«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲԱՆԿԻ 110-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ պատմության եւ նորագույն պատմության արխիվները հրապարակել էին «Հայաստանի պետական բանկի պատմությունը 1893-2003 թթ., փաստաթղթեր» ժողովածուն։ Այստեղ ժամանակագրական կարգով ներկայացված են բոլոր այն դեկրետները, օրենքները, որոշումները, կարգադրությունները, հրամանները եւ այլ իրավական ակտերը, որոնք վերաբերում են Հայաստանում պետական բանկի ստեղծմանը, գործունեությանն ու զարգացմանը։ Ժողովածուն ընդգրկում է մինչխորհրդային (ցարական Ռուսաստանի եւ Հայաստանի առաջին Հանրապետության), խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանները։

Երեւանում պետական բանկի բաժանմունք բացելու թույլտվությունը Ռուսաստանի ֆինանսների նախարար Ա. Վիտտեն տվեց 1893 թ.-ին։ Սկսած 1896 թ.-ից, գրքում ներկայացված են բանկի բոլոր կառավարիչները։ Առաջինն այդ պաշտոնում նշանակվել է Գրիգորի Սմիռնովը։ Բավականին բարդ ժամանակաշրջանում կառավարիչ է եղել Վլադիսլավ Մորավսկին (1916-1921 թթ.)։ Այդ ընթացքում պետբանկի Երեւանի բաժանմունքը նախ վերանվանվեց որպես Հայաստանի Հանրապետության պետական բանկ (1920 թ. հոկտեմբերի 26-ին), ապա ՀԽՍՀ ժողովրդական բանկ (1920 թ. դեկտեմբերի 29-ին), հետո լուծարվեց (1921 թ. օգոստոսի 17-ին) եւ նրա որոշ գործառնություններ փոխանցվեցին ֆինանսների ժողովրդական կոմիսարիատին։ Պետական բանկը վերականգնվեց 1922 թ. մարտի 20-ին, որից մի քանի օր հետո բանկի վարչության նախագահ նշանակվեց Մարտին Սահակյանը։ 1922թ.-ի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ՌՍԽՖՀ պետական բանկի Երեւանի գրասենյակի կառավարիչ է նշանակվել Գրիգոր Ջաղեթյանը։ Այնուհետեւՙ 2 տարի անց Երեւանի գրասենյակը վերանվանվեց ԽՍՀՄ պետբանկի Երեւանի գրասենյակ, 1925 թ.-իցՙ ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակ։ 1929 թ. ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ պետական բանկի հայկական գրասենյակի համար տրամադրվեց տարածք, որտեղ էլ 1930-1933 թթ. ընթացքում կառուցվեց բանկի նոր շենքը (ներկայիս ԿԲ շենքը)։ 1953 թ.-ին պետբանկի հայկական գրասենյակը վերանվանվում է հայկական հանրապետական գրասենյակ, որը 1967 թ.-ին արդեն ուներ 41 մասնաճյուղ։ Հայկական պետբանկի ամենաերկարամյա կառավարիչն է եղել Վլադիմիր Աղասյանըՙ շուրջ 14 տարի։ Նրան հաջորդել է Իսահակ Իսահակյանըՙ 1986-1994 թթ., որի ժամանակ էլՙ 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։ Եվ վերջապես, անկախության շրջանի ՀՀ կենտրոնական բանկի նախագահներ են եղել Բագրատ Ասատրյանը, ապա Տիգրան Սարգսյանը, որն այդ պաշտոնն է վարում առ այսօր։

Ինչպես նշում են ժողովածուն կազմողները, Հայաստանի պետական բանկի պատմությունը ներկայացնող ավելի քան 800 փաստաթղթերից այս ժողովածուի մեջ ընդգրկվել են 334-ը, որի մեծ մասը ՀՀ պատմության, նորագույն պատմության եւ ԿԲ արխիվների եւ միայն 7-ըՙ պարբերական մամուլի ու «Bcnjhbz ujcelfhcndtyyjuj ,fyrf CCCH» փաստաթղթի ժողովածուի նյութերից են։

Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ Կենտրոնական բանկի եւ վերոնշյալ արխիվների աշխատակիցները կարեւոր աշխատանք են կատարել այս ժողովածուն պատրաստելով, ինչն արժանահավատ աղբյուր է Հայաստանի բանկային համակարգի պատմությունն առավել հանգամանորեն ուսումնասիրել ցանկացողների համար։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4