«Իմ բարեկամները մի անգամ ինձ ասին. «Ինչու Սինաթրայի համար երգ չես գրում։ Ես նստեցի ռոյալի մոտ եւ երաժշտությունն ինքն իրեն գնաց...», իր զրույցներից մեկի ժամանակ պատմում է XX դարի հայտնի Strangers in the night երգի հեղինակ Ավո Ուվեզյանը։ Նախապես երգը կոչվում էր Broken guitare (Ջարդված կիթառ), սակայն Ֆրենկ Սինաթրային բառերը քանի որ դուր չէին եկել, դրանք նորից գրվեցին եւ վերնագիրը նույնպես։ Սա իր առաջին երգերից է, որի ստեղծագործման պահերին Ավո Ուվեզյանը չի էլ պատկերացրել, որ այն կդառնա այդչափ հանրահայտ։
1958 թ. Լաս Վեգասում առաջին անգամ հանդիպեցին Ավոն եւ Սինաթրան։ «Աստված իմ, սա իմ կյանքի ամենահրաշալի պահն է, ես հանդիպեցի մեծագույն երգչինՙ Սինաթրային»։ Երգչի համար կյանքի այդ շրջանն այնքան էլ հաջողակ չէր, թվում էրՙ ավարտվում է իր երաժշտական կարիերան։ «Ես ուրախ եմ, որ ինձ դեռ որեւէ մեկը համարում է մեծ երգիչ, քո բառերը ես երբեք չեմ մոռանա»։ Տարիներ հետո «Ջարդված կիթառ» երգը ներկայացնելով Սինաթրայի դատին, Ավոն չհիշեցրեց նախկին հանդիպման մասին, սակայն Ֆրենկը ժպտալով ասաց. «Դու կարծում ես քեզ չե՞մ հիշում։ Այն օրը, երբ ես զգում էի ինձ միանգամայն ավելորդ եւ աշխարհը օտար ու սառն էր թվում, քո բառերը ստիպեցին ոգի առնել եւ կրկին հավատալ ինձ։ Ես անպայման կերգեմ քո երգը, բայց ոչ այս հանդիպման պատճառով, այլ որովհետեւ քո երաժշտությունը հրաշալի է, կասեմ իմ տղաներին, նրանք նոր բառեր կգրեն»։
75-ամյա Ավո Ուվեզյանը հավասարապես հայտնի է ինչպես երաժշտական աշխարհում, այնպես էլ սիգարի։
Ծնվել է Թուրքիայումՙ երաժիշտների ընտանիքում։ Հայրը ղեկավարում էր Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբերից մեկը, հետո վերադառնում է Թուրքիա, դասավանդում քոլեջում։ Մայրը եւ փոքր քույրը նույնպես երաժիշտներ են։ 16-ամյա երիտասարդը ստեղծում է ջազային խումբ, ելույթներով հանդես է գալիս Լիբանանում, Բաղդադում, Թեհրանում։ Մի անգամ պալատական համերգի ժամանակ արժանանում է Ռեզա Փեհլեւի շահի ուշադրությանը։ Ժամանակին Իրանում գտնվելիս նա սովորել էր պարսկերեն եւ շահի հետ զրուցում է պարսկերեն։ Լեզուների նկատմամբ Ուվեզյանի հակումը հայտնի է. տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին, թուրքերենին, պարսկերենին, հայերենին։ Շահի օգնությամբ նա ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոց։ Այդ օրվանից նա անբաժան է երաժշտությունից։
Մի անգամ Պուերտո Ռիկոյի առողջարանային ռեստորաններից մեկում նրան է մոտենում տիպիկ եվրոպացու արտաքինով մեկը եւ ընդգծված բրիտանական շեշտադրությամբ ասում. «Բարեկամս, մենք մի ընդհանուր բան ունենք, երկուսս էլ հայ ենք։ Ես կիսով չափ հայ եմ, կիսով չափՙ շվեյցարացի»։ Ավոյին մոտեցողը Ժակ Մելքոնյանն էրՙ Կիպրոսի Մելգոնյան կրթարանի հիմնադիրներ Մելքոնյանների շառավիղը։ Երեկոն, Ժակի առաջարկով, շարունակվեց լավ սիգարի «ընկերակցությամբ»։ «Դու, որ Կարիբյան կղզիներում ես ապրում, ինչո՞ւ չփորձես քո սիգարի արտադրությունը»։ Ժակի այս առաջարկն ըստ էության կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը։ 50 տարեկանում Ավոն մտավ սիգարի արտադրության մեջ։ Եվ հասկացավ, որ այդ տարիքում սխալվելու իրավունք չունի եւ այլընտրանք չունի բարձրորակ սիգար արտադրելուց բացի։ Իր արտադրած դոմինիկյան սիգարը սպառվեց շատ արագ, եւ նյույորքյան հայտնի Davidoff խանութի պատվերներն օր-օրի շատացան։ Տարիներ անց Davidoff ընկերությունը 10 մլն դոլարով գնեց Ավոյի սիգարի արտադրության իրավունքը։
Այսօր Ավոյի սիգարների կարելի է հանդիպել այդ հռչակավոր ֆիրմայի բոլոր խանութներում։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստանը եւ աշխարհը» մոսկովյան հանդեսը, որի թղթակիցը հանդիպել է երգահանին Մոսկվայումՙ անցած տարի։ Ավո Ուվեզյանը խոստացել է վերադառնալ Մոսկվա, նա խոստացել է այցելել նաեւ Հայաստան։
Մ. Բ.