«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2003-11-19 | #213, 2003-11-20 | #214, 2003-11-21


ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՃԱՆԱՉՎՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐՈՎ

Այս անգամ ֆիզիկայի ինստիտուտի հաղթանակով

Տեղեկատվության հասարակության համաշխարհային գագաթաժողովի առաջին փուլը կանցկացվի դեկտեմբերի 10¬12¬ը, Ժնեւումՙ ՄԱԿ¬ի նախաձեռնությամբ եւ միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) կազմակերպմամբ։ Գագաթաժողովի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի, Ավստրիայի կանցլեր Վոլֆգանգ Շուսելի եւ այլ նախագահների հովանու ներքո կազմակերպվել է մրցանակաբաշխություն, որի նպատակն է տեսանելի դարձնել աշխարհում առկա էլեկտրոնային բովանդակության (ինտերնետ, դիվիդի, սիդի) լավագույն գործերը։ 8 կատեգորիաներից յուրաքանչյուրում հաղթել են 5 լավագույն աշխատանքներ, որ ընտրել է 2003 թ. մրցանակաբաշխության գլխավոր ժյուրին։ Ընտրությունը կատարվել է էլեկտրոնային բովանդակության եւ ստեղծագործական մտքի աշխարհի ավելի քան 800 լավագույն գործերից։

Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացվել է 8 անվանակարգ հետեւյալ ուղղություններովՙ էլուսուցում (www.3noor.org), էլ¬մշակույթ(www. vem.am), էլ¬գիտություն (crdlx5.yerphi.am), Էլ¬կառավարություն (www.armeniaforeignministry. am/e Visa), էլ¬առողջապահություն (www.gatway.am) , էլ¬գործարարություն (www.siliconarmenia.com), էլ¬զվարճանք (www.photopatker.am), էլ¬ներգրավվածություն (www.medlib.am)։

Ներկայացված անվանակարգերում էլ¬գիտության գծով հաղթող հնգյակի մեջ Մ. Նահանգների, Չինաստանի, Կանադայի եւ Խորվաթիայի կողքին ընդգրկվել է նաեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտությունների կենտրոնի (ղեկավար Աշոտ Չիլինգարյան) էլեկտրոնային էջըՙ (crdlx5.yerphi.am)։

Այս առիթով երեկ մամլո ասուլիս էր հրավիրվել հայկական զարգացման գործակալությունում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը մեր երկրի համար մեծագույն պատիվ համարեց պրն Չիլինգարյանի ղեկավարած աշխատակազմի հաղթանակը, ընդգծելով, որ գիտական հաջողություններն այսօր հասանելի են հիմնականում զարգացած երկրներում, քանի որ դրա համար պետությունը ահռելի ծախսեր է հատկացնում։ Սնվելով հիմնականում դրամաշնորհային ծրագրերից, ֆիզիկայի ինստիտուտը վերջին տարիներին հասել է աննախադեպ հաջողությունների։ «Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ ենք հայտնում գիտության գծով հաղթող ճանաչվելու մասին։ Թերեւս ավելի ակնկալելի էր էլեկտրոնային մշակույթի գծով հաղթելու հնարավորությունը, քանի որ աշխարհում մեզ առավելապես ներկայացնում ենք որպես մշակութային ազգի, սակայն հաղթեցինք ամենադժվար անվանակարգումՙ ճանաչելի դարձնելով մեր երկիրը որպես գիտական նվաճումների հեղինակի», ասաց նա։

Պրն Չիլինգարյանը նախ խոսեց 21¬րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների դերի ու նշանակության մասին, դրանից բխեցնելով մեր երկրում առկա գիտական ներուժի պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը, ապա մանրամասն ներկայացրեց Արագածի տիեզերական եղանակն ուսումնասիրող իրենց ինստիտուտի կենտրոնի աշխատանքները, որոնք զետեղված են էլեկտրոնային էջում։ Նա նշեց, որ Արագածը իր դիրքով եզակի հնարավորություններ է տալիս տիեզերական եղանակի ուսումնասիրման համար, որից զրկված է որեւէ այլ պետություն։ Հենց դրանով էլ մեր երկիրը մոտ ապագայում կարեւորագույն տեղ կգրավի գիտական ուսումնասիրությունների համաշխարհային ցանցում, քանի որ 1¬2 րոպեների ընթացքում իրենց հաջողվում է տեղեկանալ, թե ինչ է կատարվում տիեզերքում, եւ դրանք անմիջապես տեղադրել էջում, որից էլ բնականաբար կօգտվեն բոլոր հետազոտողները։ Իրենց ստեղծած էլեկտրոնային գիտական էջը պրն Չիլինգարյանը չհամարեց վերջնականորեն ավարտված, շարունակում են զարգացնել ու կատարելագործելՙ հիմնվելով նոր տվյալների վրա։

Ի դեպ, ՄԱԿ¬ի բոլոր անդամ պետությունները ներկայացնող 360 փորձագետներից ժյուրիի անդամ էին ընտրվել 36 պետությունների ներկայացուցիչներ, Հայաստանը եւս ընդգրկված էր։

Գագաթաժողովը հնարավորություն է ընձեռում տարբեր պետություններին բարձր մակարդակով քննարկելու տեղեկատվական արագ զարգացումները, դրանց նետած մարտահրավերները եւ փորձել արդյունավետ ներդրումների ճանապարհ գտնել։ Կմասնակցեն աշխարհի գրեթե բոլոր երկրների պատվիրակությունները, կներկայացվեն առաջնային լուծումներ պահանջող խնդիրները, կհաստատվի մինչեւ 2015 թվականի գործողությունների պլանը, որով կառաջնորդվեն մոտ ապագայում։ Առանձնահատուկ տեղ կհատկացվի ազգային ռազմավարություններին եւ մշակութային բազմազանության պահպանմանը, կկարեւորվեն առանձին երկրների առաջարկ¬ծրագրերը, որոնք արդեն քննարկվել են գագաթաժողովից առաջ հրավիրված կոնֆերանսներում։ Մրցանակը պրն Չիլինգարյանին կտրվի գագաթաժողովի բացմանըՙ դեկտեմբերի 10¬ին։ Ավելացնենք, որ գագաթաժողովի երկրորդ փուլը տեղի կունենա 2005 թ. նոյեմբերի 16¬18¬ը, Թունիսում։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4