Ժան Նոել Գերինինՙ Գյումրու պատվավոր քաղաքացի
Անցյալ շաբաթ Հայաստանում գտնվողՙ Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի խորհրդի նախագահ Ժան Նոել Գերինիի գլխավորած պատվիրակությունը շաբաթ օրն այցելեց Գյումրի։ Ֆրանսիական պատվիրակության կազմում այստեղ էին ժամանել Հայաստանում այդ երկրի դեսպանը, ֆրանս-հայկական «Բարձունք 5165» խորհրդանշական անունը կրող կազմակերպության անդամներ։ Սա ֆրանսիացի բարեկամների հերթական այցն էր Շիրակի մարզկենտրոն. նախորդ այցը տեղի էր ունեցել այս տարվա մայիս ամսինՙ Գյումրիում ֆրանսիական ատամնաբուժարանի բացման առիթով։ Ավելի վաղՙ դեռ 1997 թվականին, Բուշ դյու Ռոն նահանգի խորհրդի օժանդակությամբ այստեղ լուծվել էր Նիկողոս Սարաֆյանի անվան դպրոցի շենքի խնդիրը։
Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում, որտեղ կազմակերպվեց հյուրերի հանդիպումը Գյումրու հասարակայնության ներկայացուցիչների հետ, Բուշ դյու Ռոն նահանգի խորհրդի նախագահ պրն Գերինիի եւ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի միջեւ ստորագրվեց հետագա համագործակցության հուշագիր։ Գյումրիում ֆրանսիական կողմի այդ օրվա եւ հետագայում իրականացնելիք բարեգործական ձեռնարկումների թվում են համակարգիչների տրամադրումը Ն. Սարաֆյանի անվան եւ ֆրանսիական թեքումով դպրոցներին, ֆրանսիական ատամնաբուժարանին, «Սբ. Ծնունդը Գյումրու երեխաների համար» ծրագրի իրականացումը (ամանորյա նվերներ քաղաքի 3-10 տարեկան 12 հազար երեխաների), աջակցությունը քաղաքապետարանի «Հույս» մանկատանը, առողջապահական ծրագրի շրջանակներում մարզկենտրոնի բուժհիմնարկներից մեկում համակարգչային տոմոգրաֆի տեղադրումը։
Համայնքային ավագանու որոշմամբ Ժան Նոել Գերինիին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում։
Գ. Մ.