Հայոց եկեղեցու պատմության դասագրքերի մուտքը դպրոցներ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Օրեր առաջ, երբ մտավորական մի շրջանակում քննարկվում էր համակարգված դավադրություն կոչված ծրագիրը, որը հետամուտ է դանդաղ մահվան դատապարտելու ամեն ազգայինը, ելքի ճանապարհներ էին որոնվում ծուղակից դուրս գալու համար։ Եթե ազգային ինքնության հիմնատարրերը հայոց լեզուն, հայ եկեղեցին եւ մշակույթն են, այդ ելքերը պիտի միտված լինեն սույն երեք ազգապահպան կառույցները ոչ միայն պահպանելու, այլեւ հզորացնելու։ Այս հարցում այլակարծություն չի կարող լինել։ Եվ որեւէ հոգեւոր թե աշխարհիկ շինություն հաստատուն չի կարող լինել, եթե վեմը բարոյականությամբ կառուցված լինի։ Միեւնույն է, անբարո եւ հոգեզուրկ որեւէ բան վաղ թե ուշ դատապարտված է կորստյան։ Սա էր տրամաբանությունը, երբ հոգեւոր, քրիստոնեական համընդհանուր դաստիարակությունըՙ վաղ տարիքից սկսած ամենակարեւորն էինք համարում այն պարզ պատճառով, որ քրիստոնեական նկարագիրը հասարակության մեջ աստիճանաբար կարող է նվազեցնել արատավոր երեւույթների եւ հոռի բարքերի այն միտումն ու տեղատարափը, որի մեջ փորձում են այսօր ներգրավել մարդկությանը, այդ թվում նաեւՙ մեզ։
Այս տարիներին գիտակրթական բազում ձեռնարկներ են իրականացրել, որոնք այս կամ այն կերպ փորձել են առնչվել վերոհիշյալին։ Սակայն, մեր կարծիքով, ամենաէական քայլերից էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Հայաստանի կառավարության միջեւ անցած տարի կնքված համաձայնագիրը, որով ազգային մեր միջնակարգ կրթարանների IV-VIII դասարանների ուսծրագրերում հիմքը դրվեց հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման։ Այս որոշումից հետո Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության կենտրոնի եւ ԿԳ նախարարության համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ եղան դասագրքերի պատրաստման եւ հրատարակման ոչ այնքան դյուրին, նախադեպը չունեցող ձեռնարկինՙ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի աջակցությամբ եւ օրհնությամբ ու նվիրյալ բարեգործ Լուիզ Սիմոն-Մանուկյանի մեկենասությամբ։ Այս աշխատանքների երախայրիքը IV, V, VI, VII դասարանների հայոց եկեղեցու պատմության դասագրքերը եւ IV, V դասարանների ուսուցչի ձեռնարկներն են, որոնց շնորհանդեսը կատարվեց երկուշաբթի երեկոյան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում։
Դասագրքերը կրոնի քարոզչության նպատակ չեն հետապնդում, այլ հայ եկեղեցու պատմության, կառուցվածքի, նրա դերի, կրոնների ավանդությունների, ազգային սովորույթների մասին գիտելիք են հաղորդելու։ Այս հիրավի կարեւոր գործին ամենայն նախանձախնդրությամբ իրենց մասնակցությունն են բերել քրիստոնեական դաստիարակության կենտրոնի խորհրդի նախագահ, Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Մկրտչյանը, որին էլ հանդիսավարըՙ Տեր Ասողիկ Կարապետյանը, տվեց շնորհանդեսն առաջինը բացելու խոսքը։
Անդրադառնալով հայոց հոգեւոր մեծ դարձին եւ դրանով սկզբնավորված մեր քրիստոնեական մշակույթինՙ V ոսկեդարից սկսած, Աբրահամ եպս. Մկրտչյանը նկարագրեց հայոց եկեղեցու անցյալը, երբ Լուսավորչի հույսի եւ հավատի կանթեղը 1700 տարի շարունակ մեր ժողովրդին համախմբելու նշանակություն է ունեցել։ Խորհրդային մի քանի տասնամյակների ընդմիջումից հետո, այսօր էլ հայոց եկեղեցին ստանձնել է իր պատմական առաքելությունըՙ հայոց հոգեւոր, կրթամշակութային եւ ազգապահպանման գործը։
Աշխատանքների անմիջական ղեկավարներից ԿԳ կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մաթեւոսյանի խոսքն արժանապատվորեն հնչեց վեհարանի պատերի ներքոՙ նկատելի գորովով ու հոգատարությամբ։ Սկզբունքը եղել է, թե ինչպես աշակերտը կըմբռնի նյութը եւ ինչպես կմեկնաբանի ուսուցիչը, ընդ որում գիրքը պատրաստվել է ոչ միայն հայ դպրոց, այլեւ հայ ընտանիք մտնելու նպատակով, ինչը եւ իրականացվել է (գրքի հետ ծանոթությունից հետո յուրաքանչյուրի մեջ առաջացել է դրա անհրաժեշտության զգացումը)։ «Սա կարոտի կանչ է դեպի մեր արմատները։ Սա փորձ է նաեւ հայ մարդու հոգեբանության մեջ եղած ճաքը լրացնելու, փորձ է մեր նկարագիրը մեր քրիստոնեական նկարագրին մոտ բերելու, փորձ է հայ մարդու մեջ սերն ավելի խորացնելու դեպի հայ մարդը, քրիստոնյա մարդը եւ մարդն ընդհանրապես։ Սա հարգանքի, հավատքի տուրք է մեր եկեղեցուն»։
Դասագրքերի նորամուտը շնորհավորեցին կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, Արցախի ԿԳ փոխնախարար Սլավիկ Ասրյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ Լեւոն Վարդանյանըՙ մաղթելով ծրագրին բարեհաջող շարունակություն եւ ավարտ։ Երեկոյի ընթացքում հնչեցին շարականներ Հայ առաքելական եկեղեցու եւ ՀԲԸՄ-ի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» երգչախմբի սաների կատարմամբ (խմբավարՙ Կարինե Երզնկյան)։
Իր օրհնության խոսքը ներկաներին բերեց հայրենանվեր այս գործի նախաձեռնող ու աջակցող Ամենայն հայոց վեհափառ հայրապետը։
Վեհարանի կամարների ներքո կազմակերպված բազում միջոցառումներից ու հանդիսություններից Վեհափառը առանձնացրեց այս վերջինը, որովհետեւ այս դասագրքերը լոկ կրոնական մի կառույցի պատմություն չեն, դրանք ներկայացնում են պատմությունը հայ ազգի, մեր մշակույթի, մեր լինելիության, մեր ոգու եւ ինքնության։ Ամենայն հայոց հայրապետը գնահատանքի իր խոսքը բերեց հայրենի կառավարությանը, իր որոշումով սույն առաջարկն իրականացնելու համար նախկին եւ այժմյան ԿԳ նախարարներ Լեւոն Մկրտչյանին եւ Սերգո Երիցյանին, բոլոր այն անձանց, որոնց նվիրյալ աշխատանքով իրականություն դարձան այս ձեռնարկներըՙ գլխավորությամբ Աբրահամ սրբազանի եւ Վիկտոր Մաթեւոսյանի (մասնակցությամբՙ Պ. Հովհաննիսյանի, Վ. Մարտիրոսյանի, Վ. Ղանդիլյանի, Արամ Նազարյանի, Աշոտ Ղուկասյանի, Վարդան Դեւրիկյանի, Ղեւոնդ քհն. Մայիլյանի, Առաքել Գյուլբուդաղյանի, Ռուբեն Գասպարյանի, Մարիամ Պետրոսյանի, Գագիկ Հարությունյանի եւ այլոց)։ Առանձնահատուկ գնահատանքի խոսք ուղղվեց Լուիզ Սիմոն-Մանուկյանինՙ գրքերի ամբողջական ծախսը հոգալու համար, հիշատակվեցին նաեւ ամերիկահայ բարերարներ Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյան քույրերի ու Հարություն Աղասարգիսյանի անունները, նաեւ «Տիգրան Մեծ» հրատարակչատան տնօրեն Վրեժ Մարկոսյանի, որ իր կյանքի «ոչ այնքան դյուրին ժամանակահատվածում» կարողացավ բծախնդրորեն իրականացնել դասագրքերի հրատարակությունը։
Վեհափառ հայրապետը վերջում կատարեց ուրախալի ծանուցում. ամերիկաբնակներ տեր եւ տկն Ժիրայր եւ Հասմիկ Գաբրիելյանները հաստատել են մրցանակ (5 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում) կրոնի առարկայի լավագույն ուսուցիչների համարՙ ԿԳ նախարարության իրավասությամբ եւ կազմակերպմամբ։
«Այս ձեռնարկը նպաստելու է մեր հայրենի պետականության ամրացմանը եւ զորացմանը։ Արդարեւ, ամրությունը եւ զորությունը հայոց պետականության բարոյական նկարագրով օժտված քաղաքացին է, հավատքով, տեսիլքով կրթված հայորդին է։ Մաղթում եմ, որպեսզի այս դասագրքով մեր մանուկներն առնչվեն մեր մեծանուն հայր եւ վարդապետ Մաշտոցի թարգմանած առաջին տողերի խորհրդին. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», խոսքեր, որոնք եղել են գրավականը մեր գոյության ու մեր հարատեւության, եւ հետայսու պիտի շարունակենք առաջնորդել մեր ժողովրդի կյանքի ճանապարհն առ Աստված»։
Հ. Գ. Կարծում ենք, մեր կրթարաններում հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը պետք է ունենա առաջնային ուսուցման կարեւորություն հայոց լեզվի եւ գրականության ու հայ ժողովրդի պատմության առարկաների կողքին, եւ հոգեւոր կրթության առաջնահերթությունը հաշվի առնելովՙ դասացուցակները պետք է որ կազմվեն ավելի արդյունավետորեն։