Երեկ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայան էր հրավիրել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներինՙ ցույց տալու այստեղ կատարվող վերափոխման եւ արդիականացման աշխատանքները։ Ինչից հետո ընկերության գլխավոր կառավարիչ Մարսելո Վենդեն եւ կոմերցիոն տնօրեն Խուան-Պաբլո Քեչիջյանն առավել մանրամասն ներկայացրին կատարվածն ու կատարվելիքը։
Ամբողջությամբ նորոգվել է VIP (բարձրակարգ սպասարկման) սրահը, գործում է մաքսազերծ խանութը։ Կառուցվել է նոր ճանապարհ, որի շնորհիվ օդանավակայանի շենքին մոտենալուն անհրաժեշտ մի ամբողջ շրջանցիկ ճանապարհ է կրճատվել։ Գործում է 12 գրանցման (ռեգիստրացիոն) սեղաններ, որոնց ավելանալու է 9-ը։ Տեղադրվել է տեղեկատվական համակարգ, որի շնորհիվ ուղեւորները 2 լեզուներով իմանում են թռիչքների եւ ռեգիստրացիայի ժամերը։ Կառուցվել են 2 անցումներ սայլակներով բեռներ տեղափոխելու համար։ Եվ 3 աստիճանավանդակներ են կառուցվում, որոնց շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մեքենայից ուղղակի հասնել գրանցման սեղան։ Մեծացվելու է սպասասրահը, կառուցվում է նոր տանիքը։ Արդեն պատրաստ է նոր նշագծման համակարգի մի մասը։ Կառուցվում են 2 սրճարաններ։ Նորոգվել են աշխատակիցների հանգստյան սենյակները։
Ներկաներին տեսաշարով ցուցադրվեց նաեւ թռիչքադաշտի նախկին եւ ներկա վիճակը։ Այն ամբողջությամբ նորոգվել է, լուսաազդանշանային նոր համակարգ է ներդրվել։ Վերգետնյա սպասարկման համար բերվել են նոր սարքավորումներ։ Մասնավորապես վերջերս հակասառեցման մեքենաներ են բերվել Գերմանիայից։
Անվտանգության մեծ ծրագիր է նախատեսվում իրականացնել։ Կստեղծվի վերահսկողության օպերատիվ կենտրոն, որը կարժենա մոտ 3 մլն դոլար։ Այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով։ Շուրջ 80 տեսախցիկներ են տեղադրվելու օդանավակայանի ամբողջ տարածքում, որոնց միջոցով ամեն ինչ տեսագրվելու եւ պահպանվելու է։
Ինչպես տեղեկացրեց Մարսելո Վենդեն, մինչ այժմ կատարված աշխատանքներն արժեցել են 12 մլն դոլար, որի հիմնական մասն ուղղվել է թռիչքադաշտի նորոգմանն ու լուսաազդանշանային համակարգի տեղադրմանը։ Մինչեւ եկող տարվա մարտը կատարվելիք աշխատանքների համար նախատեսված գումարով հանդերձ, ներդրումների ընդհանուր չափը կկազմի 25 մլն դոլար։ Գլխավոր կառավարիչը նշեց, որ այս ծավալով աշխատանքներ սկզբնապես նախատեսված չէին, բայց դրանց անհրաժեշտությունը կար, քանի որ օդանավակայանի ենթակառուցվածքները շատ վատ վիճակում էին։
Որքա՞ն են կազմելու օդանավակայնի նոր շենքի համար նախատեսված ներդրումները հարցին Մարսելո Վենտեն պատասխանեց, որ գումարային չափ պայմանագրով ընդհանրապես նախատեսված չէ։ Մինչդեռ բոլորս հիշում ենք, որ պայմանագրի կնքման ժամանակ մեր պաշտոնյաները մշտապես շեշտում էին 50 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին։ Պարզվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը։
Գլխավոր կառավարիչը նշեց, որ իրենք պարտավորվել են կառուցել ներկա պահանջներին համապատասխանող, ժամանակակից օդանավակայան։ Երբ կառավարությունը հաստատի նոր օդանավակայանի կառուցման գլխավոր նախագիծը, այն ժամանակ էլ կնշվի ներդրումների չափըՙ եւ կառավարությունը կհսկի ծրագրի կատարումը։ Կարծիք հայտնվեց, որ ամեն դեպքում նոր շենքի կառուցումը 50 մլն դոլարից ավելի կարժենա։ Այդ գումարի մեջ ներառված չեն օդանավակայանի ներկայիս շենքի համար կատարվող ներդրումները։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ