«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2003-11-25 | #217, 2003-11-26 | #218, 2003-11-27


ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ

ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը ընդգրկում էր շուրջ 20 հարց։ Պատգամավորները նախ լրացումներ կատարեցին 3-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրում։ Այնուհետեւ քննարկումներ ծավալվեցին օրակարգային մյուս հարցերի շուրջ։ Մասնավորապես լսվեցին «ԼՂՀ 2003 թ. 9 ամսվա պետական բյուջետային համակարգի» եւ «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» տեղեկատվությունները։ Առաջին հարցը ամբողջությամբ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, իսկ ահա բյուջետային համակարգի մասին հարցը դարձավ բուռն քննարկումների առարկա։ Եղան առաջարկություններ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Անհրաժեշտություն առաջացավ քննարկվող հարցը լրացուցիչ քննության առնել համապատասխան հանձնաժողովում, իսկ որոշ պատգամավորներ նույնիսկ գտան, որ կարելի է քննարկել Վերահսկիչ պալատում։ Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Տարաձայնություններ հարուցեցին «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրինագծերը։ Պատգամավորները նպատակահարմար գտնելով ՀՀ համապատասխան օրենքները տեղայնացնելՙ գտան, որ պետք է ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայողների վրա տարածել հետեւյալ դասային կոչումներըՙ ոչ թե գեներալ-գնդապետ, ինչպես ՀՀ-ում է, այլ գեներալ-լեյտենանտ։ ԼՂՀ նշված համակարգերում, այսպիսով, դասային ամենաբարձր կոչումը կլինի գեներալ-լեյտենանտը։

Համարյա առանց տարաձայնությունների խորհրդարանը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության մասին», «ԼՂՀ ջրային օրենսգրքի», «Սոցիալական ապահովության քարտերի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Փախստականների մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Գույքահարկի մասին», «ԼՂՀ 2003 թ. պետբյուջեից ստացվող ֆինանսական միջոցների օգտագործման մասին» ԼՂՀ օրենքների նախագծերին։

Որոշվեց հանրապետության տարածքում հազվագյուտ, արժեքավոր արդյունաբերական նշանակություն ունեցող առանձին ծառատեսակների հատումների օրինականությունը ստուգող հանձնաժողովի գործունեության արդյունքները քննարկել կառավարությունում։

Վերջում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4