«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2003-11-29 | #221, 2003-12-02 | #222, 2003-12-03


ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓԱԿ ՊԱՀԵԼ ԴԺՈԽՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Սիրիական հիմնախնդիրները հայ լրագրողի աչքերով

Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաժի Օտրին լրագրողների մեր փոքրիկ խմբին (18 հոգի, հիմնականում արաբական երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, Պակիստանից ու Հայաստանից, ուր մեր երկիրը ներկայացված էր իմ համեստ անձով) մամուլի ասուլիս տվեց իր նստավայրում, նոյեմբերի 16-ին։ Նույն օրը, ավելի վաղ, Դամասկոսի պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ ալ Ասադի նախաձեռնությամբ սկսված Բարենորոգչական շարժման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստըՙ խորհրդային ժամանակներից մեզ ծանոթ մեծ խանդավառությամբ, կառավարության կազմի, Ազգային հայրենասիրական ճակատի մեջ մտնող կուսակցությունների լիդերների եւ այլ բարձրաստիճան անձանց, այդ թվում նախագահ Բաշար ալ Ասադի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ ու որոտընդոստ ծափահարություններով, նաեւ երգերով ընդհատվող ելույթներով։ Ահա այդ հանդիսավոր նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետ Օտրին, պատասխանելով Մերձավոր Արեւելքում հնարավոր նոր պատերազմի հավանականության մասին լրագրողներից մեկի հարցին, բառացիորեն ասաց հետեւյալը. «Իրաքյան պատերազմը արաբական երկրներին նախազգուշացրեց, որ գալիս է իրենց հերթը։ Հիմա ուզում են բացել դժոխքի դարպասներըՙ հարվածել Սիրիային, Իրանին, որպեսզի իրենց հասարակությունների (նկատի ուներ ԱՄՆ-ի գլխավորած հակաիրաքյան կոալիցիան) ուշադրությունը շեղեն այն վիճակից, որի մեջ խրվել են Իրաքում...»։ Այսինքն, Սիրիայի նորանշանակ վարչապետը, որի կառավարությունն ընդամենը 2 ամիս առաջ է կազմվել, չէր բացառում մերձավորարեւելյան նոր պատերազմի հնարավորությունը, թեեւ դա քիչ հավանական էր համարում։ Այնուամենայնիվ, ասես մեր միջոցով աշխարհին ու հնարավոր ագրեսորներին (առաջին հերթինՙ ԱՄՆ-ին ու Իսրայելին) նախազգուշացնելու նպատակով, վարչապետ Օտրին մտազբաղ, կարծես ինքն իրեն եւ ոչ թե մեզ պատասխանելով, ավելացրեց. «Եթե հարձակվենՙ կլինի այնպիսի դիմադրություն, որ հետո ամոթ չլինի նայել աշխարհի աչքերին...»։

Վարչապետից շատ ավելի հանգիստ ու ինքնավստահ տպավորություն թողեց Սիրիայի փոխնախագահ Աբդել Հալիմ Խադդամըՙ ակնհայտորեն մեծ մտահորիզոնի տեր, համաշխարհային եւ մանավանդ տարածաշրջանային իրադարձությունների կանխատեսման ու վերլուծության շնորհքով օժտված ուժեղ մի գործիչ, որի հետ հանդիպել վիճակվեց մեկ օր անց, նոյեմբերի 17-ին, կառավարող կուսակցության «Ալ Բաաս» պաշտոնաթերթի խմբագրության դահլիճում։ Հումորով, փոքրամարմին, հաճելի մարդ էր, 73 տարեկան, որից 58-ը զբաղվել է քաղաքականությամբ։ «Ինչպիսի՞ն են ամերիկա-սիրիական հարաբերություններն այսօր» հարցին փոխնախագահ Խադդամը, համընդհանուր քրքիջի ուղեկցությամբ, պատասխանեց. «Ամերիկյան կողմից չափազա՜նց լարված են...»։ Հանձին փոխնախագահի, մեզ ներկայացավ իր ուժին ու թուլություններին քաջատեղյակ, անելիքները հստակեցրած, ապագայից չվախեցող երկրի ազդեցիկ ղեկավարներից մեկը, որ չէր խուսափում նայել ճշմարտության աչքերին. «Մեր կուսակցությունը սոցիալիստական է, իսկ աշխարհում սոցիալիզմն արդեն չի գործում։ Դրան ինչպե՞ս վերաբերվենք... Կան բաներ, եւՙ ո՛չ միայն տնտեսական ոլորտում, որ մեզ, մեր հասարակությանը վայել չեն, լճացման վկայություն են, դրանց հետ ի՞նչ ենք անելու... Աշխարհում գլոբալիզացման պրոցեսներ են գնում, փորձ է արվում կառուցել միաբեւեռ քաղաքական իրականություն, դրան ինչպե՞ս արձագանքենք...»։ Ըստ իրեն, ներկա մարտահրավերներին դիմակայելու հիմնական ուղիներ են «երկխոսության միջոցով արաբական երկրների համագործակցության ու համերաշխության հաստատումը եւ դրանով իսկՙ արաբական դրության ամրապնդումը, սիոնիստական նախագծի խափանումը եւ իրաքյան պրոբլեմի լուծումը...»։

Բոլոր այն 7 օրերին, նոյեմբերի 14-21-ը, որ ինձ վիճակվեց անցկացնել Սիրիայում, որպես իրենց տեղեկատվության եւ սփյուռքի նախարարությունների պաշտոնական հյուրը, կառավարության անդամներից մինչեւ շարքային տաքսու վարորդի հետ շփումներից հստակորեն զգացվում էր, որ այս երկիրը ե՛ւ կառավարական, ե՛ւ հասարակական մակարդակներով գիտակցում է համաարաբական ազգային շահերը հետապնդելու գործում իր վրա ծանրացած պատասխանատվության ամբողջ լրջությունը. «Սիրիան այժմ դարձել է արաբական աշխարհի գլխավոր ամրոցը... Սիրիան ձգտում է վերականգնել արաբական մշակույթը ոչ միայն իր տարածքում, այլեւ լիբանանյան, պաղեստինյան, նաեւՙ իրաքյան օկուպացված տարածքներում։ Այո, օկուպացված, քանի որ ինչքան էլ իրենք իրենց ազատարար անվանենՙ Իրաքն օկուպացրած բանակներն իրականում օկուպանտներ են։ Եվ թող ոչ ոք չկասկածի, որ արաբ ժողովուրդն աշխարհի բոլոր անկյուններում Իրաքի օկուպացիան ընդունում է իբրեւ ազգային ամոթ։ Արդարացի խաղաղությունը մեր ռազմավարական ընտրությունն է, բայց խաղաղությունն ու օկուպացիան անհամատեղելի են... Մեր երկիրն ամենից ավելի է տուժել միջազգային ահաբեկչությունից, իսկ մեզ փորձում են մեղադրել... ահաբեկչության մեջ։ Բայց այդ ահաբեկչությունն իրե՛նք են ծնել ու սնել (նկատի ունի ԱՄՆ-ը), իսկ հիմա դատապարտում են։ Ընդսմին, չկա ահաբեկչության սահմանումը. մենք միշտ կոչ ենք անում տարբերակել ահաբեկչությունն ազգային ազատագրական պատերազմից։ Իսրայելը տասնամյակներով իրականացնում է պետական ահաբեկչության քաղաքականություն... Մեր գլխավոր նպատակն Իսրայելի բռնազավթած հողերի ազատագրումն է, եւ մենք պատրաստ ենք դրան գնալ երկխոսության ճանապարհով, «տարածքներՙ խաղաղության դիմաց» բանաձեւով...»։ Սրանք պատառիկներ են փոխնախագահ Խադդամի եւ վարչապետ Օտրիի արտահայտած մտքերից, սակայն կարելի է պնդել, որ այս գաղափարները ողջ հասարակության սեփականությունն են, որ սիրիացի ժողովուրդը, իր ամբողջ բազմախայտությամբ, համախմբված ու դաստիարակված է հենց ա՛յս ոգով։ Մեծից փոքր, որքան էլ թերահավատ էին նոր պատերազմի նկատմամբ, չէին բացառում այդ հնարավորությունըՙ շտապելով ավելացնել, որ Սիրիան Իրաք չէ, Սիրիան կդիմադրի մինչեւ վերջ, «եւ եթե չհաղթի էլ, ապա շատ մեծ վնաս կպատճառի ագրեսորներին...»։

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4