«Ազգի» ընթերցողները տեղյակ են, որ պարոտիտի (խոզուկ) պատճառով Լոռու մարզի դպրոցները 3 շաբաթ հարկադիր արձակուրդում էին, իսկ նախադպրոցական եւ արտադպրոցական կրթօջախներըՙ 2 շաբաթ։
Չնայած դեռեւս շատ են հիվանդության դեպքերը, երեկ մարզի դպրոցների մեծ մասում վերսկսվեցին պարապմունքները։
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանից տեղեկացանք, որ հարկադիր արձակուրդը մեկ շաբաթով կշարունակվի Վանաձորի թիվ 10, 27, 30, Դեբեդի, Եղեգնուտի, Ճոճկանի դպրոցներում եւ Վանաձորի թիվ 35 մանկապարտեզում։ Լոռու մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության պետ Կարինե Միրզոյանի ներկայացրած տեղեկության համաձայնՙ հիշյալ կրթօջախներում հիվանդության դեպքերը դեռեւս շատ են, թեեւ նվազման միտում ունեն։
Վերջին մեկ շաբաթում մարզում գրանցվել է պարոտիտի 66 դեպքՙ նախորդ շաբաթվա 90-ի դիմաց։
Պրն Սայադյանը հայտնեց, որ բաց թողնված ժամերը չեն ազդի ձմեռային արձակուրդների վրա (դեկտեմբերի 29-ից մինչեւ 2004 թ. հունվարի 25-ը)։ Ժամերը կլրացվեն դեկտեմբեր, մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում օրական մեկ ժամ հավելյալ պարապմունքներով։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր