հատուկ սարքերի օգնությամբ առաջադեմ երկրներում արդեն տարիներ ի վեր կիրառվում են բուժական ներսրտային-ինտերվենցիոն մեթոդներ։
ՆՄԲԿ մանկական սրտաբանական կլինիկայում նախկինում հետազոտված եւ վիրահատված երեխաներից առանձնացվել էին այնպիսի հիվանդներ, որոնց կարելի էր բուժել ինտերվենցիոն-կաթետերային եղանակով։ Հոկտեմբերի 13-17-ը ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Սփոքեյնի «Secret Heart» բժշկական կենտրոնի մանկական սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բժիշկ-սրտաբան Հրայր Կարապետյանն իր որդուՙ ներսրտային հետազոտությունների բուժման եւ ախտորոշման գծով մասնագետ, ինտերվենցիոն սրտաբան Կառլ Կարապետյանի հետ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բնածին արատ ունեցող երեխաներին ենթարկեց ներսրտային բուժման, որը սրտային ավանդական վիրահատության այլընտրանքային եղանակ է, երբ միջամտությունը կատարվում է առանց կրծքավանդակի բացման։ Ամերիկահայ բժիշկների մեկշաբաթյա այցի ընթացքում հետազոտվեցին նախապես ախտորոշված 55-60 հիվանդներ, որոնցից բուժում ստացավ 4 ամսականից մինչեւ 16 տարեկան 15 երեխա։ Այս երեխաները մշտապես գտնվում են մանկական կլինիկայի պարբերական հսկողության տակ։
Բուժման այս մեթոդի առավելությունն այն է, որ հիվանդը մեկ օր անց վերադառնում է տուն, արագ է ապաքինվում, անհրաժեշտության դեպքում առանց հիվանդին վնաս պատճառելու կարելի է կրկնել տվյալ մեթոդը, չկան տարիքային, ժամանակային սահմանափակումներ։
ՆՄԲԿ մանկական կլինիկայի մշտական սրտաբան-խորհրդատու Հրայր Կարապետյանն արդեն 10 տարի իր մասնագիտական օգնությունն է տրամադրում կենտրոնին։ Հրայր Կարապետյանի բժշկական նորագույն մեթոդների կիրառման անցած շաբաթաշրջանը լուրջ վերապատրաստման փորձառություն եղավ բուժական գործողություններին մասնակից մանկական կլինիկայի ինվազիվ սրտաբաններ Կարեն Քուրդովի եւ Հովհաննես Զոհրաբյանի համար։ Սարքավորումների առկայության պարագայում նրանք ինքնուրույն միջամտություններ կատարելու հնարավորություն կունենան Երեւանում։ Ամերիկահայ բժիշկների օգտագործած հատուկ սարքավորումները (ստենտներ, կաթետերներ) մեկանգամյա օգտագործման թանկ սարքեր են (700 դոլարից 3.500 դոլար արժողությամբ)ՙ որպես նվիրատվություն արված ամերիկյան հայտնի ֆիրմաներից։
Երեւույթը նաեւ հիշյալ ֆիրմաների ուշադրությունը Հայաստանի վրա գրավելու փորձ է, իբրեւ մի երկրի, որտեղ զարգացած են մանկական սրտաբանությունը եւ սրտավիրաբուժությունը, որը կարող է լինել սպառող շուկա, իսկ այս պարագայում հնարավոր է ակնկալել գնային որոշակի զեղչեր։ ՆՄԲԿ-ում հնարավորություն կտրվի մատչելի բուժում ստանալ ոչ միայն մեր հայրենակիցներին, այլեւ Անդրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի, այլ երկրների հիվանդներին եւս, որովհետեւ Հայաստանի սրտաբանական եւ սրտավիրաբուժության այս կենտրոնն իր մասնագիտական պատրաստվածությամբ փաստորեն առաջարկում է ներկայում գոյություն ունեցող սրտաբուժության բոլոր հնարավոր մեթոդները։
Բժիշկները գտնում են, որ այս երեւույթն ունի բարոյական կողմ եւս։ Գոյություն ունեցող բուժման ավելի արդյունավետ մեթոդի փոխարեն (բավականին թանկ, մի քանի հազար դոլար արժողությամբ), երբ երեխայի ծնողին առաջարկվում է մեկ այլ բուժում, թեկուզ անվճար վիրահատությամբ, ծնողը կարող է ստանալ բարոյական եւ հոգեբանական լուրջ հարվածներ։ Ու դարձյալ դեմ ենք առնում ֆինանսական պատին։ Ուստի եւ արդյունավետ լուծման համար առաջարկվում է խնդիրը պետական հոգածության դաշտ տեղափոխել։ Իհարկե, փաստ է, որ այս հարցը լուծելի է նաեւ գործարար աշխարհի մարդկանց միջամտությամբ, երբ նրանք իրենց ֆինանսական հնարավորությունները տրամադրեն։ Դրսի համապատասխան ֆիրմաների հետ համագործակցության շնորհիվ կարելի է ձեռք բերել թեկուզ ոչ մեծ քանակությամբ, բայց զեղչ գներով վերոհիշյալ սարքավորումները եւ տրամադրել բժշկական կենտրոնին։ Ավելի մեծ բավարարում (հոգեկան եւ բարոյական), քան հիվանդ երեխաներին օգնելը, հնարավո՞ր է արդյոք։
Նույն նպատակով կենտրոնի բժիշկներն ամերիկահայ իրենց գործընկերների հետ ծրագրում են արդյունավետ համագործակցություն արտերկրի այդ ֆիրմաների եւ արտադրողների հետ։ Սարքավորումների ձեռքբերումը կենտրոնին հնարավորություն կտա իր հիվանդներին առաջարկելու բուժման նորագույն մեթոդների լիակատար ցանկը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ