Լեզվի պետական տեսչության նոյեմբերի 4-7-ն անցկացված ստուգայցերի արդյունքներն ամփոփվեցին երեկՙ Լեւոն Գալստյանի մամուլի ասուլիսում։ «Ազգն» իր պարբերական մասնակցությամբ անդրադարձել է «լեզվարշավային» այս ստուգայցերին։ Լեւոն Գալստյանը կրկին հիշեցրեց, որ իրենց աշխատանքային բնականոն ընթացքին այս անգամ մասնակցած հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայությունը հասարակական հնչեղություն հաղորդեցին հարցին (ինչն ամենից էականն է իբրեւ մարդկանց թմրած գիտակցության մեջ ազգայինն արթնացնելու փորձ)։
Ստուգայցերին մասնակից կուսակցությունների եւ միությունների ներկայացուցիչներն իրենց գնահատական-կարծիքներին հավելեցին որոշ դիտողություններ եւ եզրահանգումներ արեցին։ Այսպես, արդյունավետը նախապես կանխարգելելն է այսպիսի անօրինական երեւույթներն ու սխալները («ՕԵ» երիտասարդական միավորում)։ ՀՅԴ «Ն. Աղբալյան ուսանողական միավորման» ներկայացուցիչն իրենց գաղափարներին եւ սկզբունքներին համահունչ այս ակցիայի համար կարեւոր համարեց քաղաքական հնչեղությունը։ Որովհետեւ շատ օբյեկտների տերեր քաղաքական գործիչներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, եւ սա լավագույն առիթն էր նրանց ազգային ինքնագիտակցության մեջ որոշակի տեղաշարժեր առաջացնելու։ «Եթե Հայաստանում չի պահպանվում մաքուր գրական հայերենը, գովազդներն ու ցուցանակները հայերենով չեն գրվում, ուրիշ որտեղ պիտի գրվենՙ սփյուռքո՞ւմ», հարց տվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի բեյրութցի մի ուսանող։
Որպես խնդրի հիմնարար լուծում առաջարկվեց օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ, իսկ «օտարամոլությունն արմատախիլ անելու ամենավստահելի ճանապարհը» համարվեց հանրակրթական դպրոցներում հայեցի կրթության եւ հայեցի մտածողության սերմանումը («Հայ արիների միություն»)։
Լեզվի տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Հովհաննես Սարոյանն ամփոփեց նոյեմբերի ստուգայցերի արդյունքներըՙ հրապարակելով թվային մանրամասն տվյալներ։ Ընդհանուր առմամբ այս ընթացքում ստուգվել են 36 տնտեսվարող սուբյեկտներ։ Ստուգումների արդյունքում կազմվել են 28 ակտեր, մնացած 8-ի դեպքում ակտեր չեն կազմվել տարբեր պատճառներով (օտարատառ ցուցանակներ ունեցող, բայց չգործող սուբյեկտներՙ 2, ստուգման պահին փակ (գիշերային) սուբյեկտներՙ 3, հինգ օբյեկտների պատասխանատուների բացակայություն)։ Այս 28 ակտերիՙ առայժմ 12-ի վերաբերյալ համապատասխան հայտերը ներկայացվելու են դատարան (հիմնականում Կենտրոն համայնքի առաջին ատյանի)։ Իսկ մնացած 16 խոչընդոտողների անուններն ու հասցեները ճշտելուց հետո պատրաստ ակտերը կուղարկվեն ավելի ուշ, այս թվում նաեւ 3 գիշերային ստուգայցերի կարիք ունեցող եւ տրված ժամկետը լրանալուց հետո ստուգման ենթակա 2 օբյեկտներ։
Պրն Սարոյանը դրական մի քանի մանրամասներ եւս հիշատակեց։ Այսպես, Թումանյան 15 հասցեում տեղակայված Internet club օբյեկտի պատասխանատուները ստուգայցից 2 օր հետո փոխարինել են օտարատառ ցուցանակը հայերենով, իսկ Նալբանդյան 50 հասցեի Carpets խանութի ցուցանակը հանված է, հավանաբար հայատառ համարժեքով փոխարինելու։
Իսկ ամենաարտառոցը «Nana Becon» (Թումանյան փող.) խանութ-սրահի աշխատակցուհու արտահայտությունն է եղել, «վաբշե թքած ունեմ հայերեն տառերի վրա, դեռ ես եմ ձեզ դատի տալու»։
Մինչդեռ լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանն իբրեւ ամփոփում հնչեցրեց Ավ. Իսահակյանի հետեւյալ խոսքը. «Մեր լեզուն մեր հայրենիքն է, նվազեցնել լեզվի սահմանները, նույնն է, թե նվազեցնել հայրենիքի սահմանները»։
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ