«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Յուրաքանչյուր երկրի համար ամենահարմար առեւտրային գործընկերները հարեւաններն են։ Ճակատագրի բերումով Հայաստանի հարեւան երկրներից երկուսը թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ, երրորդը դեռեւս չի հաղթահարել ներքին անկայունությունը, եւ միայն Իրանի պարագայում համագործակցության խորացման համար չկան լուրջ խոչընդոտներ։

Իրանցի իրենց գործընկերների հետ գործարար կապերի զարգացման օգտին են հանդես գալիս հայ գործարարները, մասնավորապես Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ)։

Ինչպես տեղեկացանք միության տնօրեն Գագիկ Մակարյանից, ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանն ու ինքը մոտ 1 ամիս առաջ հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի հետ։ Հանդիպման ժամանակ Հայաստանի գործարարները ցանկություն են հայտնել, որ համագործակցության խորացման մասին խոսակցությունները մտնեն գործնական փուլ։ Մասնավորապես խոսքը Հայաստանի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի գործարար կապերի աշխուժացմանն է վերաբերում։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանից Արեւելյան Ատրպատական գործարարների խումբ ուղարկելու մասին։ Հենց այս նահանգը Թավրիզ կենտրոնով ունի մոտ 5 հազար գործարաններ, ցուցահանդեսային համալիրներ։ Իրանական կողմը խոստացել է հայկական ընկերություններին 25-30 տոկոս զեղչով տարածքներ տրամադրել ինչպես համերկրային ընդգրկման, այնպես էլ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու համար։

Ինչ վերաբերում է տնտեսության տարբեր ոլորտներին, ապա, Գագիկ Մակարյանի հավաստմամբ, կոնկրետ պայմանավորվածությունների հավանականություն կա մեքենաշինության, հաստոցաշինության բնագավառում։ Մասնավորապես Իրանում «Պեժ» հայտնի ընկերության ներկայացուցչությունը բանակցություններ է վարում հայկական մի ընկերության հետ այստեղ արտադրություն հիմնելու նպատակով։ Նախատեսվում է նաեւ թեթեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, շինարարության ոլորտների ընկերությունների հանդիպումներ եւ քննարկումներ։

ՀԱԳՄ տնօրենը հայտնեց, որ տարեկան Իրանից Հայաստան մուտք է գործել 26 հազար բեռնատար ավտոմեքենա։ Այսինքնՙ տրանսպորտային համագործակցության առումով եւս Իրանը մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում։

Ջուլֆայի ազատ տնտեսական գոտին նույնպես կարող է հետաքրքրական լինել։ Իրանցիները հպարտությամբ են նշում հայ գործարար Հրանտ Վարդանյանի հետ հաջողված համագործակցությունը, որն այցելելով Իրան, տեղում ծանոթացավ երկրի հնարավորություններին եւ երկու գործարան հիմնադրեց։

Մի խոսքով, ՀԱԳՄ-ն առաջիկա ամիսներին մի քանի նախնական այցելություններ է կազմակերպելու Իրան եւ մասնավորապես Արեւելյան Ատրպատական, ձեւավորելու է համակարգող աշխատանքային խումբ, որն էլ կնախապատրաստի գործարարների խմբի հիմնական այցելությունը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4