Ինչպես հայտնի է, խոզուկ (պարոտիտ) հիվանդության պատճառով Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի եւ Գուգարքի տարածաշրջաններում ու Վանաձոր քաղաքում անցած երկու շաբաթվա ընթացքում դպրոցներին հարկադիր արձակուրդ էր տրվել։
Թեեւ հիվանդության տարածումը նվազման միտում ունի, նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետարանում կայացած քննարկմանը որոշվեց եւս մեկ շաբաթով դադարեցնել դասերը նշված տարածաշրջանների դպրոցներում։ Հիմնական պատճառն այն է, որ հիվանդության թաքնված շրջանը 21 օր է։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ա. Դավիդյանցը, ԱՆ պետական հիգիենիկ-հակահամաճարակային վարչության պետ Ա. Վանյանը, ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Ս. Սուքիասյանը, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը, փոխմարզպետ Ա. Քոչարյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության ու կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունների պետերը։
Քննարկման ընթացքում Լոռու մարզպետին ներկայացվեցին համաճարակային իրավիճակը, հանրապետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները եւ 2004 թ. մարզում իմունիզացիայի իրականացման նախապատրաստական փուլը։
Նշվեց, որ մարզում կա անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոց, եւ հիվանդության տարածման զրոյականացումից հետո կարելի է սկսել այդ գործընթացը։
Ս. Դավիդյանը տեղեկացրեց նաեւ, որ շարունակվում են հիվանդության տարածման պատճառների ուսումնասիրությունները, քանզի վերջին 2,5 ամսում Լոռու մարզում գրանցվել է 550 հիվանդ երեխա։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ