«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2003-10-30 | #199, 2003-10-31 | #200, 2003-11-01


ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Այսպիսով, կառավարությունը ներկայացրեց 2004 թ.-ի պետական բյուջեի նախագիծը։ Առաջին առանձնահատկությունն այստեղ այն էր, որ բացակայում էին մեր վերջին տարիների բյուջեների անբաժանելի բաղկացուցիչ Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների վարկերըՙ այսպես կոչված SAC-երը։ Դա, իհարկե, դրական երեւույթ կարելի է համարել։ SAC վարկերը տրվում էին բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով, եւ այս բյուջեում դրա բացակայությունը նշանակում է, որ պետությունն այս խնդրի լուծման համար այլեւս այդ վարկի կարիքը չունի։ Սակայն, դժբախտաբար, դեռեւս հեռու ենք անդեֆիցիտ բյուջե ունենալուց եւ արտաքին վարկերից զերծ մնալուց։ Այս տարի եւս բավականին մեծ դեֆիցիտ (42 մլրդ դրամ) է ծրագրված, որի մի չնչին մասն է (3 մլրդ դրամ) ծածկվելու ներքին աղբյուրների հաշվին։ Դարձյալ ՀԲ-ի վարկավորումն է հիմնական հույսը։ Տարբերությունը միայն այն է, որ բյուջետային վարկերի փոխարեն սպասելու ենք ոլորտային վարկերի։

Խոսելով պետբյուջեի մասին, արժե անդրադառնալ ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցին։ Ինչպես հայտնի է, նման փոփոխություններ բյուջեն չի կանխատեսում։ Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին հայացքից այն, որ մեր բնակչությունը կարող է հանգիստ շունչ քաշել եւ գոնե մեկ տարի հուսալ, որ այստեղ թանկացումներ չեն լինի։ Սակայն մյուս կողմից հայտնի գործոնները նման հույսի հնարավորություն չեն տալիս։ Գազի թանկացումը, էներգիա արտադրող մի շարք խոշոր ձեռնարկությունների փոխանցումը ռուսական կողմին ենթադրում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Դա էլ կխթանի ջրի սակագնի բարձրացումը, քանզի վերջինիս ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի բաժինը դեռեւս զգալի է։ Բացի այդ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտարարել է սակագնի հնարավոր թանկացման եւ այդ կապակցությամբ կատարվող հաշվարկների մասին։ Այնպես որ այս ծառայությունների թանկացումից, ամենայն հավանականությամբ եկող տարի չենք խուսափի։ Դրա անուղղակի ապացույցը հենց նույն 2004 թ.-ի բյուջեն է, ավելի կոնկրետՙ բյուջեով նախատեսված աշխատավարձերի բարձրացումներն են։

Նվազագույն աշխատավարձը 5 հազար դրամից բարձրանալու է մինչեւ 13 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը 18 հազար դրամից կդառնա 30 հազար դրամ, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրացումներ։ Սրանք այն քայլերն են, որոնք հավանաբար կնախորդեն ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, նպատակ ունենալով մեղմել վերջինիս ազդեցությունը։ Առաջ անցնելով նշենք, որ դժվար թե այդ նպատակն իրականանա, քանզի աշխատավարձերի հիշյալ բարձրացումները դեռեւս հեռու են այս ծառայությունների թանկացման հետեւից հասնելուց։

Աշխատավարձերի վերոնշյալ բարձրացումները մեկ այլ նպատակ էլ են հետապնդումՙ փորձել մեղմել այս տարվա բյուջեում բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, հարկայինների ու մաքսայինների, այսինքնՙ առանց այն էլ ապահով խավի աշխատավարձերի աննախադեպ բարձրացման թողած տհաճ տպավորությունը։ Այս նպատակին կառավարությունը հաստատապես չի կարող հասնել, քանզի բնակչության կեսից ավելի աղքատ համարվող երկրում առավել քան ապահովված խավի հանդեպ ցուցաբերած նման կողմնակալ վերաբերմունքը դեռ երկար ժամանակ հայհոյանքներով եւ անեծքներով է հիշվելու։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4