Կրթական արեւմտյան չափանիշներն են Հայաստանի ամերիկյան համալսարանի դասընթացների հիմքում, որը ուսանողների ազատ մտածողության եւ ինքնուրույն գործելակերպի հնարավորության ընձեռումն է հիմնականում։ Տարիների ընթացքում, բացի կրթական նոր մեթոդների ներդրումից, համալսարանում ձեւավորվել են բազմաթիվ ավանդույթներ։ Դրանցից ամենահաճելին, թերեւս, շրջանավարտների ամենամյա տոնական հանդիպումներն են։
ՀԱՀ-ի առաջին շրջանավարտները վերջերս իրենց ավարտական տասնամյակը նշեցին առանձնահատուկ շուքով։ Նրանք համալսարանի առաջին ուսանողներն էին եւ առաջին կրողներից էին համալսարանական կյանքի դժվարությունների, որոնք պայմանավորված էին երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով ու պատերազմական իրավիճակներով։ Համալսարանի երկու ֆակուլտետները (ճարտարագիտություն եւ գործարար կառավարում) 1993-ին տվեցին առաջին 54 շրջանավարտներին։ Անցել է 10 տարի, նրանց մեծ մասն այսօր աշխատում է Հայաստանումՙ զբաղեցնելով պատասխանատու դիրքեր (Կարինե Սարգսյանՙ «Կոկա-կոլայի» մարկետինգի տնօրեն, Մարգարիտ Հովհաննիսյանՙ «Թուֆենկյան» ընկերության երեւանյան մասնաճյուղի տնօրեն, Անահիտ Օրդյանՙ ՀԱՀ-ի վարչական տնօրեն, Արա Հակոբյանՙ պետգույքի կառավարման փոխնախարար, Ալեք Թամարյանՙ «Ամկոր» Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական տնօրեն եւ ուրիշներ)։
Հոկտեմբերի 9-ը դեռ երկար կձգվի նրանց հիշողության մեջՙ կարոտի, երախտագիտության հաճելի ու անմոռաց պահերով։ Իմ զրուցակից ՀԱՀ-ի վարչական տնօրեն Անահիտ Օրդյանը ոգեւորված հուզմունքով էր վերապրում օրվա ամեն մանրամասնություն։ Ամենից հիշարժանը ՀԱՀ-ի առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնի շենքի բակում ծառատնկման արարողությունն էր։ Խորհրդանշական մեկ եղեւնին եւ կողքի հուշագիրըՙ հիմնադիրների պատվին, իրենց ստացած կրթության նկատմամբ պարտավորվածության զգացումի վավերացումն էին։ ՀԱՀ-ի առաջին շրջանավարտների նախաձեռնությանը մասնակից էին համալսարանի հիմնադիր նախագահ Միհրան Աղբաբյանը, ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արմեն Տեր-Կյուրեղյանը եւ այժմյան նախագահ Հարություն Արմենյանը։ Հատուկ այդ օրվա համար պատրաստվել էր տեսաժապավենՙ պատմական կադրերով (բացման արարողություն, առաջին շրջանավարտների ավարտական հանդիսություն, շրջանավարտների ավանդական ամենամյա հավաքներ, հիմնադիր նախագահների ելույթներից հատվածներ)։
Շրջանավարտներիՙ ոգեշունչ բանաստեղծական տեքստով պատրաստած հուշագրերն ուղղված էին Լուիզ Սիմոն-Մանուկյանին, Միհրան Աղբաբյանին, Արմեն Տեր-Կյուրեղյանին եւ Ստեփան Կարամարդյանի ընտանիքին։
Հավաքին ներկա չգտնվող շրջանավարտների ուղերձ-լուսանկարներով պատրաստված սլայդ-շոուն յուրօրինակորեն ապահովեց նրանց մասնակցությունը օրվա խորհրդին։ Համալսարանական 54 շրջանավարտներից տեղեկացված 45-ը այդ օրը նվիրատվության ակցիա կատարեցինՙ 100-200-ական դոլար նվիրելով ՀԱՀ-ի գրադարանի օդափոխման համակարգի նորոգման համար։
Իրենց այս վերադարձով համալսարան շրջանավարտներն իմաստավորեցին օրըՙ դրսեւորելով երախտիքի ու պարտքի զգացում։ Անահիտ Օրդյանն այն կարծիքին է, որ այս օրինակելի պահվածքը ցանկալիորեն պետք է տարածվի նաեւ մեր մյուս բուհերում. «Միջոցառումը մեծ խորհուրդ ուներ։ Դա երախտագիտության, հոգու վեհացման, ազնվության մի երեկո էր, հոգու պարտք էրՙ տվածը վերադարձնելու»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ