«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Նոյեմբերի 23¬30¬ը «Ակադեմիա» պատկերասրահում անցկացվում է Հայաստանի նորաձեւության շաբաթ, որի ընթացքում իրենց աշխատանքներն են ցուցադրում ինչպես ճանաչված, այնպես էլ սկսնակ նկարիչ¬մոդելավորողները։ Շաբաթը սկսվել է հայկական տարազի, գորգերի եւ շարունակվել երիտասարդական, սպորտային, լողափնյա, հանգստի, գործնական, այլազգի, ավանգարդ, մանկական, երեկոյան զգեստների ցուցադրությամբ։ Հրավիրված են նաեւ անվանի մոդելյորներ Վրաստանից, Ռուսաստանից, Հոլանդիայից եւ այլ երկրներից։ Շաբաթվա վերջին օրըՙ նոյեմբերի 30¬ին տեղի կունենա մրցանակաբաշխություն, որից առաջ բոլոր մասնակիցները կցուցադրեն մեկական մոդել իրենց հավաքածուներից։

Նորաձեւության շաբաթի մասնակիցներից է նաեւ 23¬ամյա Լիլիթ Ավետիսյանըՙ Ջավախքի Ախալքալաք քաղաքից։ Ավարտելով Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանի դիզայնի բաժինըՙ նա մեկնել է հայրենի քաղաք եւ դասավանդում է տեղի գեղարվեստի դպրոցում։ Նրա հավաքածուի մեջ ընդգրկված են միմիայն ձեռքի կարպետագործ աշխատանքներըՙ կանանց ամենօրյա եւ տոնական հագուստ, որոնք նա սիրով կրում է նաեւ առօրյա կյանքում։ «Հագուստ կարել, գործել ու ասեղնագործել սկսել եմ մանկուց։ Առաջին մոդելներս հագցրել եմ տիկնիկներիս, իսկ համալսարան ընդունվելուց հետոՙ երկրորդ կուրսից, հայկական տարազին ժամանակակից շունչ տալու մեծ ձգտում ունեցա։ Հիմա նորաձեւության բոլոր ոճերում էլ նոր խոսք ասելն ու զարմացնելը շատ դժվար է։ Ես կամենում եմ ազգային գույներով ներկայանալ, որովհետեւ մեր տարազները, զարդանախշերը դեռեւս նորություն են եվրոպական նորաձեւության մեջ։ Ահա թե ինչու դրանք գրավում են ու հատուկ ուշադրության արժանանում», ասում է Լիլիթը։ Հայկական տարազների գույներն ու նախշերը նա 2 ամիս ուսումնասիրել է Ազգային պատկերասրահում։ «Ջավախքի տարազը հիմնականում Էրզրումի, Կարսի տարազն է, պարզապես նախշազարդերը մի փոքր փոխված են։ Սիրում եմ հատկապես վառ գույները եւ միշտ օգտագործում։ Փորձում եմ այնպիսի մոդելներ ստեղծել, որ ազատ ու հաճույքով հագնեն ամեն օր, որ հայկական տարազների յուրօրինակ ձեւերն ու նախշերը դառնան մեր հագուստը զարդարող գրավիչ տարրերը։ Ինձ չի հրապուրում տոնավաճառներում լցված խայտաբղետ ու անճաշակ, սակայն մեզանում այսօր «մոդայիկ» համարվող թուրքական կանացի հագուստը։ Ցավոք, իմ հասակակիցներն ու շատ¬շատերը դրանք հագնում են, որովհետեւ էժան են, մատչելի։ Կարպետը նոր է մտել մեր հագուստի մեջ, վերնիսաժում վաճառվում են մեքենագործ կարպետներից կարված գլխարկներ, ժիլետներ, պայուսակներ։ Իմ հավաքածուի մեջ միմիայն ձեռագործ աշխատանքներս են»։

Լիլիթը հետեւում է նորաձեւության շաբաթներին, նորություններին, երազում է մասնագիտանալ լավագույն վարպետների մոտ ու ստեղծել իր սեփական սրահը։ «Ախալքալաքում միայն ես եմ կարպետ գործում, ուրիշ մեկին չեմ ճանաչում։ Երեւի պատճառն այն է, որ այնտեղ դա չի կարեւորվում, մտածում են, թե շահութաբեր չէ։ Ձեռներեցներին միայն վառելիքի առեւտուրն է հետաքրքրում, ամենուրեք բենզալցակայաններ են բացվում, իսկ հայկական ինքնատիպ հագուստի ֆաբրիկա բացելը կարծես ոչ մեկին ձեռնտու չէ», ասում է նա։ Սակայն նա չի հուսահատվում, հավատում է իր ուժերին ու շարունակում առաջ գնալՙ նոր հավաքածուներ ստեղծելով։ Գուցե հեռու չէ այն օրը, որ մեր գործարարները կմտածեն նաեւ տեղական հագուստը տեղում մատչելի դարձնելու մասին։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4