Եթե Կոնգրեսը կամենա
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը մեծ նվաճում էր, որը Մ. Նահանգները ողջունում ու սատարում է։ Մենք աջակցում ենք, որ Կոնգրեսը Հայաստանին դուրս բերի այն երկրների շարքից, որոնց նկատմամբ գործում է Ջեքսոն¬Վենիկի ուղղումը։ Դրանով նորմալ առեւտրային հարաբերություններ հաստատելու ճանապարհ կբացվի», տնտեսական համագործակցության հայ¬ամերիկյան աշխատանքային խմբի յոթերորդ հանդիպման կապակցությամբ երեկ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը։ Նա հանդես եկավ հայտարարությամբ, ամփոփ ներկայացնելով նոյեմբերի 4¬5¬ը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկված հայ¬ամերիկյան երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերն ու մեր երկրում ամերիկյան կառավարության օգնության ծրագրերը։
Եվ այսպես, հերթական անգամ քննարկման են դրվել կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական զարգացման բնագավառում ամերիկյան տեխնիկական օժանդակության, օրինապահության, համաշխարհային առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներին առնչվող հիմնախնդիրները։ Երկու երկրների կառավարությունները մշակել են գործողությունների ծրագրի նախագիծՙ ընդգրկելով կողմերի հանձնառությունները եւ հանդիպումից հետո առանձնացված խնդիրները։ Ծրագիրը վերջնական տեսքի կբերվի եւ երկուստեք կստորագրվի առաջիկա շաբաթներին, որից հետո կվերանայվի 2004 թվականի սկզբին անցկացվելիք միջանկյալ քննարկման ժամանակ։ Կոռուպցիայի դեմ պայքարի համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել, ինչպես նաեւ քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ բանկային ոլորտի զարգացման ապագա ծրագրերը։ Կարեւորվել է էներգետիկայի բնագավառում ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունըՙ էներգիայի ապահովման անվտանգ, կայուն եւ հուսալի աղբյուր ստեղծելու նպատակով։
Այնուհետեւ պրն Օրդուեյը պատասխանեց լրագրողների հարցերին։ Դրանք ամենից առաջ վերաբերում էին Ադրբեջանում եւ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին եւ տարածաշրջանային զարգացումների վրա դրանց ազդեցությանը, Հարավային Կովկասում Մ, Նահանգների եւ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման մրցակցությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, դեսպանատան նոր շենքի տարածքի մեծությանը, ԶԼՄ¬ների մասին նոր օրենքին եւ այլն։ Նա հայտնեց, որ ամերիկյան վարչակազմը հիասթափված է թե Հայաստանում, թե Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից, իսկ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների գնահատականը դեռեւս տրված չէ։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է դադարեցնել այդ երկրներում ժողովրդավարություն հաստատելու իրենց ջանքերը։ Մ. Նահանգներն ու Ռուսաստանը Հայաստանին աջակցելու խնդրում որեւէ տարաձայնություն չունեն, ընդհակառակըՙ նրանց շահերը համատեղելի են։ Դեսպանը նշեց, որ Հայաստանում ամերիկյան ներդրումային դաշտը ընդլայնելուն խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության գործոնը եւ տրանսպորտային կապի խնդիրները։ «Եթե որեւէ ամերիկացի ներդնող իմ կարծիքը հարցնի, ես, իհարկե, կասեմ, որ Հայաստանում արժե ներդրում անել, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում, դրա համար հուսալի երաշխիքներ են պետք», ասաց նա։ Հետաքրքրական էր դեսպանատան նոր շենքի տարածքի վերաբերյալ նրա պատասխանը. «Երեւի ոչ մի երկրում Մ. Նահանգների որեւէ դեսպանատուն այդպիսի մեծ տարածք երբեւէ չի ստացել, սակայն դա կապված է հատկապես տեղանքի դիրքի հետ։ Զառիթափի պատճառով այնտեղ մեկ այլ շինություն հնարավոր չէ կառուցել», նշեց դեսպանը։