«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


ՀՆԴԿԱԿԱՆ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

5 մլն դոլար կներդրվի ոսկերչական ձեռնարկության կառուցման համար

Երեկ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Արամ Վարդանյանը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դեեպակ Վոհրան լրագրողներին ներկայացրին Հայաստան այցելած հնդիկ խոշոր գործարար Հարշադ Մեհտային։ Վերջինս աշխարհի խոշորագույն ադամանդամշակման «Ռոզի բլյու» ընկերության հիմնադիր բաժնետերն է։ «Ռոզի բլյուն» Հայաստանում երկու ձեռնարկություն ունիՙ Թալինի «Դայմոտեքը» եւ Նոր Հաճընի «Լորին»։ Նշվեց, որ այս երկու ձեռնարկություններից արտահանվում է տարեկան 60 մլն դոլարի արտադրանք։

Անդրադառնալով «Ռոզի բլյուի» գործունեությանը, Դեեպակ Վոհրան հայտնեց, որ նրա շրջանառությունը տարեկան 3 մլրդ դոլար է, որն ամենամեծն է այս ոլորտում։ Բացի այդ, աշխարհում 10 ադամանդից 9-ը մշակվում է Հնդկաստանում, որի կեսն էլՙ վերոնշյալ ընկերության կողմից։

«Ռոզի բլյուի» հիմնադիրը Հայաստան է ժամանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հնդկաստան այցելությունից 24 օր հետո, ինչը դեսպանի գնահատմամբ, այդ այցելության հաջողված լինելու վկայությունն է։ Հնդիկ գործարարն այստեղ էր ժամանել նոր ներդրումներ կատարելու կոնկրետ նպատակով։

Ինքըՙ Հարշատ Մեհտան նշեց, որ արդեն 3 տարի իր ընկերությունը գործում է Հայաստանում, բայց հայերի հետ աշխատում է արդեն 30 տարի։ Մինչ այժմ Հայաստանում կատարել է 15 մլն դոլարի ներդրում, որի արդյունքում 1000 աշխատատեղ է ստեղծվել։ Այժմ հնդիկ գործարարը հնարավորություն է տեսնում Հայաստանում ոսկերչական ձեռնարկություն հիմնելու համար։ Այդ նպատակով ներդրվելու է 5 մլն դոլար։ Առայժմ ուսումնասիրվում է, թե որտեղ է նպատակահարմար ձեռնարկության կառուցումը, որից հետո եկող տարվա ընթացքում արդեն կկատարվեն ներդրումները։ Հարշադ Մեհտան եւս նշեց, որ ինքը տպավորված է Հայաստանի նախագահի Հնդկաստանում ունեցած ելույթից, որտեղ նա ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու ներդրումային դաշտը։

Այդուհանդերձ, ավելի անկեղծ գտնվելով, Հնդկաստանի դեսպան Դեեպակ Վոհրան թվարկեց այն հիմնական գործոնները, որոնք հնարավոր են դարձնում այս ներդրումը Հայաստանում։ Դրանք են գործարար բարենպաստ մթնոլորտը, որակյալ եւ էժան աշխատուժը եւ ոսկերչության գործունեության ավանդույթները Հայաստանում։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4