Արցախյան պատերազմում վիրավորված եւ առաջին կարգի հաշմանդամ դարձած գյումրեցի 16 ազատամարտիկների քաղաքապետարանն անվճար տրամադրեց հատուկ այդ նպատակով պատրաստված մետաղյա շարժական կրպակներՙ առեւտրով կամ այլ գործունեությամբ զբաղվելու համար։ Ավելի վաղ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նրանց այդպիսի խոստում էր տվել, որը գործի վերածվեց։ Ձեռնարկի նպատակն է օգնել, որ ազատամարտիկ-հաշմանդամներն ըստ հնարավորին լիարժեք քաղաքացի զգան եւ իրենց ձեռքով իրենց ընտանիքի հացը վաստակեն։ Համայնքային ավագանու որոշմամբ յուրաքանչյուր հատկացված կրպակ կտեղադրվի տվյալ ազատամարտիկին հարմար տեղում, դրանց տերերը կազատվեն տեղական տուրքերից։ Քաղաքապետը հավաստիացրեց, որ հայրենի հողը իրենց արյամբ պաշտպանած մարդկանց հանդեպ հոգատարությունը կլինի շարունակական։ Ազատամարտի վետերաններն իրենց ջերմ երախտագիտությունը հայտնեցին համայնքապետին։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ