«Չմոռանա՛լ», այս գրությամբ է բացվում «Հայոց ցեղասպանություն» լազերային սկավառակի առաջին էջը, որին հաջորդում է ցեղասպանության քարտեզի, ապա գլխավոր բաժինների ցուցադրությունը։ Դրանք ենՙ ցեղասպանության թանգարան¬ինստիտուտ, հղումներ, փաստագրական նյութեր, armenocide.am, Հայաստանն այսօր, վերապրածների աղյուսակ, հույները Հայոց ցեղասպանության մասին եւ վիդեո բաժիններն իրենց ենթաբաժիններով։ Սկավառակը պատրաստվել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտումՙ նվիրված է Հայոց ցեղասպանության 90¬ամյակին։ Նախագծի ղեկավարն ու համահեղինակը թանգարան¬ինստիտուտի գիտական լրատվության եւ հրատարակությունների ծառայության պետ Ռաֆայել Հարությունյանն է։ Նրա ղեկավարած աշխատակազմը սկավառակի ստեղծման վրա աշխատել է մոտ 1,5 տարի։ Գիտական նյութերը թարգմանել ու խմբագրել է Սաթենիկ Գեւորգյանը, տեսագրել է Հարություն Վալդաթյանը, ձեւավորելՙ Ռուբեն Ավագյանը։
«Armenocide.am¬ը, որը ցեղասպանության մասին ամենագլխավոր ու բովանդակալից էլեկտրոնային էջն է, միայն այս տարվա ապրիլի 24¬30-ը տեղադրվեց ՀՀ արտգործնախարարության armeniadiaspora.com էջում։ Համոզված եմ, որ եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն հաղորդող այս սայթը մշտապես տեղադրվի հանրապետության նախագահի եւ ՀՀ կառավարության պաշտոնական սայթերում, այցելուների թիվը տարեկան 13 հազարից կդառնա 150 հազար», ասում է պրն Հարությունյանը։
Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին լազերային սկավառակի բաժիններում ու ենթաբաժիններում տեղ են գտել թանգարան-ինստիտուտում եղած բոլոր փաստաթղթերը, տարբեր լեզուներով գրքերի տիտղոսաթերթերը, հայ ժողովրդի լավագույն բարեկամների հիշատակին նվիրված միջոցառումներն ու նրանց աճյունասափորների հուղարկավորությունը, հնարավորություն է տալիս ծանոթանալու ցեղասպանությանը նվիրված էլեկտրոնային բոլոր էջերին, ինչպես նաեւ կարդալու Արարատյան դաշտավայրի 4 հազար վերապրածների ցուցակը, որ կազմել է Վերժինե Սվազլյանը։
3 տարի առաջ հույների ստեղծած լազերային սկավառակը, որում առանձին բաժին է հատկացված Հայոց ցեղասպանությանըՙ փաստագրական հարուստ նյութերով ու լուսանկարներով, նույնպես զետեղված է հայկական առաջին սկավառակում։ Վիդեո բաժնում պրն Հարությունյանը տեղադրել է իր իսկ նկարահանած 17 տեսահոլովակները, որոնցում հնչում է բանաստեղծներ Գեւորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի եւ անվանի այլ մարդկանց խոսքը մեր ազգի պատմության ու մշակույթի մասին։ Սկավառակը հարուստ է բազում նյութերով, բացառիկ լուսանկարներով, նաեւ Ժանսեմի գեղանկարներով, որոնք ցուցադրված են ցեղասպանության թանգարանում։ Լազերային սկավառակը թողարկվել է «Դար» հրատարակչությունում, գինը 7500 դրամ է։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ