Ըստ մի սոցհարցման արդյունքների
Գյումրիում կանանց զբաղվածության եւ հարակից խնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական ուսումնասիրություն է իրականացրել այստեղ գործող «Աննա» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Հոլանդական CORDAID կազմակերպության աջակցությամբ շարունակվող «Կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում հարցման են ենթարկվել գլխավորապես աշխատունակ տարիքի 300 կանայք, որոնց 37,8 տոկոսն ունեցել է բարձրագույն, 34,8 տոկոսըՙ միջնակարգ մասնագիտական կրթություն։ Նրանց ընդհանուր թվի 56,7 տոկոսը, ըստ տրված պատասխանների, չի աշխատում։ Չաշխատողների 35 տոկոսի համար դրա պատճառը համապատասխան աշխատատեղերի բացակայությունն է։ Չաշխատելու պատճառների թվում նշվել են նաեւ երեխաների դաստիարակությամբ զբաղվելը (24,7 տոկոս), մասնագիտություն չունենալը (18,5 տոկոս), կնոջ աշխատելուն ամուսնու դեմ լինելը (2,8 տոկոս) եւ այլն։ Իսկ աշխատող կանանց 57,5 տոկոսն է նշել, որ գտել է աշխատանք ըստ մասնագիտության։ Հարցմանը մասնակցած կանանց զգալի մեծամասնությունըՙ 73 տոկոս, կցանկանար հիմնել սեփական գործ, սակայն դրան խոչընդոտում է հիմնականում ֆինանսական միջոցների բացակայությունը։
Հարցվածների կեսից քիչ ավելին նշել են, որ իրենք ընտանեկան բյուջեում որեւէ ներդրում չունեն։ 20,3 տոկոսը իրենց ներդրումը գնահատել են 50 տոկոսից պակաս, 9,5-ըՙ 50 տոկոսից ավելի։ 300 կանանցից 13-14-ի աշխատավարձը կազմում է նրանց ամբողջ ընտանեկան բյուջեն։
Սոցհարցման ենթարկված կանանց 43,7 տոկոսն ունի տարբեր բնույթի առողջական խնդիրներ։
Ասվածին հավելենք, որ կանայք Գյումրիում միշտ գերակշռող մեծամասնություն են կազմում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվում։ Ընթացիկ ամսվա սկզբի տվյալներով էլ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառման կանգնած 28.243 աշխատանք փնտրող քաղաքացիներից 20.500-ից ավելին կանայք են։
Գ. Մ.