«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ԴԺՎԱՐԻՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔ. ԵՐԿՈՒ ԵՐԱՆԻՆ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄԵԿՏԵՂՎՈՒՄ

Միջնադարյան հայ ճարտարապետական գոհարներից մեկըՙ Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին, թաքնված է Երեւանի... սրտումՙ քաղաքաբնակների աչքից հեռու, խորհրդային բազմահարկ շինություններով շրջանակված, երիզված ավտոտնակների նույնքան անհրապույր շարանով։ Բազմիցս լսած լինելով լեզվի ինստիտուտի բակում գտնվող եկեղեցու մասինՙ շատերս չենք էլ փորձել այցելել։ Այսօր եկեղեցու եւ լեզվի ինստիտուտի շենքի կնճռոտ «հարաբերությունները» եւ դրանց շուրջ ծավալված հարցը ենթակա են լուրջ տարակարծությունների, որովհետեւ այս շինությունները խորհրդանշելով երկու կարեւորՙ հոգեւոր եւ գիտական ոլորտներ, ցավալիորեն դարձել են «հակոտնյա» ուժեր։

Միջնադարի հիշողության վավերական այս փաստը հանիրավի մոռացության տալը որքան աններելի է, նույնքան բնականոնՙ նկատի ունենալով հոգեկան ամլության համայնավարական, աթեիստական, կարմիր ժամանակները։ Սրբավայրերի, եկեղեցական կառույցների հիմնահատակ ոչնչացումով կամ պղծումով, համայնավարներին, այնուամենայնիվ, չհաջողվեց իրագործել երբեւէ չիրագործելի իրենց ծրագրերը, ինչը վավերացվեց պատմական իրողությամբ. հիմնովին փլուզված համայնավարական գաղափարաբանություն եւ իբրեւ դրա հետեւանք անհատականությունից գրեթե զուրկ զանգվածի այսօրվա դրսեւորումները (բարոյական, հոգեւոր)։ Քարուքանդի համայնավարական քաղաքականության հետեւանքով Երեւանում կորցրինք երեք սքանչելի հոգեւոր-մշակութային արժեքներՙ Սբ. Պողոս-Պետրոս, Սբ. Գր. Լուսավորիչ եւ Գեթսեմանի եկեղեցիները։

Բարեբախտաբար, այդ ժամանակներում (ինչպես եւ բոլոր) կային մարդիկ, ովքեր հասկանում էին դրանց արժեքը եւ ինչ-որ կերպ փորձել են պահպանել։ Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին պահպանվել է այդպեսՙ ճարահատ թաքցվելով նորակառույց շենքերի հետեւում. գողտրիկ, ասես վախվորած, ինքն իր մեջ ամփոփված Սբ. Աստվածածինը տարել է գլխին եկած բոլոր փորձությունները։ 1936 թ. էր, որ սկսեցին քանդել Կաթողիկե եկեղեցին։

Եկեղեցին կառուցվել է XVII դ. մեծ երկրաշարժից հետոՙ 1693-1695 թթ., կառույցը պատկանում էր եռանավ, բազիլիկ, անգմբեթ եկեղեցիների տիպին։ 1936-ին, ուշ միջնադարի այս կառույցը քանդելու ժամանակ բացվեցին նախկինում ավանդաբար Սբ. Աստվածածին անունը կրող եկեղեցու հարավային եւ հյուսիսային պատերը, որոնց վրա եղած արձանագրությունները վկայում էին եկեղեցու տարեթիվըՙ 1264 թ.։ Այսպես կորստյան մատնված XVII դ. Կաթողիկե եկեղեցու փոխարեն երեւան եկավ XIII դարի Սբ. Աստվածածինը, որն այսօր թաքնված է լեզվի ինստիտուտի բակում։ Եկեղեցուն կիցՙ փոքրիկ ծածկի տակ, հավատացյալները մոմ են վառում սրբապատկերների հովանու ներքո։ Մամռակալած գմբեթն ու պատերը տեղ-տեղ ճաք են տվել, բայց քարի հմայքը պահպանված է, պատերի արանքից տուխտ էր բուսել, ջարդված տուֆաքարին աղավնիներ էին թառել, շուրջը խաղաղ էր լքվածության աստիճանՙ կողքին հնուց քանդված եկեղեցու բեկորներով։ Հինավուրց կառույցների կողքին միշտ նույն զգացողությունն ես ունենում. անբացատրելի նիրհի մեջ ընկղմված ժամանակի մի թանձրույթ։ Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուց բացի Երեւանում Սբ. Սարգիս, Սբ. Հովհաննես եւ Սբ. Զորավոր եկեղեցիները նույնպես քաղաքի կենտրոնից չեն երեւում, թաքնված են շենքերի հետեւում։ Բայց վերջիններս անկախությունից հետո արժանացել են հոգածու ձեռքերի ու վերակառուցվել։ Կաթողիկե Սբ. Աստվածածինը, չգիտես ինչու, անկախության 12 տարիներին էլ մնացել է անպաշտպան ու մամռակալված։ Հիմա արդեն «քողազերծ» է արվում, թաքստոցից դուրս են ուզում բերել, որին, սակայն, խանգարում է... լեզվի ինստիտուտի շենքը։

Երեւանցու համար Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչաձեւման այս անկյունն անկարելի է պատկերացնել առանց լեզվի ինստիտուտի շենքի, որին իբրեւ ճարտարապետական կառույցի յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի, շինարարության տեսակետից, սեյսմակայունության առումով մասնագետներն իրենց կարծիքը կհայտնեն (հանրագիտարանի համար էլ ասացին, որ շենքը սեյսմակայուն չէ)։

Եթե պատկերացնենք փողոցի այս հատվածն առանց լեզվի ինստիտուտի շենքի, եկեղեցին իր ամբողջական տեսքով կերեւաՙ թերեւս առանց հավելակառույցի, բարեկարգ եւ առանց հարակա անհրապույր շինությունների, որոնց եթե փոխարինի վեհարանի ապագա նորակառույցը, տեսարանը գուցե փառահեղ լինի եւ գուցե թե Երեւանի այս հատվածը հոգեւոր կենտրոն դառնա, ինչը չհաջողվեց իրականացնել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խոշորածավալ կառույցի գոյությամբ։

Սակայն մեկ լուրջ վերապահում. վերանալով շենքային հարմարությունից, ճարտարապետական արժեքից եւ այստեղ գործող գիտական հաստատության կենսունակությունից, տարակարծություն չի կարող լինել, որ լեզվի ինստիտուտը պիտի գոյատեւի, ինչ էլ որ լինի։ Խնդիր է, թե մենք ի՞նչ ճանապարհ ենք ընտրում. որեւէ բան իրականացնելու համարՙ քանդելո՞ւ, թե՞ կառուցելու։ Քանդելով լեզվի ինստիտուտի շենքը, վերանում է քաղաքի մի հատվածի կենսագրություն, փոխարենը կառուցելու ենք (բարեբախտորեն) հոգեւոր տաճար։ Իբրեւ լուրջ փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ շենքն այլեւս լիարժեքորեն չի ծառայում գիտությանը։ Առաջին հարկը զբաղեցրել են սրճարանները, բարերը, եւ քանի որ այսօրվա միտումը տանում է մշակույթի, գիտության աստիճանական քայքայման եւ աչքերիս առաջ լավագույն շենքերը, որտեղ մշակութային հաստատություններն են զբաղեցնում, դառնում են բանկեր, հետագայում գուցե եւ բարեր, ուրեմն ի՞նչ իմանասՙ լեզվաբանությանՙ պատմական նշանակությամբ այս կառույցը (1943 թ. այստեղ է տեղակայվել գիտությունների ազգային ակադեմիան), ո՞ր անարժանին բաժին կհասնի։ Բայց այս ե՞րբ հասցրինք իջնել այն աստիճանի, որ հանրագիտարանի, լեզվաբանության, թանգարանի եւ այլ շենքերը կարող են փայ դառնալ դրամատերերի։

Եթե գիտությունը միջոցներ չունի իրեն պահելու, պետությունն էլ դրա ժամանակն ու ցանկությունը չունի, ուրեմն ի՞նչ պիտի լինի այս ոլորտի վիճակն առհասարակ։ Գուցե մի օր էլ համալսարաններն ու ակադեմիայի մյուս շենքերը նոր տերեր ունենան։ Ծայրահեղ մռայլատեսությո՞ւն է, գուցե։

Ցավում եմ, որ առաջին այցս Կաթողիկե եկեղեցի այս առիթով էր, ուր ափսոսանք զգացի, որ մեր աչքից հեռու մեկուսի տխրության մեջ է ապրում միջնադարի այս հրաշալիքը, բայց եւ անաղարտ միջավայրում։ Ինձ թվաց, թե Կաթողիկե Սբ. Աստվածածինը իր այցելուներին առայժմ ինքն է ընտրում...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4