Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը եւ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Ջիմ Մաքյուն երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել համատեղ նշելու Հայաստանի անդամակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների տարածման հատուկ ստանդարտին։
Բացի միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ վերոնշյալ պաշտոնյաներիՙ իրենք իրենց ուղղած բազմաթիվ շնորհակալություններից ու շնորհավորանքներից, տեղեկացանք, որ սա կարեւոր քայլ է մեր երկրի վիճակագրական համակարգը միջազգային ամենախիստ ստանդարտին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ստեփան Մնացականյանը համառոտ (որքան էլ զարմանալի էր) խոսք ասաց, նշելով, որ Հայաստանի «Վիճակագրության մասին» օրենքը համապատասխանում է Եվրամիության չափանիշներին եւ որ ցանկացած շեղում այս չափանիշներից կարող է մեզ դուրս թողնել վերոնշյալ ստանդարտից։ Ասվեց նաեւ, որ Հայաստանն այդ կառույցին անդամակցած 54-րդ երկիրն է, իսկ ԱՊՀ երկրներից երրորդըՙ Ղազախստանից եւ Ուկրաինայից հետո։
Նոր ստանդարտի էությունն առավել մատչելի բացատրեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ այս համակարգի նպատակն է, որ վիճակագրությունից օգտվողները հասկանան, թե ինչ մեթոդոլոգիայից են օգտվում եւ ինչպես կարող են ցուցանիշները համադրել այլ ցուցանիշների հետ։ Շատ հաճախ դրանք չէին համադրվում։ «Այս ստանդարտի կարեւորությունն այն է, որ վիճակագրությունից օգտվողները հասկանում են, թե ինչ տնտեսական երեւույթներ են այդ թվերի հետեւում», ասաց ԿԲ նախագահը։
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը Հայաստանի անդամակցումը նոր ստանդարտին ապացույց համարեց, որ մեզ տրվող վիճակագրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Նա նաեւ առիթից օգտվելով հայտնեց, որ նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 14 մլն դոլարի վարկային տրանշը, որը Հայաստանին տրվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին աջակցելու նպատակով։ Վարկային ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն դոլար է։
Վերադառնալով տվյալների տարածման հատուկ ստանդարտին, Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Ջիմ Մաքյուն նշեց, որ այս համակարգի շնորհիվ Հայաստանն ստանում է տվյալների հավաստիություն։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ