«Արդշինինվեստբանկի» եւ «Հայագրոբանկի» միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի վերջինս որոշ ակտիվներ եւ պարտավորություններ անցնում են առաջինին։ Ինչպես այդ կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Արամ Անդրեասյանը եւ «Հայագրոբանկի» տնօրեն Զորիկ Ավետիքյանը, այս գործարքը կարելի է համարել երկու բանկերի միաձուլում, որտեղ ոչ մի արտասովոր բան չկա։
Արամ Անդրեասյանը նշեց, որ ընտրվել են առողջ ակտիվները համարժեք պարտավորություններով։ «Հայագրոբանկի» բոլոր 35 մասնաճյուղերը վարձակալությամբ անցնում են «Արդշինինվեստբանկին»։ Վերջինիս վարչության նախագահը հավաստիացրեց, որ «Հայագրոբանկի» բոլոր 500 աշխատատեղերը կպահպանվեն, քանի որ իրենք բարձր են գնահատում այս բանկի աշխատակիցների մասնագիտական կարողությունները։ Երկու բանկերի ղեկավարները հատկապես ընդգծեցին, որ հաճախորդները, ավանդատուները որեւէ կորուստ չեն ունենա ոչ միայն հիմնական գումարի, այլեւ տոկոսադրույքների առումով։ Իսկ ձեռք բերված փաթեթի (ակտիվներ եւ պարտավորություններ) արժեքը կազմում է 3 մլրդ դրամ։ Ի՞նչ գնով է ձեռք բերվել «Հայագրոբանկը»ՙ մեր հարցին «Արդշինինվեստբանկի» ղեկավարը պատասխանեց, որ դա առեւտրային գաղտնիք է։ Նա նաեւ տեղեկացրեց, որ այս միաձուլումից հետո բանկի մասնաճյուղերի թիվը կհասնի 61-ի (26-ըՙ «Արդշինբանկի», 35-ըՙ «Հայագրոբանկի»)։
Արամ Անդրեասյանը հիշատակեց այն հանգամանքը, որ երկու բանկերն էլ ստեղծվել են 1924-ին Սարգիս Լուկաշինի հրամանով։ Երկու բանկերի ղեկավարները նշեցին «Հայագրոբանկի» մնացած մասի հետագա ճակատագիրը, նշեցին, որ կորոշվի առաջիկա 45 օրվա ընթացքում։
Լրագրողական այն հարցին, թե ինչպիսին է Կենտրոնական բանկի դիրքորոշումն այս գործարքի կապակցությամբ, հետեւյալ պատասխանը ստացվեց. «Կենտրոնական բանկի դիրքորոշումն էական չէ, քանի որ երկու մասնավոր կառույցներ փոխադարձ համաձայնությամբ կնքել են այս համաձայնագիրը»։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ