Կարելի է ասել, որ կոմերիտմիության հոբելյանը Մոսկվայում նշվեց ըստ արժանվույն։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այդ երբեմնի նշանավոր երիտասարդական կազմակերպության էության, գործունեության մասին։ Եղան ընդունելություններ։ Թվում էր ներկա Ռուսաստանում վերաբերմունքը խայթիչ-հեգնական կլինի, բայց ընդհանուր առմամբ տրվեց բավականին օբյեկտիվ պատկեր։ Հայաստանից տոնի կապակցությամբ Մոսկվա էին եկել երկու տասնյակից ավելի նախկին կոմերիտական պատասխանատու աշխատողներ, որոնք մոսկվայաբնակ իրենց հայրենակից գործընկերների հետ մասնակցեցին հանդիսավոր միջոցառումներին։ Մի կողմ թողնելով «ակադեմիական» կուսակցական-քաղաքական-պատմական բնութագրերը, տարիների հեռվից կարելի է ասել, որ կոմերիտմիությունը կենսունակ կազմակերպություն էր։ Ես Մոսկվայում շփվում եմ բազմաթիվ նախկին կոմերիտական ակտիվիստների հետ եւ, եթե կուզեք իմանալ, հիանում եմ նրանց համերաշխությամբ, իրար օգնելու պատրաստակամությամբ, գործարարությամբ։ «Սոված» կոմերիտական չեմ տեսել։
Ծանոթներիցս մեկն աշխատանքի որոնումներով եկել էր Մոսկվա։ Տեւական դեգերումներից հետո մի օր փողոցում պատահաբար տեսնում է իր երբեմնի «կոմսոմոլ» գործընկերոջը, պատմում է «դարդերի» մասին, եւ վերջինս օգնության կարգով նրան աշխատանք է առաջարկում իր բարգավաճ ֆիրմայում։ Ոտքի կանգնեցնելով, բիզնեսմենը որոշ ժամանակ հետո առանձին ֆիրմա է բացում նրա համար, բնավ էլ չդադարեցնելով աջակցությունը։ Եվ, հավատացեք, նման օրինակները շատ են։
¬ Եթե խոսենք այսօրվա տերմիններով,¬ ասում է Մոսկվայի գործարար, Շամշադինի կոմերիտմիության նախկին ղեկավար Գագիկ Պապյանը,¬ ապա մեր կազմակերպությունը փաստորեն պատրաստում է կուսակցական-պետական-քաղաքական-հասարակական կյանքի մենեջերներ։ Անշուշտ, առկա է ավելորդ գաղափարայնությունը, բայց դա չէր խանգարում ձեռք բերելու գործնական աշխատանքի հմտություններ, շրջահայացություն, նպատակասլացություն եւ այլն։ Նախկին ղեկավարներ Տյաժելնիկովը, Պաստուխովը, Մեշինը, մեր Սուրեն Հարությունյանն ակտիվորեն ներգրավված են կյանքի նորացման ներկա գործընթացներում։ Պատահակա՞ն է, որ Ռուսաստանի օլիգարխների մեջ շատ են մեր «սաները»։ Եվ բնավ էլ անցյալը չէ մեղավոր, որ նրանցից մեկը հայտնվել է բանտում։ Լավ հետեւողական դպրոց էին անցնում։ Այնպես որ իմ կոմերիտական ջահելությունը վերհիշում եմ սիրով, եւ եթե հասնում եմ որեւէ հաջողության, էապես նաեւ այդ կենսափորձի շնորհիվ։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա