Այս տարի Հայաստանն, ի թիվս 5 այլ երկրների, ճանաչվել է հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանող ամենահեղինակավոր «Mining Journal» ամսագրի «Մրցանակ երկրին» անվանակարգի գլխավոր հավակնորդ։ Ինչպես տեղեկացանք առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, ամսագիրը սահմանում է վեց անվանակարգ, որոնցից հինգի համար պայքարելու են մասնավոր ընկերությունները։
Ինչ վերաբերում է երկրին տրվող մրցանակին, ապա այստեղ կարեւորվում է միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաեւ երկրում հանքարդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքականությունը։ Ըստ այս ոլորտի հայտնի մասնագետ Քլարկ Ալենի, Հայաստանը լուրջ հավակնություններ ունի մրցանակակիր դառնալու։
Սակայն, նախարարության կարծիքով, անկախ մրցույթի արդյունքից, Հայաստանի համար մեծ նվաճում է աշխարհի հանքարդյունաբերական առաջին վեց երկրների շարքում դասվելը։
Ա. Մ.