«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


«ՋՐԻ ՎԱՐԱԿՄԱՆ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉԷԻՆՔ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ»

Նշում է «Արզնի» թռչնաբուծական ընկերության նախագահը

«Արզնի ԹՏԽ» ԲԲԸ խորհրդի նախագահ Մարատ Ջանվելյանի հետ մեր հարցազրույցը, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է լիներ ընկերության գործունեության մասին, սակայն այս օրերին բոլորիս մտահոգող խմելու ջրի վարակման հարցը հնարավոր չեղավ շրջանցել։ Այդուհանդերձ, նախ ընկերության մասին։

¬ Ընկերությունը հիմնադրվել է 1997-ին։ Ձեռք ենք բերել ավերակների վերածված տնտեսություն եւ սկսել կազմակերպել արտադրությունը։ Տարեկան մոտ 40 տոկոս աճ ենք ունենում։ Հիմնականում զբաղվում ենք թռչնաբուծությամբ, 600 հազար թռչուն ունենք։ Բացի այդ, ունենք նաեւ մոտ 1000 գլուխ խոշոր եղջերավորներ, 1000 գլուխ խոզեր, 3000 գլուխ ոչխարներ։ Տարեկան 100 մլն ձու ենք արտադրում, որից 15-20 միլիոնն արտահանում ենք Վրաստան։ Գառներ ենք արտահանում Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ներքին շուկայում զբաղեցնում ենք ձվի սպառման 30-35 տոկոսը, կաթնամթերքիՙ 10 տոկոսը, մսամթերքիՙ 5-10 տոկոսը։ Մեր արտադրությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ ամեն ինչ ավտոմատացված է։ Զբաղվում ենք նաեւ սելեկցիոն աշխատանքներով։

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր ընկերության անվան հիշատակմանը ջրի վարակման առնչությամբ եւ ի՞նչ կցանկանայիք ասել։

¬ Կան խոսակցություններ, որ վթարի հավանական պատճառներից մեկը կարող է լինել «Արզնի ԹՏԽ»-ն։ Դա ինձ ե՛ւ զարմացնում, ե՛ւ զայրացնում է։ Ոչ ոք չի եկել մեզ մոտ, ոչինչ չի ստուգել, բայց անպատասխանատու հայտարարություններ են արվում։ Պետք է պատկերացում ունենալ, թե ինչ է կոյուղին, ինչՙ խմելու ջրի աղբյուրներն ու խողովակները։ Նախՙ մեր կոյուղին խմելու ջրի աղբյուրներից հեռու է առնվազն 3-4 կմ։ Ապա, վերջիններս գտնվում են սարի լանջին, իսկ անգամ վթարի դեպքում ձորով հոսող ջուրը չէր կարող բարձրանալ եւ լցվել այդ աղբյուրների մեջ։

Ջրահեռացումը մեզ մոտ կատարվում է հետեւյալ կերպՙ ունենք հորեր, որտեղ կուտակվում է թռչնաղբը, իսկ ջուրըՙ հեռացվում։ Այնուհետեւ այդ ջուրը գնում լցվում է Աբովյանի կոյուղու մեջ։ Վերջինիս մեջ են լցվում նաեւ բազմաթիվ այլ օբյեկտների օգտագործված եւ արտանետված ջրերը։ Եթե վթարը եղել է այդ կոյուղում, ինչո՞ւ են դա կապում հատկապես մեր ընկերության հետ։ Ասում ենՙ թռչնաղբի մնացորդ են հայտնաբերել, բայց մի՞թե դա ապացույց է։ Հավեր միայն մե՞նք ունենք։ Հաջորդը։ Եթե ջուրը վարակվել է մեզ մոտ, ապա ինչո՞ւ մինչեւ լամպերի գործարան ընկած բնակավայրերի բնակիչները չեն հիվանդացելՙ օգտագործելով այդ ջուրը։

- Հնարավո՞ր է, որ այդ օրն արտանետումները սովորականից ավելին են եղել, ինչն էլ խցանում է առաջացրել։

- Ինչպես մարդն իր ստամոքսից ավելի չի կարող ուտել, այնպես էլ հավը։ Նրանց չափաբաժինը օրական 120 գրամ է։ Դրանից ավելի կամ պակաս կարող են կերակրվել 1 տոկոսի չափով։ Նորից եմ կրկնումՙ մենք այդ վթարի կամ վարակման հետ որեւէ կերպ չէինք կարող կապ ունենալ։ Դուք տեսաք, թե որտեղ են կոյուղին, խմելու ջրի աղբյուրները, մեր արտադրության տարածքը։ Պատրաստ եմ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել այստեղ եւ ցույց տալ այդ ամենը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4