Անցած օրերին Ստեփանակերտի որոշ խանութներում հացի գինը կրկին բարձրացել է, ի բացառյալ «Հացի գործարան» ՓԲԸ-ի վաճառատների, որտեղ վաճառվող հացի գինն առայժմ մնացել է անփոփոխ։ Անցած վեց ամսում սա հացի չորրորդ թանկացումն է։ Սակայն ԼՂՀ մայրաքաղաքում այս օրերին հոլովվող հրատապ թեման ոչ այնքան հացի թանկացումն է, որքան աշխատավարձերի սպասվող բարձրացումը, կամՙ երկուսը միասին։ Թվում է, աշխատավարձերի բարձրացումը պետք է որ միայն դրական արձագանք գտներ բնակչության մոտ, մինչդեռ տարաշերտ քննարկումները առավելապես բացասական վերաբերմունք են արձանագրում։ Ընդ որումՙ այս վերաբերմունքը փաստում են նաեւ Արցախի պետական լրատվամիջոցները վերջին օրերի հեռարձակումներում եւ հրապարակումներում։ Բանն այն է, որ 2004 թ. հունվարի մեկից հանրապետության, այսպես կոչված, առաջին դեմքերի աշխատավարձը բարձրանալու է աննախադեպ չափերով, շատ դեպքերում հատելով 200 հազար դրամ ամսական աշխատավարձի սահմանը։ Դրան զուգընթաց բարձրացող մյուս բյուջետայինների աշխատավարձի չափը, սակայն, այնքան էլ նշանակալի չի լինելու, որովհետեւ ավելանալու է առավելագույնը նախկին աշխատավարձի 45 տոկոսի չափով։ Այս համատեքստում համեմատաբար նվազ են երեւալու կենսաթոշակները։
Աշխատավարձերի նախատեսվող բարձրացման առիթով վերաբերմունքը բնակչության կողմից շատ ավելի զգայական է դրսեւորվում, քան սպասելի էր։ Թերեւս իրավիճակի պարզաբանման անհրաժեշտությամբ կարելի է բացատրել ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի բացառիկ հարցազրույցը, որը նա օրերս տվել է Արցախի հանրային հեռուստատեսությանը։ Վարչապետը, հանգամանորեն վերլուծելով թե՛ հացի թանկացման եւ թե՛ աշխատավարձերի նախատեսվող բարձրացման իրական շարժառիթները, փորձել է հարցազրույցում համոզիչ փաստարկներ բերել դրանց առնչությամբ։
Մասնավորապես, անդրադառնալով հացի հերթական թանկացմանը, Ա. Դանիելյանը նշել է, որ կանխապես պայմանավորվածություն է եղել հացարտադրողների հետՙ գների աճը փոխհամաձայնեցնելու մասին։ Եվ հենց այս փոխհամաձայնությամբ է պայմանավորված այն փաստը, որ անցած ամիսներին ԼՂՀ¬ում հացի գինը ՀՀ-ում գործող գներից ցածր է եղել։ Այս համամասնությունը վերջին մասնակի թանկացումից հետո էլ դարձյալ պահպանվում է, թեպետ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում տնտեսական դաշտն ու շուկան նույնն են։ Այդուհանդերձ, կառավարությունը չի կարող արգելել շուկայական գործընթացները, կամ էլ տարանջատվել հայաստանյան շուկայից։
Վարչապետի գնահատմամբ, գնագոյացման վրա պետության միջամտության դեպքում տուժելու է գյուղացին։ Վերջին հինգ տարում ցորենի գինը ԼՂՀ-ում եղել է անփոփոխ, մինչդեռ այդ ընթացքում էներգակիրները, պարարտանյութերը եւ այլն անհամեմատ թանկացել են։ Ըստ էության, գյուղացին հայտնվել է այնպիսի վիճակում, երբ որոշ տարածքներում նրա ներդրած գումարները չեն փոխհատուցվում, ուստի ցորենի գնաճը նույնպես բնական է։ Հատկանշելի է նաեւ, որ վերջին երկու տարում ԼՂՀ-ում առկա է հացահատիկի արտադրության շոշափելի աճ, ինչը վկայում է այս ոլորտում լուրջ առաջընթացի մասին։ Մյուս կողմից հարց է առաջանումՙ հացի թանկացման դեպքում ինչպես վարվել չունեւոր խավի հետ։ Ելքը ըստ վարչապետի հետեւյալն էՙ կամ դա պիտի փոխհատուցվի, կամ էլ բարձրացվեն աշխատավարձերը, թոշակները եւ պետության կողմից տրվող մյուս վճարները։ Կառավարությունը, Ա. Դանիելյանի հավաստմամբ, այդ բոլոր քայլերն էլ ձեռնարկելու է։
Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը, վարչապետը խոստովանեց, որ այսօր էլ, երբ դեռեւս վերջնականապես որոշված չեն դրանց չափորոշիչները, կա աշխատավարձերի անհամամասնություն։ Խնդիրը դիտարկելով իր օրինակով, Ա. Դանիելյանը նշեց, որ իր ամսական աշխատավարձը ավելին է, քան թոշակառուի միջին թոշակի տարեկան չափը։ Բնականաբար, եկող տարում, երբ տեղի ունենա աշխատավարձերի բարձրացում, խախտվելու է այս համամասնությունը հոգուտ բյուջետային աշխատողի եւ թոշակառուի։ Քանի որ աշխատավարձերի բարձրացումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող կարգի համաձայն, այսինքն սահմանվելու են այնպիսի վճարաչափեր, որպիսիք գոյություն ունեն համապատասխան պաշտոններում, ուստի հանրապետության ղեկավարությունը որոշել է առաջին դեմքերի աշխատավարձերը սահմանել ՀՀ նույն պաշտոնների դրույքաչափերի 80 տոկոսով, իսկ բյուջետային աշխատողներինըՙ լրիվ չափով։ Այն մտայնությունը, թե այսպես կոչված նախարարական աշխատավարձերի բարձրացված գումարաչափով կարելի է զգալիորեն բարելավել թոշակառուների վիճակը, Ա. Դանիելյանը անվանեց անտեղյակություն։ Առաջին դեմքերի աշխատավարձերի ավելացված ընդհանուր գումարը կազմում է 91 մլն դրամ։ Եթե դա բաժանենք թոշակառուների թվի վրա, ապա ամեն մի թոշակառու կստանա ընդամենը 165 դրամ ավելի գումար։ Նույնըՙ հարկային ծառայողների եւ դատավորների պարագայում, որոնք նոր տարվանից պետք է ստանան, համապատասխանաբար, միջինը 90 հազար եւ 160 հազար դրամ ամսավարձ։ ԼՂՀ-ում կա 14 դատավոր. նույն հաշվարկով ավելացված գումարի բաժանումը թոշակառուներին կտա 15 դրամ հավելավճար։ Սա է, Ա. Դանիելյանի բնութագրմամբ, բարձրացված ամբողջ աժիոտաժի իրական գինը։
Ինչ մնում է թոշակների ավելացմանը, ապա միջին կենսաթոշակը ներկայումս գործող 6600 դրամից նոր տարում կհասնի 7880 դրամի։ Նորմալ աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների թոշակը, այսպիսով, կդառնա 10200 դրամ։ Ընդ որումՙ եթե դրանից հանենք ԼՂՀ-ում տրվող 2000 դրամ տարածքային հավելավճարը, ապա ավելացումն ընդգծված կերեւա։
Վարչապետը հայեցակարգային մասով նշեց, որ ընդհանուր առմամբ բյուջետային աշխատավարձերը հանրապետությունում կազմում են 3.5 մլրդ դրամ, թոշակներըՙ շուրջ 4 մլրդ դրամ։ 2004 թ. աշխատավարձերի բարձրանալուց հետո ավելացված գումարի չափը, ըստ Ա. Դանիելյանի, զգալի կլինի։ Օրինակ բերելով կրթության համակարգի աշխատավարձի ընդհանուր ֆոնդը, որը կազմում է 1.5 մլրդ դրամ, նա նշեց, որ այս բնագավառում ավելացումը տեղի է ունենալու 325 մլն դրամի սահմաններում։ Ավելի կոնկրետ, ուսուցչի աշխատավարձը 22 հազար դրամի փոխարեն կազմելու է 31 հազար դրամ, կամ շուրջ 40 տոկոսի աճ։ Մի քիչ ավելիՙ աշխատավարձի 46 տոկոսի աճ արդեն տեղի է ունեցել ընթացիկ տարումՙ մշակույթի բնագավառում։
Առհասարակ, դրական գնահատելով աշխատավարձերի ու թոշակների համապարփակ բարձրացումը, ինչը վերջին 5 տարում առաջին անգամ է տեղի ունենում, Ա. Դանիելյանն ընթացիկ եւ գալիք տարվա բյուջեների համադրումից ստացված դինամիկայի հիմամբ համոզմունք հայտնեց, որ կարելի է ամեն տարի առնվազն 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Վարչապետի բացատրությամբՙ մեկ մլրդ դրամի տարեկան աճը եւ ՀՀ-ից ստացվող 500 մլն դրամը թույլ են տալիս ոչ միայն սոցիալական բարելավում ապահովել, այլեւ լուրջ զարգացման նախադրյալներ ստեղծելՙ առաջին հերթին կապիտալ շինարարության ծավալներն ընդարձակելով։ Նա նորանկախ երկրների համար բարձր ցուցանիշ համարեց ԼՂՀ-ում սեփական եկամուտների 143 տոկոսով աճն ընթացիկ տարում։
Վերոհիշյալ թվային փաստարկները բերելովՙ Ա. Դանիելյանը կոչ արեց նախատեսվող սոցիալական բնույթի նախաձեռնությունները գնահատել ոչ թե զգայական, այլ իրատեսական մոտեցմամբ, ճիշտ ըմբռնելու համար իրականության հրամայականները։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ