«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՙ ՊԱՐՈՒՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Երեւանի «Ռոտարի» ակումբում

Ամեն չորեքշաբթի «Անի» հյուրանոցում Երեւանի «Ռոտարի» ակումբն իր շաբաթական հավաքներն է անցկացնում։ Եվ քանի որ խորհրդավորության քող էր վերջերս իջեցվել այս ակումբի վրա, մասնակցեցինք իրենց նմանատիպ մի հավաքիՙ առանց հրավերի եւ զգուշացման, որեւէ խոչընդոտի չհանդիպելով։ Ռոտարիականներն իրենց նիստը սկսում եւ ավարտում են (ինչպես ամենուրեք) զանգի ղողանջներով, իսկ Երեւանի «Ռոտարի» ակումբի մասնակիցները հոտնկայս երգում են Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ակումբը հաճախ է ունենում հյուրեր։ Այդ օրվա ծրագրում նախատեսված ելույթների (հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության ներկայացուցչի, NTI կենտրոնի մարկետինգի գծով տնօրենի, «Անելիք» բանկի նախագահի տեղակալի) շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում։

Նիստն անցկացնում էր «Ռոտարի» ակումբի փոխնախագահ Հովսեփ Սեֆերյանը։ Պետերբուրգի «Ռոտարի» ակումբի ներկայացուցիչն առաջին անգամ էր այցելում հայ ռոտարիականներին, եւ, ըստ ավանդույթի, դրոշներ փոխանակվեցին։ Գերմանիայի քաղաքներից մեկի «Ռոտարի» ակումբի ներկայացուցիչը ներկաներին տեղեկացրեց, որ մի քանի օրից Զեյթուն-Քանաքեռ եւ Աջափնյակ համայնքներում բացվելու է բարեգործական ճաշարան, որտեղ անվճար կսնվեն 700 ծերեր եւ սոցիալապես անապահով մարդիկ։ Ծրագիրն իրականացվել է տեղի (Գերմանիայի) ռոտարիականների շնորհիվ, ովքեր դիմել են բազմաթիվ կազմակերպություններիՙ ֆինանսներ հայթայթելու նպատակով։

Այսպես ուրեմն, 1905 թ. Պոլ Հարիս անունով մի իրավաբան գյուղից տեղափոխվում է Չիկագո։ Եվ որովհետեւ մենակ է զգում մեծ քաղաքում, փնտրում է իր նմաններին։ Այնպես է ստացվում, որ միանգամայն պատահաբար հավաքվում են տարբեր կրոնների, տարբեր մասնագիտությունների եւ ազգությունների 4 մարդ։ Առաջին ժողովը տեղի է ունենում 1905 թ. փետրվարի 23-ին, որոշում են ամեն շաբաթ հավաքվել մեկի տանը եւ քննարկել ընկերային զանազան հարցեր։

Ընկերակցության անվանումը ծագում է ռոտացիայի (պտույտ) բնույթից։ Անցած հարյուր տարիների ընթացքում կազմակերպությունն այնպիսի շարժում է սկսել, որ աստիճանաբար այդ չորս հոգուց հզորացել եւ այսօր արդեն աշխարհի շուրջ 160 երկրներում գործում են բազմաթիվ ռոտարի ակումբներ, որոնց անդամակցում է 1.300.000 մարդ։ Իրենց զինանշանը շարժումը խորհրդանշող անիվն է, ունեն խորհրդանիշ-դրոշակ, գործում է կանոնադրություն, գոյություն ունեն անդամակցման, նաեւ հեռացման որոշակի սկզբունքներ։ Որդեգրած լոզունգն էՙ ծառայություն սեփական անձից վեր (անանձնական), գործելակերպի սկզբունքըՙ որեւէ գործ նախաձեռնելիս հաշվի առնել հետեւյալ հանգամանքներըՙ ճշմարիտ կամ արդա՞ր է տվյալ գործը բոլոր կողմերի համար, արդյոք նպաստո՞ւմ է բարեկամությանը, խաղաղությանը։

Ըստ Հովսեփ Սեֆերյանի, «Ռոտարին» բարեգործական կազմակերպություն է, որի անդամները միավորված են մեկ ընդհանուր նպատակի շուրջՙ միասին հասարակության համար օգտակար դաշտ որոնել եւ բարիք արարել։

Ակումբ հիմնադրելու համար նվազագույնը պետք է ապահովվի 20 մարդու ներկայություն։ Որեւէ մեկը անձնական նախաձեռնությամբ չի կարող անդամագրվել, նա պետք է ունենա ռոտարիականներից մեկի հրավերը։ Նախեւառաջ հաշվի է առնվում անձի մարդկային եւ բարոյական նկարագիրը (ազնվություն, հանդուրժողականություն, գթասրտություն, ուրիշին օգնելու կամեցողություն), ցանկալի է ակումբի անդամների մասնագիտական բազմազանությունը, նախընտրելին ամեն մասնագետից 1-2 մասնակից ունենալն է, կարեւոր է, որ տվյալ անձն իր ոլորտում որոշակի հաջողություն արձանագրած լինի եւ ֆինանսական կարողություն ունենա, որովհետեւ, ինչպես պրն Սեֆերյանն է ասում. «Նա գալիս է տալու, ոչ թե ստանալու»։ Ակումբի մեկ անդամի դեմ լինելու պարագայում (հիմնավոր պատճառաբանությամբ եւ ապացույցներով) նորի անդամագրումը չի կարող կայանալ։

Տարվա ընթացքում ակումբի նիստերին իր մասնակցության 60 տոկոսը չապահոված, անդամավճար չմուծած կամ չարաշահումներ կատարած անձը հեռացվում է ակումբից։

Ռոտարիականները կրոնական, ռասայական որեւէ սահմանափակման դեմ են, ակումբի անդամները կարող են լինել յուրաքանչյուր միության, կազմակերպության, կուսակցության անդամ, սակայն ընկերակցության ներսում քաղաքականությամբ զբաղվելն արգելված է։

Հայկական «Ռոտարի» ակումբը բացվել է 1996 թ., առաջին նախագահը Գուրգեն Վարդանյանն էր (նախագահներն ընտրվում են մեկ տարով։ Այս տարվա նախագահը Արտյոմ Տիգրանյանն է)։ Այս ընթացքում համագործակցել են կենտրոնական գրասենյակի (ԱՄՆ) եւ տարբեր երկրների «Ռոտարի» ակումբների հետ, հատկապես ֆրանսիական եւ լիբանանյան, քանի որ նրանք հայկական ակումբի կնքահայրերն են (նոր ակումբ բացվելու պարտադիր պայմաններից մեկն է)։ Իրականացրել են մի շարք ծրագրեր։ Երկու տարի առաջ սկսված շարժական ատամնաբուժարանի ծրագիրը շուտով կյանքի կկոչվի։ Համապատասխան սարքավորումներով ավտոբուսները շրջելու են հայկական գյուղերովՙ բնակիչներին մատուցելու ատամնաբուժական ծառայություններ։ Ռոտարիականները կարեւորում են մանկական պոլիոմելիտի դեմ իրենց մատուցած ծառայությունը, շուրջ 500-600 հազար դոլար է պահանջվել Հայաստանում պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ ապահովելու համար։ Սարքավորումներ են տրամադրել Երեւանի աչքի մանկական կլինիկային, պարբերաբար կազմակերպում են այցելություններ թանգարաններ, եկեղեցիներ, իրականացրել են բակերի մաքրման ծրագիր, ստեղծվել են խաղահրապարակներ, այցելում են ծերանոցներ, հիվանդանոցներՙ նվերներ, դեղորայք են բաժանում, հաշմանդամներին սալյակներով են ապահովում եւ այլն։

Մոտավորապես եթե այսպիսի նկարագիր ունեն ռոտարիականները, ապա հասարակության մեջ ինչո՞ւ է շրջում կասկածի ուրվականը, իբր գաղտնի, մութ կազմակերպություն էՙ մասոնների հետ որոշակի առնչություններով (ձեռքիս «Ռոտարի» ակումբի խորհրդանիշ-դրոշակը տեսնելով, մի քաղաքացի տարակուսած հարցրեցՙ ռոտարիակա՞ն ես։- Ինչո՞ւ այդպես։ - Դե, նրանք մասոններ են։ - Որտեղի՞ց իմացաք,- հարցրի։ - Մամուլն է ասում,- պատասխանեց)։

«Ճշմարտությունը արեւի պես է, վարագույր չես կարող քաշել արեւի վրա։ Մենք քրիստոնեական սկզբունքով ենք գործում. որեւէ բարեգործություն չի գովազդվում, չի թմբկահարվում։ Մեզ շփոթում են մասոնների հետ, ասում է պրն Սեֆերյանը, որ նաեւ «Հայ գործարարների ընկերակցության» նախագահն է, սակայն մենք թափանցիկ կազմակերպություն ենքՙ մեր կանոնադրությունը, անդամների ցանկը հրապարակված է, կարող եմ տրամադրել։ Մասոնները գոց կազմակերպություն են, քաղաքական նպատակներ էլ հավանաբար ունեն։ Մեր զինանշանը անիվն է, իրենցըՙ կարկինաձեւ եռանկյունին։ Իրենց մեջ հիերարխիայի 33 աստիճան կա, ամեն աստիճանավոր իրենից ներքեւի օրենքներն ու կանոնները գիտի, իրենից վերեւինը չգիտի։ Իրենց սկզբունքների մեջ աստվածավախությունը կա, Աստծուն Գերագույն ճարտարապետ են կոչում, նպատակըՙ Երուսաղեմում Սողոմոնի տաճարի վերականգնումն է։ Սրա համար ամեն միջոց իրար օգնելու եւ քաղաքականություն խաղալու իրենց թույլատրված է։ Մենք այդպիսի նպատակ չունենք։ Շուրջը բարիք սփռելն է մեր նպատակը։ Էլիտար ակումբ է «Ռոտարին», ամեն մարդ չի կարող անդամակցել։ Իսկ մամուլում հրապարակված անուններից միայն Ահարոն Ադիբեկյանն է, որ մեր ակումբի անդամ է, բայց նա մասոն չէ։ Այս լուրերը տգիտության արդյունք են։ Ճշմարիտ տեղեկություն չկա, մարդիկ վազում են սենսացիայի հետեւից, շտապում են չգիտակցված բանի մասին կարծիք հայտնել, թե եկել ենք Հայաստանը քանդելու»։

Մեզ մոտ սովորաբար այդպես է, ծայրահեղությունների մեջ ենք ընկնում. յուրաքանչյուր օտարամուտ կամ օտարահունչ երեւույթ կամ շատ լավ է, վազում ենք հետեւից, կամ հակառակըՙ ազգաքանդ է, քայքայիչ։ Սիրում ենք առանց ուսումնասիրելու, ճանաչելու կարծիք հայտնել, մոդայի՞ն ենք տուրք տալիս, թե՞ շատ հայրենասեր ենք ուզում ձեւանալ, հարց է տալիս Հ. Սեֆերյանն ու շարունակում. «Մենք փոքր ենք։ Սովետի փլուզումից հետո մեծ անկում կրեցինք։ Երկրաշարժը, ղարաբաղյան հակամարտությունը եւ դրանից բխած հետեւանքները (շրջափակում, տնտեսական քայքայում) ավելի տկարացրին մեզ։ Տկարը խոցելի է միշտ։ Մենք կարծում ենքՙ դրսից եկողները մեր այս տկար պահն օգտագործում են եւ օգնության պիտակի տակ քայքայում մեր ազգային արժեքները, դրանով իսկ ոչնչացնում մեզ։ Այն հայը, որ գիտակից է իր ազգային արժեքներին, իր պատմության ակունքներից է ջուր խմել, անհնար է, որ շեղվի։

Հայաստանը ծաղկել է, երբ կամրջի իր դերն է խաղացել արեւմուտքի եւ արեւելքի միջեւ։ Ինտեգրացումն աշխարհի մեջ այլ բան է, ձուլումն ուրիշ բան է։ Մենք պիտի աշխարհի մեջ մերվենքՙ մեր ազգային դիմագիծը, արժեքները պահպանելով, որ համ ու հոտ տանք այդ աշխարհին, այլապես աշխարհին էլ ծառայած չենք լինի, մեզ էլ։

«Ռոտարին» ինձ համար սեր է, ծառայություն է, երջանկության բանալի է։ Իմ սկզբունքն էՙ ավելի լավ է մոմ վառել, քան թե խավարն անիծել։ Եթե, ասենք, այս չկա, այն չկա, սա սխալ է, նա սխալ է, ոչինչ չի շտկվի։ Դու քո մոմը վառիր, որ խավարը փարատվի, դու քարը քարի վրա դիր, դու քո բարի գործն արա։ Ռոտարացին այսպես է մտածումՙ ինչ կարող եմ անել, եւ այդ բարիքն է անում»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4