«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2003-11-20 | #214, 2003-11-21 | #215, 2003-11-22


ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԱՂ ԱՐՇԱՎԱՆՔ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏՎԵԼ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ-ը հիասթափված է Շեւարդնաձեից, Աբաշիձեն սպառնում է փակել Աջարիայի եւ Վրաստանի սահմանը, Սաակաշվիլին փորձում է տապալել Շեւարդնաձեի վարչակարգը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

Երեկ ծանր օր էր Վրաստանի համար։ Մինչ նախագահ Շեւարդնաձեի եւ Աջարիայի առաջնորդ Աբաշիձեի մի քանի հազար կողմնակիցները շարունակում էին հանրահավաքը խորհրդարանի շենքի առաջ, երեկոյան Արեւմտյան Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի էին ժամանում ընդդիմության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլու հազարավոր կողմնակիցները։ Լուրջ վտանգ կա, որ բախումներ տեղի կունենան կառավարամետ եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ։

Երբ ԱՄՆ-ը երեկ հերթական անգամ դատապարտեց նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, Թբիլիսիում երեկոյան խոսակցություններ տարածվեցին նախագահ Շեւարդնաձեի հնարավոր հրաժարականի մասին։

«Այս պահին կարող եմ ասել, որ մենք (ԱՄՆ) խորապես հիասթափված ենք ընտրությունների արդյունքներից եւ Վրաստանի ղեկավարությունից», ասվում է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ադամ Էրելիի հայտարարությունում։

Նախօրեին Թբիլիսիում Ռուսաստանի դեսպան Վլ. Չխիկվիշվիլին մտահոգություն էր հայտնել Վրաստանի ներքաղաքական զարգացումների մասին, նշելով, որ Ռուսաստանը չի միջամտի երկրի ներքին գործերին։

Երեկ կեսօրին ուշագրավ հայտարարություն արեց Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն, որը վերջին երեք շաբաթներին գրեթե չէր երեւում հեռուստաէկրանին։

«Վրաստանի նախագահի իմիջը վտանգի տակ է։ Վրաստանի եւ մեզ բարեկամ պետությունների հատուկ ծառայություններից ստացվում է տեղեկատվություն, որ Վրաստանն արյունահեղության իրական վտանգի տակ է։ Եթե որեւէ մեկն ապակայունության եւ արյունահեղության օգնությամբ ցանկանում է հասնել իշխանության, ապա նման դիմակայությունը կձգվի տարիներ եւ թող ոչ ոք հույս չունենա, թե կարող է արյունահեղությամբ նվաճած իշխանությունը պահպանել», ասաց Ջափարիձեն։

Վրաստանի իրավապահ ծառայությունների ղեկավարները բացահայտ նշում են, որ եթե Սաակաշվիլու կողմնակիցները փորձեն գրոհել նախագահի նստավայրը, ապա նրանց դեմ գործադրվելու է ուժ։

Սաակաշվիլին նշում է, թե մայրաքաղաք ժամանած իր կողմնակիցները եւ «կատաղած ընտրողները խաղաղ քայլարշավով շարժվելու են Շեւարդնաձեի նստավայրը եւ այնտեղից դուրս շպրտելու դիկտատորին»։

Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թ. Ջափարիձեն երեկ նաեւ հայտարարեց, թե Էդ. Շեւարդնաձեն «տեղեկատվական վակուումի մեջ է» իր իսկ շրջապատի որոշ մարդկանց մեղքով։

«Ուզում եմ դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, մյուս պետություններին։ Ստեղծված իրավիճակում ձեր դիրքորոշումը կարող է լինել վճռական», ասաց Ջափարիձեն։

Մինչ ուշ երեկո Թբիլիսի էին ժամանում Սաակաշվիլու հազարավոր կողմնակիցներ (ավտոմեքենաների շարասյունը ձգվում էր մի քանի կիլոմետր), իսկ իշխանական ուժերը հանրահավաքն էին շարունակում խորհրդարանի շենքի դիմաց, հայտարարությամբ հանդես եկավ Աջարիայի առաջնորդը։ Աբաշիձեն վրացական հեռուստատեսային ալիքներով Բաթումից սպառնաց, որ կփակի ինքնավար հանրապետության եւ Վրաստանի վարչական սահմանը, եթե իրավիճակն էլ ավելի վատթարանա։

Այսօր, շաբաթ օրը, ժամը 16.00-ին նախատեսվում է Վրաստանի նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։ Սպասվում է Էդ. Շեւարդնաձեի ելույթը։

Ավելացնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ Ջավախքի 68 ընտրատեղամասերից 12¬ում անցկացվելու է քվեների վերահաշվարկում։

Սաակաշվիլի. «Թավշյա հեղափոխությունն սկսվում է»

Ուշ երեկոյան «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Մ. Սաակաշվիլին մամլո ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանում սկսվում է «թավշյա հեղափոխությունը»։ Նա ասաց, որ շաբաթ եւ կիրակի օրերին վճռվում է վրաց ժողովրդի, Վրաստանի քաղաքացիների ճակատագիրըՙ Վրաստանը կամ պետք է լինի ազատ, ժողովրդավարական երկիր, կամ պետք է շարունակի ստրկության մեջ մնալ Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի դեսպոտական, հանցագործ վարչակարգի կողմից։

Սաակաշվիլին, դիմելով իշխանություններին, ովքեր իր կուսակցությունից եւ ժողովրդից խլել են «Սաակաշվիլի-ազգային շարժում» դաշինքի քվեները, կոչ արեց մեկ անգամ եւս խորհել։ «Դուք կարող եք իշխանությունը տալ ժողովրդին կամ արյուն թափել», ասաց Սաակաշվիլին, հավելելով, որ երկրորդ ընտրության դեպքում արժանանալու եք վրաց ժողովրդի, Վրաստանի քաղաքացիների, ներկա եւ ապագա սերունդների անեծքին։

Թբիլիսիի Ռուսթավելու փողոցը, Շեւարդնաձեի նստավայրը, Ռուսաստանի դեսպանատունը վերցվել են ուժեղ վերահսկողության տակ։ «Թավիսուփլեգա» հրապարակում սկսել է ընդդիմության բազմահազարանոց ցույցը, իսկ նրանից մոտ 200-300 մետր հեռուՙ խորհրդարանի շենքի դիմաց շարունակվում է Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի կողմնակիցների բազմահազարանոց ցույցը։ Իշխանական եւ ընդդիմադիր հանրահավաքները սահմանազատվում են «Իկարուս» տեսակի ավտոբուսներով, որոնք շարված են փողոցի մեջտեղում։ Մի քանի հարյուր ոստիկաններ պահպանում են հասարակական կարգը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4