Շիրակցի ԱԻՄ-ականները մտադիր են նոյեմբերի 12-ին քաղաքական ակցիա կազմակերպել Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։ Հավաքվելով այստեղ, նրանք դեսպանության միջոցով այս երկրի իշխանություններին են դիմելու քաղաքական ապաստանի խնդրանքով։ Այս մասին կուսակցության մարզային կառույցի ղեկավար Ջուլիետա Ավետիսյանը եւ նույնի ավագանու անդամ Խաչատուր Մանուկյանը հայտարարեցին շաբաթ օրը Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում։ Մինչ այդ նրանք, ինչպես տեղեկացրին ասուլիսի ժամանակ, նույնպիսի գործողության են դիմել ամսի 7-ին, ԱԻՄ-ի Գյումրու գրասենյակի տարածքի վիճահարույց հարցով հանրապետության վճռաբեկ դատարանի նույն օրվա դատական նիստից հետո, որտեղ, իրենց տեղեկացմամբ, կուսակցությանը հիշյալ տարածքից վտարելու վճիռ է կայացվել։ Ջ. Ավետիսյանը նշեց, թե այս դատական ատյանը ավելի վաղ բեկանել էր նույն բովանդակությամբ տնտեսական դատարանի վճիռը, սակայն առիթ ունենալով երկրորդ անգամ անդրադառնալու խնդրին, չգիտես ինչու փոխել է իր դիրքորոշումը։
Գյումրու քաղաքապետարանի հայցով ԱԻՄ-ին իր մարզային գրասենյակից վտարելու հիմք է համարվել անցած տարիների ընթացքում վարձակալության վճարները չմուծելը կամ վարձակալության մասին իրավական ուժ ունեցող համապատասխան պայմանագրի բացակայությունը։ Մարզային կառույցի ներկայացուցիչները պնդում են, որ երկու փաստարկն էլ կեղծ են եւ սա ըստ էության «վերեւից» կազմակերպված քաղաքական հաշվեհարդարի փորձ է մի ամբողջ կուսակցության նկատմամբ, եթե հաշվի առնենք նաեւ, որ ԱԻՄ-ի հետ կապված նման խնդիր առաջացել է ոչ միայն Գյումրիում։ ԱԻՄ-ականները մեր երկրում բնականոն քաղաքական գործունեության հնարավորություն այլեւս չեն տեսնում, այդ պատճառով էլ որոշել են ամբողջ մարզային կառույցով ապաստան հայցել այլ երկրում։
Գ. Մ.