«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2003-10-30 | #199, 2003-10-31 | #200, 2003-11-01


ՇՈՒՏՈՎ ԿՍՊԱՌՎԻ ՆԱԵՎ ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Ամբաստանյալները դատարանի դահլիճում բնավ էլ վատ չեն զգում

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը շարունակեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունը։ Դատարան պետք է ներկայանար վկա ԱԺ պատգամավոր Արայիկ Գեւորգյանը։ Սակայն վերջինս սուր թոքաբորբով հիվանդ լինելու պատճառաբանությամբ չէր ներկայացել։

Ցանկանում էին ընթերցել նրա նախաքննական ցուցմունքը, սակայն ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը նշեց, թե գործընթացը վերածվում է ընթերցանության։ Ծավալվեց վիճաբանություն եւ դատավարության սկզբից բավականին անց դատավոր Սարո Արամյանն ի վերջո նկատեց, որ նիստից բացակայում են ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանը։ Ճշտելով, սակայն, որ Հովհաննես Հարությունյանը դեմ չէ առանց պաշտպանի նիստը շարունակելուն, դատարանն անցավ վկա Շողիկ Ալեքսանյանիՙ Արմեն Սարգսյանի կնոջ հարցաքննությանը։

Տկն Ալեքսանյանը նշեց, որ Ապերն ընդհանրապես հազվադեպ էր գալիս Արմեն Սարգսյանենց տուն։ 10 տարվա ընթացքում Ապերը Սարգսյանենց տանն, ըստ տկն Շողիկի, թերեւս եղել է մի 15 անգամ։ Վերջին անգամ երեւի նա այցելել է դեկտեմբերի 30-ին, երբ Արմեն Սարգսյանը տանն է եղել, զրուցել են։ Շողիկ Ալեքսանյանը սուրճ է հյուրասիրել նրանց, զրույցին չի մասնակցել, թեեւ լսել է մի քանի բառ. Լիբանան, մաքսատուն։

Որոշ ժամանակ անց Արմեն Սարգսյանը տնից դուրս է եկել, 20 րոպե անց վերադարձել, որից մոտ 20 րոպե հետո էլ գնացել է Ապերը։ Տան աստիճաններից իջնելիս Շողիկ Ալեքսանյանը լսել է, թե ինչպես է Ապերն Արմենին ասել. «Եղավ, Արմեն ջան, մի ամսից»։ Դրանից հետո, ըստ Ալեքսանյանի, Ապերը եւս երկու անգամ եղել է Սարգսյանենց տանը։

Ինչ վերաբերում է գործի նյութերով հայտնի դեկտեմբերի 24-ին Արմեն Սարգսյանի բջջայինից Ապերենց տուն կատարված գիշերային հեռախոսազանգին, ապա այդ կապակցությամբ վկան նշեց, որ այդ օրն Արմեն Սարգսյանը խմած, ուշ գնացել է տուն, սեղանի վրա տեսել Ապերի աղջկա հարսանիքի նկարները եւ կնոջն ասել, թեՙ զանգիր, խոսեմ։ Ըստ տկն Շողիկի, զանգահարել է ինքը, ինքն ու ամուսինը խոսել են Ապերի ու նրա կնոջ հետ։

Դեկտեմբերի 15-ին Արմեն Սարգսյանենց տուն Ապերի այցելության առնչությամբ վկան ժխտեց, որ Ապերը չի եկել եւ, ըստ իրեն, նաեւ չի զանգել։ Ընդ որում, Ալեքսանյանը տեղեկություն չուներ ամուսնու ծախսած գումարներից, սակայն նշեց, որ Արմեն Սարգսյանն իր բջջայինը երբեք ոչ մեկին չի տվել։ Այս առումով պարզաբանենք, որ, ըստ Ապերի ցուցմունքների, Ապերն Արմեն Սարգսյանի բջջայինով դեկտեմբերի 15-ին զանգահարել է իր բջջայինի վրա։

Ամբաստանյալի կինը դատարանում հայտնեց, որ դեկտեմբերի 24-ի գիշերային խոսակցության ժամանակ ինքը ներկա է եղել, բայց որեւէ գործնական խոսակցություն չի վարվել։ Վկան, ի դեպ, նշեց նաեւ, որ նման խոսակցություններ Արմեն Սարգսյանը կնոջ ներկայությամբ չի վարել երբեք։ Իսկ երբ Շողիկ Ալեքսանյանը խոսում էր իր ամուսնու բարոյական նկարագրից, նշեց, որ Արմեն Սարգսյանը մարդու այն տեսակն է, որ հիմա քիչ կա մեր շրջապատում։

Դատարան ներկայացած մյուս վկան Նուշիկ Հարությունյանն էր, Ֆելիքս Առուստամյանի համադասարանցին։ Նա պատմեց, որ սպանությունից հետոՙ դեկտեմբերի 31-ի գիշերը Ֆելիքս Առուստամյանը եկել է իրենց տուն, միասին դիմավորել են Ամանորը, եւ այդ օրը որեւէ անհանգստություն Հարությունյանը չի նկատել։ Դրանից մի քանի օր առաջ Առուստամյանը եղել է Հարությունյանի տանը եւ խնդրել ինչ-որ բան թաքցնել։ «Դա ի՞նչ կարող էր լինել» հարցին մինչ վկան ինչ-որ բան կպատասխաներ, Ֆելիքս Առուստամյանը տեղից ձայնարկեց, թե ատոմային ռումբ էր։

Դա դեռ քիչ էր։ Ամբաստանյալի, մեղմ ասած, անհոգությունը, իսկ ավելի ճիշտ լկտիությունն այն աստիճանի էր, որ երբ հարց տալու իրավունքն իրենն էր, վեր կացավ ու նախկին համադասարանցու որպիսությունը հարցրեց։ Դատավոր Սարո Արամյանը, որի համբերությանը նման դեպքերում ուղղակի նախանձել կարելի է, ի վերջո սպառեց համբերության պաշարն ու Ֆելիքսին հեռացրեց դահլիճից, ավելացնելով. «Գիտես թատրո՞ն ես եկել, արա»։

Հայտարարված ընդմիջումից հետո դատավորը ճշտեց, որ Արայիկ Գրիգորյանը չի կարող ներկայանալ դատարան, ուստի հրապարակեցին նրա ցուցմունքները։ Ըստ այդմ, Ավշարի գինու գործարանի բաժնետեր Արայիկ Գրիգորյանին մյուս մասի բաժնետեր Զավեն Սարգսյանի գործերը վարող որդինՙ Արմեն Սարգսյանն առաջարկել է գնել իրենց բաժնեմասը 400 հազար դոլարով։ 300 հազար դոլարը Գրիգորյանը վճարել է մինչեւ 2003 թ. հունվարի մեկը, իսկ փետրվարի 28-ին վճարել է մնացածը։

Քանի որ մյուս վկաները, որ պետք է գային Ղարաբաղից, դատավորի տվյալներով, դեռ ճանապարհին էին, ուստի դատական նիստն ընդմիջվեց անորոշ ժամանակով։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4