«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2003-11-18 | #212, 2003-11-19 | #213, 2003-11-20


ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ ԵՆ, ԹԵ՞ ՎՆԱՍԱԿԱՐ

Ուսանողների դիտարկմամբՙ երկուսն էլ

Կրթության միջազգայնացումը, որ այսօր արդեն լայն թափ է ստացել Հայաստանում, արժանանում է հանրության ինչպես դրական, այնպես էլ բացասական գնահատականներին։ Մի կողմից խոսվում է կրթության միջազգայնացմամբ միմյանց մերձենալու, քաղաքական, տնտեսական ու մշակութային սերտ համագործակցություն հաստատելու ուղիները դյուրին դարձնելու, մյուս կողմիցՙ ազգային ինքնության, հայ ավանդական ու խորհրդային կրթական բարձր համակարգի կորստյան վտանգի մասին։ Արդեն չորրորդ տարին է, որ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատունն անցկացնում է միջազգային կրթության շաբաթ, որի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ եւ այլ միջոցառումներ։ Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում երեկ անցկացվեց հերթական քննարկումը, որին մասնակցում էին Մ. Նահանգներում ուսանած 10 ուսանողներ, որոնցից հինգը ներկայացրին միջազգային կրթության դրական ներգործությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային ու լրատվական ոլորտներում, մյուս հինգըՙ նույն ոլորտներում դրա բացասական ազդեցությունը։ Հայաստանում Մ. Նահանգների փոխդեսպան Վիվիեն Վոլքերը նշեց, որ շաբաթն անցկացնելու հիմնական նպատակը ուսանողների փոխանակման ծրագրերի արդյունավետության ստուգումն է։ «Արդեն 16 տարի Մ. Նահանգների կառավարությունը նմանատիպ շաբաթներ է անցկացնում տարբեր երկրներումՙ միջազգային համագործակցությունը խրախուսելու համար։ Կարծում եմ, որ Մ. Նահանգներում կրթված ուսանողները վերադառնալով Հայաստան, իրենց ոչ թե ամերիկացու պես են պահում, այլ ձգտում են այնտեղ ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել իրենց երկրի զարգացման համար։ Ինչ խոսք, Հայաստանն ունի հզոր կրթական բազա, որով էլ բացատրվում է ուսանողների հաջողությունը, դրա վառ ապացույցն այն է, որ նրանք խոսում են մի քանի լեզուներով։ Ամերիկացի ուսանողները լեզվական նման հմտություններ, կարողություններ չունեն, բացի անգլերենից այլ լեզվով չեն խոսում, հետեւաբար այստեղ ուսանելու հնարավորությունից զրկված են։ Հուսով եմ, որ օրերից մի օր դրանք կստեղծվեն», ասաց նա։

Այնուհետեւ փոխդեսպանը Երեւանի պետական համալսարանի եւ լեզվաբանության համալսարանի ուսանողներից կազմված խմբերին առաջարկեց ներկայացնել իրենց դիտարկումները քննարկվող նյութի վերաբերյալ։ Առաջինը հանդես եկան միջազգային կրթության կողմնակիցներ, ապաՙ հակառակորդները։ Նշենք, որ երկու կողմերին էլ հաջողվեց համոզիչ փաստարկներ բերել ու դրանցով ընդգրկուն ամփոփել քննարկումը։ Իբրեւ զորեղ փաստարկ միջազգային կրթության հակառակորդները նշեցին, որ փոխանակման ծրագրերով մեկնածների 30 տոկոսը չի վերադառնում հայրենիք, իսկ վերադարձողները մի տեսակ կարոտով են հիշում այնտեղ իրենց տրված ընդարձակ հնարավորությունները ու մտածում վերստին մեկնելու մասին։ Իսկ հակառակ կողմի պնդմամբ, այդ ծրագրերը նպաստում են ուսանողների գիտելիքների հարստացմանն ու մտահորիզոնի ընդլայնմանը եւ լայն ասպարեզ բացում հայրենի երկրի առաջընթացի համար դրանք ի սպաս դնելու համար։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4