Ընդդիմության մի մասը պահանջում է Շեւարդնաձեի հրաժարականը, մյուս մասըՙ խորհրդարանական նոր ընտրություններ
Վրաստանի նախագահի եւ ընդդիմադիր առաջնորդների նախատեսված հանդիպումը չի կայացել։ Ընդդիմության առաջնորդներ Միխայիլ Սահակաշվիլին, Նինո Բուրջանաձեն եւ Զուրաբ Ժվանիան այդպես էլ չեն ժամանել նախագահի նստավայր, որտեղ նրանց բացի Էդուարդ Շեւարդնաձեից սպասում էին պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նանա Դեւդարիանին։
Նոյեմբերի 2-ի խորհրդարանի ընտրություններում իրական հաղթանակ տարած Սահակաշվիլին երեկ, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, խորհրդարանի շենքի առաջ հավաքված ցուցարարներին Շեւարդնաձեի հետ հանդիպումից հրաժարվելու փաստը բացատրել է նրանով, որ ինքը ցանկություն չունի ընտրությունների արդյունքների շուրջ սակարկություններ սկսել իշխանությունների հետ։
Նախօրեին կառավարամետ դաշինքի անդամներից Վախթանգ Ռչեուլիշվիլին հայտարարել էր, թե իշխանությունները պատրաստ են ճանաչելու Սահակաշվիլու կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։
«Եթե նախագահը հայտարարի, որ ընդունում է ընդդիմության հաղթանակը, այդ դեպքում ես պատրաստ եմ հանդիպման», ասել է Սահակաշվիլին։ Նա նշել է, որ նախագահի հետ բանակցությունների պաշարները սպառվել են, եւ այսուհետեւ պահանջելու է Շեւարդնաձեի հրաժարականը։ «Ես չեմ հանդիպելու Շեւարդնաձեին, քանի դեռ նա հրաժարական չի տվել», ասել է նա։ Երեկ Սահակաշվիլու համախոհները փորձել են հացադուլ սկսել նախագահի գրասենյակի առջեւ, սակայն անվտանգության ուժերը թույլ չեն տվել եւ ուժ գործադրելովՙ ցրել են նրանց։ Սահակաշվիլին նաեւ նշել է, որ թույլ չի տա Ասլան Աբաշիձեի վարչակարգի հաստատման փորձերը Թբիլիսիում։ «Շեւարդնաձեն փորձում է իշխանությունը փոխանցել Աբաշիձեին, որն Աջարիայում հաստատել է բռնատիրություն, ինչը նրան հնարավորություն կտա նման բռնատիրություն հաստատել ամբողջ Վրաստանում։ Նման ամոթալի կերպով Շեւարդնաձեն ավարտում է Վրաստանում իր 30-ամյա ղեկավարությունը», ասել է նա։
Գործող խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն եւ խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիան, ի տարբերություն Սահակաշվիլու, պատրաստ են բանակցել նախագահ Շեւարդնաձեի հետ, պայմանով, որ խորհրդարանական ընտրությունները համարվեն անվավեր եւ անցկացվեն նոր ընտրություններ, հաղորդում է Civil.ge էլեկտրոնային թերթը։
ԿԸՀ-ի նախագահ Դեւդարիանին հայտարարել է, որ նոր խորհրդարանական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, եւ ավելացրել է, որ ընտրություններին մասնակցել է 1,9 մլն մարդ։ Հիշեցնենք, որ, ըստ ճշգրտված ընտրացուցակների, ընտրելու իրավունք ունեցողների թիվը եղել է 2,7 մլն։ Ըստ նույն ԿԸՀ-ի, նոյեմբերի 2-ին ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 55 տոկոսը կամ մոտ 1,5 մլն մարդ։
Երեկ Քութաիսի մարզային ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել ընտրությունների արդյունքները։ Ուշագրավ է, որ այստեղ մեծամասնական կարգով մրցակցի նկատմամբ բացարձակ առավելությամբ խորհրդարանի պատգամավոր էր ընտրվել Նինո Բուրջանաձեն։ Նա հայտարարել է, որ ինքը դեմ է Վրաց ուղղափառ եկեղեցու միջամտությանը երկրի ներքաղաքական գործընթացներին։ Նշենք, որ նախօրեին պատրիարք Իլիա Երկրորդը պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր կատարելու իշխանություն-ընդդիմություն առճակատումը հաղթահարելու հարցում։ «Եկեղեցին չպետք է ներքաշվի քաղաքական իրադարձությունների մեջ», ասել է Բուրջանաձեն։
Երեկ, ինչպես հաղորդում են վրացական էլեկտրոնային լրատվամիջոցները, հանրահավաք է տեղի ունեցել նաեւ ադրբեջանաբնակ Մառնեուլ քաղաքումՙ ի պաշտպանություն գործող նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի։ «Այստեղ ընտրություններն արդար էին։ Ինչպես կարող են դրանք անվավեր համարվել», ասել է Շեւարդնաձեի հավատարիմներից Լեւան Մամալաձեն։ Մեկ այլ հավատարիմՙ Իրինա Սարիշվիլին, որը 10 տարի շարունակ Շեւարդնաձեին մեղադրում էր ամուսնուՙ վրաց հայտնի քաղաքական գործիչ Գեորգի Ճանտուրիայի սպանության մեջ, Սահակաշվիլուն եւ նրա կուսակցությանը համեմատել է նացիստների հետ։
Ուշ երեկոյան տեղեկացանք, որ Երեւանում եւ Բաքվում հանդիպումներն ավարտելուց հետո երեկ բանակցությունների համար Մոսկվա է ժամանել Ասլան Աբաշիձեն։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ