«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2003-11-12 | #208, 2003-11-13 | #209, 2003-11-14


ՄԵՐ ԵՐԿՐԻ ԸՆԴԵՐՔՆ ԱՅՍՔԱՆ ՀԱՐՈՒՍՏ, ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՊԵՍ ԱՂՔԱՏ

«Հրաբուխների դարերի ընթացքում կուտակված լավան ստեղծել է քարերի մի հազվագյուտ ու եզակի թանգարան։ Չկա շինարարական քարի մի տեսակ, որ չգտնվի Հայաստանում։ Շատ եւ ամեն տեսակի քար կա Հայաստանում, բայց այստեղ անգրագետ քար համարյա չես գտնի»։ Բանաստեղծ Գեւորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» գրքից են այս տողերը, քարի մասին երգից։

Քարաստան եւ քարից հաց քամող ժողովուրդ...

Օրերս այցելեցի մայրաքաղաքի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի Հովհ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան (Աբովյան 10), որի վարիչը երկրաբանական գիտությունների թեկնածու Արայիկ Գրիգորյանն է։ Ընդարձակ թանգարանի երկու սրահներում քարերի տերություն է, իսկ ամենից անսպասելին 700 հազար տարվա պատմություն ունեցող փղի վերականգնված կմախքն է։ Ցուցասրահում ներկայացված են ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլեւ տարբեր երկրամասերի հազվագյուտ քարատեսակները։ Մեկ առ մեկ դրանց ծանոթանալու ընթացքում շատ հարցեր առաջացան ու դարձան մեր զրույցի հիմնական թեման։

«Երկրաբանական տեսակետից Հայաստանը չափազանց ինքնատիպ երկիր է, սակայն դրա նշանակությունն իրականում այնքան էլ չենք պատկերացնումՙ մեր բնությանն ու նրա ընդերքում կուտակված հարստություններին ամբողջապես ծանոթ չլինելու պատճառով։ Հրաբխային լեռնաշղթաները, եզակի հանքավայրերը, երկրաբանական տարբեր տեսակի հուշարձանները հսկայական հնարավորություններ են ստեղծում մեր երկրում լեռնային տուրիզմ զարգացնելու համար։ Մինչդեռ դրանց երկրաբանական զարգացման պատմությունը քչերին է ծանոթ։ Մեր ընդերքի հարուստ հանքավայրերը անկախությունից հետո հասկանալի ու անհասկանալի պատճառներով լիարժեք չեն օգտագործվում, մինչդեռ նախկինում երկրի զարգացումն ապահովող ամենագլխավոր ճյուղը լեռնային մետալուրգիան էր, որն այսօր գրեթե անտեսված է։ Մինչդեռ ունենք հզոր պաշարներ, որոնց ճիշտ օգտագործման դեպքում Հայաստանը պետբյուջեի հավելման խնդիր ընդհանրապես չի ունենա։ Դրանց 15¬20 տոկոսն օգտագործելով անգամ հեշտությամբ դուրս կգանք ներկա տնտեսական ճգնաժամից։ Ունենք նաեւ օգտակար հանածոների ահռելի պաշարներ, հայտնի են հայկական շինանյութերըՙ գրանիտը, բազալտը, տուֆը, մարմարը, հրաբխային ավազները եւ այլն, կարելի է երկար թվարկել։ Ընդերքի հարստությունը միայն նավթով ու գազով չի որոշվում։ Իրաքի այսօրվա իրավիճակից ելնելով դժվար է ասելՙ դրանք իսկապե՞ս բարիք են։

Մեր հանքային ջուրն, իհարկե, որոշ չափով հայտնի է միջազգային շուկայում, սակայն դա բավարար չէ, առաջնայինը շինանյութերն են, նաեւ մետաղական հանքավայրերը, որոնց հզորությունը պետք է հասցնել խորհրդային տարիների մակարդակին։ Ունենք նաեւ փոքր հանքավայրեր, դրանք կարելի է օգտագործել տեղական նշանակության համար. արտադրել աղյուս, ապակի, խեցեղեն, այսինքնՙ զարգացնել փոքր բիզնեսը։ Դա իհարկե, արվում է, սակայն նվազ չափերով, քանի որ համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու խնդիր կա։ Ամենասոսկալին այն է, որ տեխնոլոգիաների բացակայության պատճառով մասնավոր շահագործողները քարհանքերը բարբարոսաբար պայթեցնում են։ Դա ոչ մասնագիտական, անընդունելի մոտեցում էՙ երկրաբանական գիտելիքների պակասի եւ շահամոլության հետեւանք։ Ընդերքի հարստությունը ամեն մի պետության սիրտն է եւ ունի ռազմավարական նշանակություն, ուստի հենց պետությունն էլ պիտի տեր կանգնի ու ամենայն խստությամբ վերահսկի։ Մեր պետությունն այսօր միջոցներ չունի, հարկադրված դիմում է դրսի օգնությանը, որովհետեւ եղած պաշարներն անտեսված են։ Քաջարանի մոլիբդենի պոչերում կուտակված է հսկայական քանակությամբ հազվագյուտ մետաղների պաշար, որի շահագործումը միլիարդավոր դոլարներ կբերի ու երկիրը արագ ոտքի կկանգնի։ Սակայն, չգիտես ինչու, կառավարությունը որոշակի քայլեր դեռեւս չի ձեռնարկում։

Չպետք է մոռանալ, որ մեր երկրի ընդերքի միայն մակերեսն է ուսումնասիրված, ընդամենը 200¬300 մ, դրանից խորը ուսումնասիրված չէ, թե ինչ պաշարներ են թաքնված ներքին շերտերումՙ հայտնի չէ։ Այս խնդիրը սկսեցին շոշափել 80¬ական թվականներին, մասնավորապես Ալավերդու եւ Ղափանի հանքավայրերի վերաբերյալ, սակայն այդպես էլ անկատար մնաց», ասաց պրն Գրիգորյանը։

Թանգարան այցելող զբոսաշրջիկները հաճախ կարծիք են հայտնում, որ եկեղեցիներից ու ճարտարապետական կոթողներից զատ իրենց հետաքրքրում են երկրաբանական հուշարձաններըՙ ժայռերը, բրածոները, Արագած լեռան, Քասախի ձորի, Սեւանա լճի երկրաբանական պատմությունները, որովհետեւ դրանք ավելի բազմերանգ են դարձնում մեր երկիրը։

Տեղեկատվության պակասի պատճառով այս թանգարանի գոյության մասին քչերը գիտեն, ոմանք էլ գիտեն, բայց չեն այցելել։ «Եվ հայ, եւ օտար այցելուները զարմանք են հայտնում Հայաստանի ընդերքի հարստությունը տեսնելով. ամենից շատ տպավորվում են դպրոցականները, նրանք հեռանում են վառվռուն աչքերով», հավելեց թանգարանի վարիչը։

Թանգարանը հիմնվել է 1937 թվականին, վերանորոգման խիստ կարիք ունի։ Տանիքն արդեն վնասված է, անձրեւային եղանակներին առաստաղը տեղ¬տեղ թրջվում է։ Վերանորոգումը նախատեսված էր 1987 թվականին. առաջին հարկում պիտի լիներ ցուցասրահը, երկրորդումՙ հնէաբանական թանգարանը, իսկ նկուղումՙ երկրաբանների ակումբը։ Հայտնի պատճառներով չիրագործվեց։ Թանգարանի աշխատանքային պայմանները բնավ չեն փոխվել. աշխատողները զրկված են համակարգչից, ուրեմն նաեւ այլ երկրների թանգարանների հետ կապ հաստատելու հնարավորությունից, չունեն անգլերենի թարգմանիչ, իսկ նմուշների հին ցուցանակները միայն հայերեն ու ռուսերեն են։ Տնօրենությունը դիմել է «Լինսի» հիմնադրամի օգնությանը, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Թանգարանում գործում է պատմամշակութային «Անահիտ» ակումբը, որի անդամները հիմնականում ուսանողներ են։ Ամռանը նրանք դուրս են գալիս արշավների, ծանոթանում հայրենի երկրի բնական հարստություններին։

Թանգարանի առաջին հարկը եւս երկրաբանության ինստիտուտին է պատկանում է։ Այստեղ գործում է «Քարագործների միությունը», խանութ¬սրահը, որը տեսանելի է դրսի անցորդներին։ Զրույցս շարունակեցի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի հրաբխագիտության բաժնի ավագ գիտաշխատող Սերգեյ Կարապետյանի հետ։ «Քչերը գիտեն, որ Հայաստանն աշխարհի դասական հրաբխային երրորդ երկիրն է, ունի 557 ոչ գործող, բայց երիտասարդ մեծ ու փոքր հրաբուխներ։ Վերջին տասնամյակներին մեծ ճանաչում ունեն թթու հրաբխային ապակիների տեսակներըՙ պեռլիտները, օբսիդիանները։ Պեռլիտները շատ հայտնի են, ունեն յուրահատուկ հատկություն, որոշակի ջերմաստիճանի ու ճնշման տակ փքվում են, ավելի թեթեւանում են, դրա համար էլ լայն կիրառություն են ստացել։ Իսկ օբսիդիանը օգտագործվում է որպես հղկվող նյութ, բոլորիս ծանոթ են դրանից պատրաստված զարդերը, ժամացույցները, արձանիկները... Հայկական օբսիդիանը ցուցադրվում է երկրաբանական բազմաթիվ թանգարաններում, առանձին հավաքածուներում։ Հայաստանը հարուստ է բազմաթիվ, բազմատեսակ ու բազմագույն տուֆերով. դրանք հրաբխային նյութեր են, առաջանում են հզոր ժայթքումների հետեւանքով, տարածված են ամբողջ Արագածի շրջանում, Երեւանի տարածքում եւ այլուր։ Մեր տուֆերը եզակի են իրենց որակով, գույներով, բացի Թուրքիայի սահմանագծից, ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել։ Միայն Արթիկի տուֆն ունի 28 երանգ։ Բացի հրաբխային նյութերից, Հայաստանը հարուստ է գրանիտներով, ամենատարբեր քարերով։ Ցավոք, հանքավայրերի մեծ մասը վերջին տարիներին փակվեց, Իրանից ներկրվեցին մարմար, գրանիտ, բազալտ, որոնցով տուֆակերտ, վարդագույն Երեւանում այսօր կառուցվում են խանութներ, տարբեր շինություններ։ Նախկինում մեր տուֆը հասնում էր Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա եւ այլուր, իսկ պեռլիտն իր յուրահատկությամբ հասնում էր Անգլիա, Բելգիա, Իտալիա...

Չգիտես ինչու այսօր արտասահմանում մոդայիկ է հատկապես տրավերտինը։ Մ. Նահանգներում մեծ պահանջարկ ունի Արարատի տրավերտինը, այստեղի հանքավայրերը հետաքրքրություն են առաջացրել տարբեր երկրներում։ Ի դեպ, Երեւանում «Կասկադն» է կառուցված տրավերտինից (նաեւ ավելացնենք, Թեքեյան կենտրոնը-խմբ.), ընդհանուր առմամբ այս քարով պատում են շինությունների ներսը, որովհետեւ ծակոտկեն է, ենթակա փոշոտման ու աղտոտման», ասաց պրն Կարապետյանը։

Խանութ¬սրահում վաճառվում են օնիքսից, օբսիդիանից պատրաստված զանազան իրեր։ Գնորդների թիվը քիչ է, որի պատճառը պրն Կարապետյանը համարեց տեղեկատվության պակասը։ Սփյուռքահայերը նախընտրում են դրանք գնել «Վերնիսաժից», որտեղ գներն անհամեմատ ցածր են։ Նրա գնահատմամբ, օբսիդիանի մշակմամբ զբաղվող մասնագետների վիճակը բավականին տխուր է, որովհետեւ օրվա հաց վաստակելու համար նրանք ստիպված են ժամերով կանգնել դրսում, իսկ եթե մեր պետությունը օբսիդիան մշակող 1¬2 գործարան բացեր, ապա վարպետների վիճակը զգալիորեն կթեթեւանար, նրանք գոնե իրենց ապրանքի վաճառքով չէին զբաղվի։

Պրն Կարապետյանի աշխատասեղանին դրված էր Հայաստանի հրաբխային առաջացումների քարտեզը, որի վրա նա այժմ աշխատում է։ Դիտելով բոլոր կետերը, վերստին համոզվեցի, որ մեր ընդերքը հարուստ է, հազվագյուտ ու յուրատիպ քարատեսակներով, որոնք լիարժեք օգտագործման կարիք ունեն։ Մեր գործարարները հայկական քարատեսակներն օգտագործելու եւ օտարին ներկայացնելու փոխարեն ներկրում են Իրանից, որովհետեւ էժան է, մշակված ժամանակակից տեխնոլոգիաներով, թեպետ վերջին շրջանում աշխուժություն է նկատվում հայկական քարը նոր տեխնոլոգիաներով մշակելու եւ արտահանելու։ Մեր մի քանի հանքավայրերը ժամանակավոր շահագործման են տրված տեղական կամ օտար ընկերություններին կամ էլ ենթարկվում են ստվերային շահագործման ու պայթեցվում բարբարոսաբար։

Այսպես շարունակվելու դեպքում այլեւս կոչվելու ենք Քարաստանի քարից երես թեքող ու հանապազօրյա հացն օտար ափերում քամող ժողովուրդ...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4