Ստեփանակերտում լույս է տեսել Նաիրա Թամրազյանի հեղինակած «Հայոց լեզվի հարանունների ուղղագրական-բացատրական բառարանը»։ Երեւույթն ավելի նշանակալից է, քան դրա իրադարձային նշանակությունը, որովհետեւ առաջին ագամ, գոնե արցախահայ իրականության մեջ, գիտական լուրջ աշխատություն է գրել սովորական ուսուցչուհին։ Սովորականն այստեղ ընդգծելի էՙ նրա կարգավիճակի առումով. Նաիրա Թամրազյանը Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է։ Մինչդեռ մենք սովոր ենք, կարծես, գիտարժեք գրքեր ակնկալել միայն կոչումավոր հեղինակներից։
Անշուշտ, Արցախում գիտական որոշակի արժեք ներկայացնող գրքեր գրվում ու հրատարակվում են, բայց վերոհիշյալ բառարանի նշանակությունը գնահատելի է հենց բնագավառային առումով։ Բառարանագրությունն այն դժվար ձեռնարկումն է, որը ենթադրում է գրականագիտական եւ լեզվագիտական անսպառ իմացություն։ Գումարածՙ սուր հիշողությունը եւ, իհարկե, ամենօրյա աշխատասիրությունը։ Այս բոլորն ունի Ն. Թամրազյանը, այլապես հնարավո՞ր է հայ գրականության գանձարանից այդքան մեծաթիվ ստեղծագործություններ մեջբերել, ընդգրկելով դասական, ժամանակակից, նաեւ արդի սփյուռքահայ գրողներին, այդ երկերից ընտրել անհրաժեշտ բառերը եւ դարձնել գիտական ուսումնասիրության նյութ։
Բառարանները մի անուրանալի առաքելություն ունենՙ հարստացնում են տվյալ ժողովրդի լեզուն։ Ցավոք, մենք աստիճանաբար օտարախոս ենք դառնում, դա չգիտես ինչու պատճառաբանելով քաղաքակրթության նորամուծություններին ինտեգրվելու անհրաժեշտությամբ։ Ն. Թամրազյանի կազմած բառարանի շուրջ 2086 բառերն իրենց բացատրություններով նույնպես հարստացնում են մեր լեզունՙ վերարժեքավորելով հայերենի բազմադարյան ընթացքը։
Եվ մի մտահոգիչ շեշտադրում. վերոհիշյալ բառարանը դժբախտաբար սակավ հասու է հայաստանաբնակ (եւ ինչու միայն) ընթերցողին։ Առհասարակ, Ստեփանակերտում հրատարակվող գրքերը քիչ են հասնում Երեւան, մինչդեռ նույն երկրում կղզիացած գիտություն կամ գրականություն չի լինում։ Հարկավոր է գտնել գործնական մեխանիզմներ։ Խոստովանենք, դա միայն հեղինակի գործը չէ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ