«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2003-11-15 | #211, 2003-11-18 | #212, 2003-11-19


ՄԱՐԱԹՈՆՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԼԻՆԵԼՈՒ

Համոզված է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը

Վերջերս ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարած իր այցերի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նոյեմբերի 18-ին հրավիրեց մամուլի ասուլիս։

Քանի որ այդ ուղեւորությունները լայնորեն լուսաբանվել են մամուլում, ամփոփելով դրանց արդյունքներըՙ նախագահը նշեց, որ Լոս Անջելեսում նոյեմբերի 27-ին կայանալիք հեռուստամարաթոնի շարժառիթով այս այցելություններն արդյունավետության առումով իրենց նախադեպը չունեն։ ԱՄՆ-ի 9 քաղաքներում տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումները ցույց են տվել, որ սփյուռքն իրոք ոգեւորված է Արցախին օգնելու խնդրով։ Մարաթոնի նախօրյակին տիրող տրամադրությունը թույլ է տալիս ասելու, որ այս տարի անհամեմատ մեծ է լինելու թե՛ մարաթոնի մասնակիցների թիվը, եւ թե՛ հանգանակված գումարի չափը։ Բացի Արցախի ողնաշարը կազմող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուց, նախագահի խոսքերով, ԱՄՆ-ում որոշակի աշխատանք է տարվել նաեւ Ստեփանակերտի պոլիկլինիկայի համար անհրաժեշտ գումար հայթայթելու ուղղությամբ։ Ըստ Ա. Ղուկասյանի, շուտով կստացվի այն անհրաժեշտ 500 հազար դոլարը, որը պակասում էր պոլիկլինիկայի շինարարությունը ավարտին հասցնելու համար։

Իսկ առաջին արդյունքներն արդեն առկա են։ Ֆրանսիայում անցկացված ֆոնեթոնի միջոցով հանգանակվել է շուրջ 900 հազար դոլար։ Անցյալ տարի բարեգործական բնույթի նման միջոցառման արդյունքում հավաքվել էր 600 հազար դոլար, եւ այս դինամիկան հաստատում է, որ ընթացիկ տարվա բարեգործական նախաձեռնություններն ավելի շատ դրական արդյունք կարձանագրեն։ ԼՂՀ ղեկավարներից թե ով կմասնակցի լոսանջելեսյան հեռուստամարաթոնինՙ դեռեւս հայտնի չէ։ Հավանական է, սակայն, որ Ա. Ղուկասյանն այս անգամ չի մեկնի ԱՄՆ։

Իր լավատեսությունը նախագահը հիմնավորեց նրանով, որ արդեն կա մեկուկես միլիոն ԱՄՆ դոլարի խոստում, որից մեկ միլիոն դոլարը պետք է նվիրաբերի Լուիզ Սիմոն-Մանուկյանը։ Ի դեպ, մեծ բարերարի դուստրը միայն վերջին երկու տարում երեք միլիոն երեք հարյուր հազար դոլարի նվիրատվություն է կատարել Արցախին։ Ընդհանրապես, այն բոլոր հայերին, ովքեր ապրելով արտերկրումՙ իրենց ներդրումներով աջակցում են ԼՂՀ-ի տնտեսական զարգացմանը, նա անվանեց Արցախի դեսպաններ տվյալ երկրում։ Ամենակարեւորը, նշեց նախագահը, սփյուռքում չկա հիասթափություն Ղարաբաղի նկատմամբ, ընդհակառակը, տարեցտարի ավելի է մեծանում հերոսական այս երկրամասի եւ ժողովրդի հանդեպ վստահությունն ու սերը։

Ա. Ղուկասյանն իր երախտագիտությունը հայտնեց նաեւ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, որի միջամտությամբ հայ եկեղեցիները եւս ակտիվորեն ներգրավվել են այս բարեգործական ակցիային։

Նախագահը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունում, Լիբանանում ու եւս մի քանի երկրներում «Հայաստան» համահայկական հիմնադրամն առայժմ չունի այնպիսի կառույցներ, որոնց միջոցով հնարավոր լիներ ապահովել մեր հայրենակիցների նյութական գործուն աջակցությունը։ Ինչ մնում է Հայաստանի մասնակցությանը հեռուստամարաթոնին, Ա. Ղուկասյանը տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ կա պայմանավորվածություն, եւ Հայաստանի մարզերը նույնպես ակտիվորեն մասնակցելու են հեռուստամարաթոնին։ Արտերկրում բոլոր հանդիպումների ժամանակ էլ ԼՂՀ նախագահին ուղեկցել են ՀՀ դեսպանները կամ հյուպատոսներ, որոնց ելույթները շատ օգտակար էին։ Հեռուստամարաթոնից անմասն չի մնա նաեւ Արցախը։ Այս առնչությամբ նախագահն ընդգծեց, որ ղարաբաղցիների մասնակցությունը ոչ այնքան գումարային, որքան բարոյական նշանակություն ունի։

Արցախում խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման համար, սակայն, չպիտի սահմանափակվել սոսկ մարաթոններով։ Պետք է գործի գցել տնտեսական զորացման գործնական բոլոր լծակներըՙ հնարավորություն տալով արցախցուն, որ ոչ թե պարզապես մարդասիրական օգնություն ստանա, այլ ինքը կարողանա արարելով վաստակել։ Իսկ որ արցախցին իրոք աշխատասեր է, դա փաստում են նաեւ Արցախ ժամանած բոլոր սփյուռքահայերը, հավաստեց նախագահը։

Ա. Ղուկասյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։ Մասնավորապես, հնարավո՞ր է Շուշիի զարգացման ծրագիրն իրականացնել մարաթոնների միջոցով։ Այս հարցին Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ Շուշիի հարցը մտահոգում է համայն հայությանը։ Կան գաղափարներ, որոնք վերաբերում են քաղաքի շինարարական, կոմունալ-կենցաղային, սոցիալական եւ հարակից պրոբլեմներին։ Սակայն դրանց լուծումը ոչ միայն հսկայական գումարների հետ է կապված, այլեւ տեւական ժամանակի խնդիր է։ Նրա խոսքերով, Շուշիի հիմնախնդիրներին կարելի է անդրադառնալ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ավարտից հետո։ Լրագրողներին նաեւ հետաքրքրում էրՙ Շուշին հետագայում կդառնա՞ ԼՂՀ մայրաքաղաք։ Չթերագնահատելով Շուշիի դերը, Ա. Ղուկասյանը նշեց, որ քաղաքն առավելապես պետք է դառնա առողջարանային, մշակութային կենտրոն։ Կա գաղափարՙ առաջիկայում Շուշի տեղափոխել խորհրդարանը, Արցախի պետհամալսարանը եւ այլն, սակայն դա հնարավոր կլինի իրագործել միայն այնտեղ համապատասխան կառույցներ ստեղծելուց հետո։ Մեխանիկական տեղափոխումը սխալ է, իսկ նման կարգի խնդիրները, հանրապետության ղեկավարի տեսակետով, լուծել կարելի է երկրում հասարակական-քաղաքական ուժերի հետ քննարկումներ անելու պարագայում։

Նախագահը չշրջանցեց նաեւ քաղաքական թեմաները։ Մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների վերջին ժամանակներս արվող ռազմաշունչ հայտարարությունները, նա դրանք անվանեց պոպուլիզմ, իսկ արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարության կապակցությամբ ասաց, որ քաղաքականապես անգրագետ պիտի լինելՙ չիմանալու համար նախկինում ղարաբաղյան կողմի հետ Ադրբեջանի բանակցային առնչությունները։ Ա. Ղուկասյանը ձեռնպահ մնաց Փարիզում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպումը մանրամասնելուց, նշելով, որ դեկտեմբերի սկզբներին համանախագահները պատրաստվում են նոր առաջարկություններով այցելել տարածաշրջան։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4