«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2003-11-13 | #209, 2003-11-14 | #210, 2003-11-15


ՄԵԼԳՈՆՅԱՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Տարածքի համար առաջարկվում է 40 միլիոն փաունդ

«Սայփրս մեյլ» կիպրական թերթում Ժան Քրիստուն գրում է.

Հայկական համայնքը արագ միջոցներ է ձեռնարկում փրկելու վատառողջ վիճակում հայտնված Մելգոնյան վարժարանը փակվելու վտանգից։ Գործարարները 40 միլիոն կիպրական փաունդ (շուրջ 70 մլն դոլար) են գնահատել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող վարժարանի տարածքը։

Վարժարանը, կառուցված 1926 թվին, մոտ 80 տարի եղել է հայկական մշակույթի կենտրոն։ Այժմ դրա ապագան կասկածի տակ է դրված, քանի որ Ամերիկայում տեղակայված կառավարիչ վարչությունը մտածում է շենքը վաճառելու կամ այլ վայր տեղափոխելու մասին։

Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Պետրոս Գալայճյանը «Սայփրս մեյլ» թերթին ասաց, որ ամբողջ համայնքն է ոտքի կանգնած նման հեռանկարի դեմ։ Նա հայտնեց, որ Փարիզ է թռչելու այս շաբաթավերջինՙ հանդիպելու վարչության կառավարիչ նախագահին ու փոխնախագահինՙ համոզելու համար, որ հետ կանգնեն իրենց մտադրությունից։

Հայկական համայնքը միեւնույն ժամանակ դիմում է Կիպրոսի կառավարությանըՙ օգնելու վարժարանին լրավճարներ հատկացնելովՙ փակելու համար բյուջեի պակասորդը։ Նախատեսված է Գալայճյանի հանդիպումը կրթության նախարարի հետ։

Ըստ Գալայճյանի, դպրոցի փակման վերաբերյալ ասեկոսեներն արդեն որոշ ժամանակ շրջում են երկրով մեկ այն բանից հետո, երբ ՀԲԸՄ-ի կառավարիչ վարչության անդամներից մեկը կղզի այցելելով զեկույց է պատրաստել վարժարանի ապագայի վերաբերյալ։ ՀԲԸՄ-ն քսանից ավելի դպրոցներ է հովանավորում ամբողջ աշխարհով մեկ։

«Մելգոնյանը պատկանում է ՀԲԸՄ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակին», բացատրեց Գալայճյանը, ավելացնելով, որ վարժարանի վայրը խիստ նպաստավոր է ֆինանսական գործարքի համար։ «Դպրոցների մեծամասնությունը շահույթով չի աշխատում, եւ վարչությունը մտածում է, թե ինչ անի դրանց հետ։ Ճիշտ է, դեռ որոշում չի ընդունել, բայց հենց ասեկոսեները սկսվում են, խուճապը ծայր է տալիս», ասաց Գալայճյանը։ Նա նշեց, որ անորոշությունն արդեն իսկ ազդել է ընդունվողների թվաքանակի վրաՙ 240-ից նվազելով 210-ի։ Աշակերտներից 60-ն են միայն Կիպրոսից։ Մյուսները Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ալբանիայից, Կանադայից եւ Մ. Նահանգներից են։

«Կա նաեւ վարժարանն այլ վայր տեղափոխելու գաղափարը, որին կառավարությունը տեղյակ է։ Մենք զրուցել ենք նրանց հետ եւ հանդիպելու ենք հաջորդ շաբաթ լրացուցիչ դրամական հատկացումների միջոցով հարցը լուծելու նպատակով։ Կառավարությունը լավ է տրամադրված», ասաց Գալայճյանը, շեշտելով, որ Կիպրոսի 3000-ի հասնող հայկական համայնքը, ինչպես նաեւ սփյուռքի այլ համայնքներ դեմ են Մելգոնյանի տեղափոխմանը կամ, առավել եւս, վաճառելուն։ Նա հույս հայտնեց, որ Փարիզից որոշակի, կոնկրետ լուրերով կվերադառնա։ «Նրանք չափազանց աղոտ են այդ մասին արտահայտվում, բայց նշել են որ կարող են տեղափոխել վարժարանը Կիպրոսի մի այլ վայր կամ նույնիսկ մի այլ երկիր», ասաց նա «ողբերգական» համարելով հայ համայնքի համար դրա կորուստը։

«Մենք այդ մասին չենք էլ ուզում մտածել։ Հնարավոր չէ ընդունել նման որոշում։ Եկեք ընդունենք, որ Մելգոնյանը խորհրդանշական իմաստ ունի։ Դա պատմական վայր է։ Մենք չենք կարող թույլ տալ դրա վաճառքը կամ տեղափոխությունը։ Ամեն ինչ այս համայնքում դրա շուրջն է պտտվումՙ ձեռնարկումներ, հանգանակություններ, թատերական ներկայացումներ, ամեն ինչ», եզրակացրեց նա, հույս հայտնելով, որ «վերջ կդրվի այդ ամբողջ անհեթեթությանը»։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4